Թումանյանի «Չարի վերջը» կարծես մեր քաղաքական կյանքի համար է գրված։ Աղա աղվեսը ահաբեկում էր, թե ծառը կկտրի, բներ ու փչակներ չի թողնի։ Կկուն վախենում է, կուչ գալիս, խեղճանում։ Բայց ամենահետաքրքիրը հեքիաթի վերջում է. գալիս է մի պահ, երբ վախը դադարում է աշխատել։
Վերջին ութ տարիներին Նիկոլ Փաշինյանի քաղաքական բառապաշարում սպառնալիքները մշտական ներկայություն են ունեցել։ Մեկին՝ ասֆալտին փռել, մյուսին՝ պատին ծեփել, երրորդին՝ քաղաքականապես ոչնչացնել։ Հիմա էլ՝ «ջախջախելու եմ»․ «Կալուգացի՛ օլիգարխ, Ռոբե՛րտ Քոչարյան, Բելառուսացի՛, ջախջախելու եմ, անհատապես ջախջախելու եմ, ու իրենց շոշափուկներին և մետաստազներին ջախջախելու եմ հասցեական, բոլոր հնարավոր միջոցներով»։
Քաղաքական գործիչներին կարելի է քննադատել, մեղադրել, նույնիսկ ամենածանր բառերով բնութագրել։ Բայց ժողովրդավարության մեջ նրանց ընտրողներին «մետաստազների» ու «շոշափուկների» շարքում տեսնելը վտանգավոր սահման է։ Որովհետև այդ պահին թիրախը այլևս ոչ թե քաղաքական վերնախավն է, այլ քաղաքացին, որն օգտվել է իր ընտրության իրավունքից։
Խնդիրն այն է, որ քաղաքական հակառակորդին նկարագրելու համար օգտագործվում է այնպիսի լեզու («մետաստազներ», «շոշափուկներ»), որը ժողովրդավարական մրցակցին ներկայացնում է ոչ թե որպես այլ կարծիք ունեցող քաղաքացիական ուժ, այլ որպես օրգանիզմ, որը պետք է «ջախջախել»։ Այդ «շոշափուկների» մեջ շատերը տեսնում են ոչ թե անանուն մի զանգված, այլ իրենց՝ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներին, որոնց նույնպես հասցեագրված է այդ կոշտ խոսույթը։
Իշխանությանը թվում է, թե դեռ խոսում է այն նույն ժողովրդի հետ, որը պետք է սարսափի հերթական կոշտ արտահայտությունից։ Բայց իրականությունն արդեն այլ է։
Երբ նույն սպառնալիքը կրկնվում է տարիներ շարունակ, այն աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունը։ Մարդիկ այլևս չեն ասում՝ «վա՜յ, չանես»։ Նրանք սկսում են հարցնել՝ «հետո՞»։
Ահա այստեղ է, որ Թումանյանի հեքիաթը վերադառնում է քաղաքականություն։ Կկուն այլևս չի աղերսում աղվեսին։ Նա կանգնում է ու հիշեցնում մի պարզ ճշմարտություն.
Անխիղճ գազան, անկուշտ, ագահ,
Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար։
Այսօր այդ «սարը» պետությունն է։ Եվ որքան էլ որևէ իշխանություն փորձի իրեն նույնացնել պետության հետ, քաղաքացին ավելի ու ավելի հաճախ է ասում. պետությունը ոչ մեկի սեփականությունը չէ։ Այն բոլորինն է։
Գուցե հենց սա է ամենակարևոր փոփոխությունը. ոչ թե այն, որ մարդիկ սիրել կամ չսիրել են որևէ քաղաքական ուժի, այլ այն, որ վախենալը դադարել է աշխատել որպես քաղաքական գործիք։
Երբ դա է տեղի ունենում, ցանկացած «ջախջախելու եմ» սկսում է ավելի շատ խոսել ասողի, քան լսողի մասին։ Կոնկրետ դեպքում Փաշինյանի սպառնալիքը խոսում է իր անվստահ վիճակի մասին։