Երկրապահ կամավորականների միության նախագահ, ՔՊ-ական Սասուն Միքայելյանը երեկ հայտարարել է, թե մենք հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ պայքարելու, ուստի պետք է գնանք սահմանազատման։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի նախկին տեղակալի հետ, ում խնդրանքով չենք հրապարակում անունը։
-Որքանո՞վ է ՀՀ ԵԿՄ նախագահի այդ հայտարարությունը բխում Հայաստանի շահերից։
-Ես չեմ ուզում ոչ լսել, ոչ էլ մեկնաբանել նրանց արած որեւէ արտահայտություն։ Մեր երկիրը արհեստականորեն տարվում է կործանման։ Ես արդեն պաշտոնաթող եմ, հեռու եմ բանակից ու ԵԿՄ-ից։ Ազգակործանների մասին ոչ ուզում եմ լսել, ոչ էլ պատասխանել։
-Մտադիր չե՞ք վերադառնալ զինված ուժեր։
-Ոչ, ես այս թուրքական ղեկավարության հետ չունեմ ծառայելու։ Բանակը դարձել է երկրի իշխանության գործիքը։ Ես չունեմ թուրքերին ծառայելու։
-Մտահոգվա՞ծ չեք Հայաստանի ճակատագրով։
-Ես արդեն ինֆարկտ եմ ստանում, ամեն օր սպասում եմ, թե երբ պիտի ինֆարկտը տա, պրծնեմ էս երկրից։
-Կարծում եք կրկին պատերա՞զմ կլինի։
-Ինչի` պատերազմն ավարտվե՞լ է։ Այս երկիրն ամեն վայրկյան պատերազմի մեջ է, մի օր բորբոքվում է, մի օր թույլ է։
-Իշխանությունը վստահ է, որ 2026-ի ընտրություններին վերընտրվելու է, ի՞նչ իրավիճակ կլինի։
-Մենք չունենք հայկական իշխանություն, սա թուրքական իշխանություն է։
-Ասում են` նոյեմբերին հնարավոր է իրավիճակը լարվի, ուստի նոր զիջումներ են սպասվում։
-Օպերայում տեսե՞լ եք, թե ինչ են արել՝ կոտրված դռներ, լուսամուտներ, իբրեւ ցուցահանդես է։ Դա ավերված Երեւանի մակետն էր, ռմբակոծված Երեւանի մակետը։
-Իսկ ժողովուրդն ի՞նչ պետք է անի։
-Գլուխը պատին տա, պատն էլ գլխին։ Ինչ արել են, այդ էլ ստանում են։
-Իսկ Դուք այլ առաջնորդ տեսնում ե՞ք, որի հետեւից ժողովուրդը կգնա, եւ երկիրը կհանի այս իրավիճակից։
-Իսկ այս ժողովուրդն առաջնորդի հետեւից գնացող ժողովո՞ւրդ է։ Երբ առաջնորդի հետեւից գնացող կլինի, առաջնորդ կգտնեն։ Էս ժողովուրդն առաջնորդ չի սիրում, սիրում է իրեն խաբող, գցող սրիկա կենդանու։