Կառավարության այսօրվա նիստում որոշվեց, որ սեպտեմբերի 1-ից կբարձրանան կենսաթոշակների ու նպաստների չափերը: Նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Համաձայն որոշման` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կդառնա 21,000 դրամ (18,000 դրամի փոխարեն), զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կլինի 20,000 դրամ (18,000 դրամի փոխարեն), նվազագույն կենսաթոշակի չափն էլ 28.600-ից կդառնա 30,500 դրամ:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը` առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար կկազմի 45,000 դրամ (43,000 դրամի փոխարեն),երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար` 35,000 դրամ (33,000 դրամի փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 32,000 դրամ (30,000 դրամի փոխարեն), պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում՝ զինվորական կենսաթոշակի չափը՝ 32,000 դրամ (30,000 դրամի փոխարեն)։
Բարձրացվում է նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 30,500 դրամ (28,600 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչված անձի համար՝ 39,000 դրամ (37,000 դրամի փոխարեն)։