Հասարակություն

Կեղծիքով սկիզբ կամ կեղծ պայմանագիր

Կեղծիքով սկիզբ կամ կեղծ պայմանագիր

Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանի կողմից համալսարանի սուղ միջոցներից ապօրինաբար օգտվելու խոսակցությունները լրջանում են: Ավելին՝ այդ խոսակցությունները նաև իրավական տեսք են ստանում իր իսկ՝ ռեկտորի մի քանի նոր «բացատրությունների» շնորհիվ, որոնք ավելի շատ բացահայտումների են նման:

«Ձեր աթոռակալությունից մեկ օր առաջ Դուք «հասցրել» եք ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր կնքել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Թումանյանի հետ, որով «վաստակել» եք 384.342 դրամ (դա Ձեր կրճատած և կես դրույքով օրվա հացի գումարն առանց չակերտների վաստակող 12 մարդու ամսական աշխատավարձն է): Ձեր կասկածելի (կասկածողները Moodle ծրագրին մոտ կանգնած բուհի նախկին աշխատակիցներ են) ծառայության դիմաց վարձատրության չափի վերաբերյալ իմ հարցմանն ի պատասխան Դուք գրել եք, թե ծառայության մատուցման չափի համար «որպես հիմք է ծառայել ռեկտորի ամսական աշխատավարձի հաշվարկային դրույքաչափ»: Սա կամ իրավական անգրագիտություն է, կամ աննախադեպ ապօրինություն. այդ երբվանի՞ց է ռեկտորի աշխատավարձը դարձել ինչ-որ ծառայությունների համար «չափման միավոր»»: 

Այս հարցը նախապատրաստել էի՝ ուղարկելու Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռ. Սահակյանին, բայց վերջինս «պատասխանեց» ավելի շուտ, քան կուղարկեի: «Ֆորտունա» մարզային հեռուստաընկերության «Թղթապանակ» հաղորդման ընթացքում (15.08.2020), պատասխանելով լրագրողի՝ գրեթե նույնաբովանդակ հարցին, ռեկտորը որոշ հետաքրքիր մանրամասներ հայտնեց:
Պարզվում է՝ ս/թ մարտի 1-ին ՎՊՀ ռեկտոր ընտրված Ռ. Սահակյանի հաստատումը կառավարության կողմից քանի որ շաբաթներ շարունակ ձգձգվել է, մարդը, որքան էլ «կովերու ու ագարակներու տեր»՝ բիզնեսմեն, այնուամենայնիվ դեմ չի եղել օգտվելու համալսարանի բյուջեից: Եվ քանի որ մարտ ամսին մի քանի անգամ համալսարան է մտել-ելել, վարչական շենքի մինչև երկրորդ հարկ վերուվար արել, նույնիսկ ռեկտորատի նիստեր անցկացրել՝ անհայտ կարգավիճակով, այս «հիմամբ» որոշել է, որ ինքն արժանի է ռեկտորի մի ՉԱՇԽԱՏԱԾ աշխատավարձ գրպանը դնելու (իմա՛ գրպանելու): Փաստորեն Ռ. Սահակյանը առանց ռեկտոր լինելու կատարել է ապօրինի աշխատանք և դրա դիմաց էլ ստացել խորհրդատվական ծառայությունների մատուցման գումար` աշխատավարձին հավասարեցված` խախտելով Գնոմների մասին ՀՀ օրենքը: Եվ ահա, ինչպես Ռ. Սահակյանն է պնդում, այն ժամանակվա ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թումանյանի «առաջարկով» (՞) պայմանագիր է կնքվում Ռուստամ Սահակյանի հետ, որ վերջինս, իբր, Moodle ծրագրի «ներդրման» ծառայություններ է մատուցելու:  Հիշեցնենք, որ Moodle ծրագիրը ՎՊՀ-ում ՆԵՐԴՐՎԵԼ է երկու տարի առաջ, 2019-ին մի խումբ դասախոսներ նույնիսկ վերապատրաստվել են բուհի համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից: (Բուհի պաշտոնական կայքում կարելի է գտնել այդ դասախոսների՝ Moodle ծրագրով աշխատելու վկայականներ ստանալու վերաբերյալ տեղեկությունը՝ ամենայն հանդիսավորությամբ՝ տոնական սեղանով, լուսանկարներով): Հետևաբար բուհը կարիք չուներ այնպիսի մեկի ծառայության, ով առնվազն մասնագիտորեն կոմպետենտ չէր՝ այդ ծրագրին տիրապետելու առումով: Բայց... Moodle-ի նորահայտ «մասնագետի» հետ պայմանագիրը կնքվում է:  Նկատենք, որ պայմանագիրը կնքվում է ծառայությունների «մատուցումից» շատ հետո՝ շաբաթներ անց, ասել է թե՝ հետին թվով՝ ս/թ ապրիլի 1-ին, ինչն ապօրինություն է, իսկ ապրիլի 2-ին Ռ. Սահակյանը պաշտոնապես հաստատվում է բուհի ռեկտոր: 
Վերստին պնդում եմ. սա Գնումների մասին ՀՀ օրենքի խախտում է, ավելին՝ պաշտոնական դիրքի չարաշահում և պաշտոնեական կեղծիք՝ թե՛ բուհի այն ժամանակվա ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի, թե՛ ապագա ռեկտորի կողմից: Իրականում «ըստ պայմանագրի» ոչ մի ծառայություն էլ չի մատուցվել, չկան այդ ծառայությունը մատուցելու վերաբերյալ ակներև փաստ-վկայություններ. պարզապես գտնվել է ձևը կառավարության «մեղքով» «հարկադիր պարապուրդում» գտնվող Ռ. Սահակյանին 386.342 դրամ գումար «փոխանցելու» համար (իսկ դա, հիշեցնենք, բուհի կրճատված կես դրույքով  12 աշխատակցի մեկ ամսվա աշխատավարձն է): Ռ. Սահակյանն այդ գումարը «վաստակել» է կեղծիքով:  
Իսկ թե ինչպե՛ս է բուհի աշխատակազմի շուրջ 10 %-ը կրճատվել ձեռամբ «մերոյ» ռեկտորի՝ հաջորդիվ:
(շարունակելի)

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image