Հաագայի դատարանի որոշումից հինգ ամիս անց Լաչինի միջանցքը դեռ փակ է։ Հիշեցնենք․ փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի միջնորդությունը, պարտավորեցնելով՝ մինչեւ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն իր ընդունած որոշումը կատարելու վերաբերյալ ժամկետներ չի սահմանել, թեպետ նրա որոշումներն ունեն պարտադիր կատարման բնույթ, սակայն Ադրբեջանը ոչ միայն չի կատարում, այլեւ հունիսի կեսերից ընդհանրապես արգելափակել է Արցախ մտնող բեռները: Միջազգային իրավունքում չկա այնպիսի ինստիտուտ, որը կզբաղվի Միջազգային դատարանի որոշումների կատարման հարցերով։ Միակ մարմինը, որը որոշակի պատասխանատվություն է կրում Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման համար, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեն 5 մշտական անդամները՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը։
Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանի եւ Արցախի քաղաքական շրջանակներից Փաշինյանին հորդորում են՝ Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ որոշման կատարման հարցով դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին։ Երեկվա ասուլիսում էլ պատասխանելով այն հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը չի դիմում ՄԱԿ-ի ԱԽ-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ «Կապի մեջ ենք ՄԱԿ-ի ԱԽ մշտական եւ ոչ մշտական անդամ երկրների հետ: Մենք գտնվում ենք քննարկումների փուլում: ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հարցում ոչ մի դժվարություն չկա, կարելի է մեկ ժամում դիմել ՄԱԿ-ի ԱԽ: Խնդիրն այն է, թե այդ դիմելու արդյունքում որոշում կընդունվի՞, թե՞ ոչ, եւ եթե ընդունվի, ինչ որոշում կընդունվի: Այո, ՄԱԿ-ի ԱԽ-ն Արդարադատության միջազգային դատարանի իմպլեմենտացիոն մարմինն է, բայց նաեւ չմոռանանք, որ նա քաղաքական մարմին է: Մանավանդ նման հարցով ՄԱԿ-ի ԱԽ դիմելու քայլը պետք է բավարար չափով նախապատրաստված լինի, քննարկված լինի անդամ երկրների հետ, ինչը մենք անում ենք»,- ասաց Փաշինյանը:
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ թեպետ ՄԱԿ-ի ԱԽ-ն ինստիտուցիոնալ առումով վճիռների կատարման նկատմամբ վերահսկող մարմին չէ, այդուհանդերձ, անհրաժեշտ է, որ ՀՀ-ն դիմի։ «Օրինակ, եվրոպական գոտում կա այդպիսի՝ վճիռների կատարման վերահսկող մարմին, դա Նախարարների կոմիտեն է։ ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում, Նախարարների կոմիտեում տարեկան չորս անգամ հավաքվում են, կան հստակ աշխատակարգեր, ընթացակարգեր, սկզբունքներ, կանոնագրքի կանոններ եւ այլն, այդ ամենը ՄԱԿ-ում չկա։ Անվտանգության խորհուրդը մեծամասամբ ձեւական առումով է համարվում, որ վերահսկում է, այն էլ՝ միայն այնպիսի գործեր, որոնք շատ մեծ հնչեղություն ունեն․ պետք է լինի ցեղասպանություն, ասենք՝ Բոսնիայի դեպքերը, որ այդ մարմինը որոշում կայացնի։ Իսկ, առհասարակ, չունի ընթացակարգեր, չունի աշխատակազմ, կարող է միայն ընդունել քաղաքական որոշում, դիցուք՝ այս պետությունը չի կատարում որոշումը։ Մյուս խնդիրը քվեարկության կարգն է, չափազանց շատ քննադատված, չափազանց մեծ քաղաքականացված որոշումներ կայացնելու ընթացակարգ է, դրա համար սովորաբար ավելի կարեւոր են կուլիսային բանակցությունները, քան ձեւական նիստը, քանի որ հարցերն այս մարմնում մեծամասամբ լուծվում են կուլիսներում, այն էլ՝ քաղաքական պայմանավորվածությամբ։ Ուստի առավել կարեւոր են դիվանագիտական ջանքերը, դաշնակցային հարաբերությունները, ով ում ձայն կտա, քանի որ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով»,- ասաց Ղազարյանը՝ ընդգծելով, որ Արցախի խնդիրը «մոտենում է» ծայրահեղ դեպքերին:
«Ադրբեջանը դեռ դիմադրում է, սրա-նրա բերանը փակում է, բայց վաղը, երբ մարդիկ սովամահ լինեն, վիճակն ավելի վատթարանա, արդեն կսկսեն Նախարարների կոմիտեն, ԵԽԽՎ-ն եւ այլ կառույցները բանաձեւեր ընդունել։ Բայց ամբողջ գործընթացը լինելու է քաղաքական, ամեն պահի Ռուսաստանը կարող է մեջ ընկնել, ասելով՝ ես այնտեղ զորք ունեմ, ու զորքը պատասխանատու է։ Հիշում եք՝ երկու անգամ քննարկում եղավ, Ռուսաստանը հայտարարեց, որ մենք այնտեղ պահում ենք խաղաղություն, դրանով հարցը փակվում էր»,- ասաց Ղազարյանը։