Թալինի ՔՊ-ական համայնքապետ, Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի ընտրացուցակի 61-րդ համար Տավրոս Սափեյանի կողմից նախընտրական փուլում սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել, Թալինում սոցիալական աջակցության անվան ներքո ՔՊ-ն լծվել էր ընտրողներին «կաշառելու» գործին՝ փաստացի չարաշահելով վարչական ռեսուրսը։
Թալինի համայնքապետի գործողություններում ՀՀ ՔՕ-ով նախատեսված արարքը հայտնվել է նաև «Անկախ դիտորդի» տեսադաշտում։ Դանիել Իոաննիսյանն օրեր առաջ հայտարարություն էր արել՝ նշելով, որ «Անկախ դիտորդ» դաշինքում որոշեցին, որ Թալին համայնքի ղեկավարի որոշմամբ համայնքապետարանի կողմից սոցիալական օգնության բաժանումը, իրենց գնահատմամբ, խախտում է ՏԻՄ օրենքի վերաբերելի կարգավորումները և առերևույթ հանցակազմ է պարունակում ՀՀ Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով, եւ ներկայացրել էին հաղորդում։ Դատախազությունից էլ փոխանցել էին, որ հաղորդումը ստացել են, օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները հերթական անգամ օրենքը երկակի են կիրառել․ Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հաղորդումն ու բարձրացված աղմուկը մի կողմ է դրել, եւ որոշել՝ Թալինի քաղաքապետը ոչ մի անօրինական բան չի արել, քրեական վարույթ չի նախաձեռնվելու։ Հակակոռուպցիոն կոմիտեից պարզաբանում ենք փորձել ստանալ, մեզ պատասխանել են, որ հայտարարությամբ հանդես կգան։
ՀԳ. մեր հրապարակումից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն հանդես եկավ պարզաբանմամբ.
«Տեղեկացնում ենք, որ Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել:
Միաժամանակ պարզաբանվում է, որ համայնքի ղեկավարի գործառույթները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով: Անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից կամ որևէ այլ հանգամանքներից՝ պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում համայնքի ղեկավար հանդիսացող անձն ունի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքից և այլ իրավական ակտերից բխող լիազորություններ, որոնք չեն դադարում՝ Ազգային ժողովի ընտրություններում ընտրական ցուցակում՝ որպես թեկնածու ներգրավված լինելու հանգամանքով պայմանավորված: Քննարկվող դեպքում Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը: Այդ կերպ Տավրոս Սափեյանը սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացրել է ոչ թե որպես կուսակցության անդամ կամ պատգամավորի թեկնածու, այլ որպես համայնքի ղեկավար:
Ավելին՝ որոշումները կայացնելու հիմքում դրվել են ոչ թե անձնական դրդապատճառները կամ կուսակցական շահերը, այլ օրենքով սահմանված ընթացակարգերը, այն է՝ քաղաքացիներից ստացված սոցիալական աջակցության վերաբերյալ դիմումները, սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի և կամավոր խնդիրների լուծման նախաձեռնությունն ուսումնասիրող հանձնաժողովի դրական եզրակացությունները, որոնք իրենց հերթին բխել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի և Թալին համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ հաստատված կարգի պահանջներից:
Բացի այդ, հաղորդման և կից նյութերի մեջ, այդ թվում՝ ԶԼՄ հրապարակումներում առկա չէ որևէ տվյալ այն մասին, որ սոցիալական աջակցությունը զուգորդվել է քարոզչությամբ կամ պայմանավորված է եղել ընտրողների կամքի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու հանգամանքով կամ կատարվել է հանրությունից գաղտնի, քողարկված եղանակներով»: