Քաղաքականություն

«Հրապարակ». Ադրբեջանը հարձակվելիս միշտ ընտրում է այն ուղղությունը, որը խոցելի է՝ որտեղ պաշտպանական համակարգ չունենք

«Հրապարակ». Ադրբեջանը հարձակվելիս միշտ ընտրում է այն ուղղությունը, որը խոցելի է՝ որտեղ պաշտպանական համակարգ չունենք

Սյունիքի Տեղ գյուղի տարածքում այս օրերին կատարվողը կասկած չի թողնում, որ Հայաստանում շուրջ երկու տարի է՝ գաղտնի դեմարկացիայի ու դելիմիտացիայի  գործընթաց է իրականացվում՝ Ադրբեջանի նախագահի նախընտրած սահմաններով։ Հակառակորդի զինուժը մաս-մաս զավթում է ՀՀ սուվերեն տարածքի ռազմավարական բարձունքները եւ դա անում է առանց դիմադրության։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը, գաղտնի պայմանավորվածությունների համաձայն,  թշնամուն է զիջում մեր պետության տարածքները՝ զուգահեռաբար թոզ փչելով հանրության աչքին եւ պարբերաբար հայտարարելով, թե իրենց իշխանության համար ՀՀ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքի պահպանումը կարմիր գիծ է՝ սրբության սրբոց։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում ավելի քան երկու տարի։

Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է մնային այնտեղ, որտեղ ավարտվել էր պատերազմը, սակայն դա չխանգարեց, որ 2020-ի դեկտեմբերին հայկական զինված ուժերը դեպի Հայաստանի Հանրապետության սահման հետ քաշվեին Կուբաթլուի, Զանգելանի շրջանների այն հատվածներից, որոնք շարունակում էին գտնվել հայկական ուժերի վերահսկողության ներքո՝ նոյեմբերի 9-ից հետո։ Արդյունքում, Սյունիքի մարզի մի քանի բնակավայրեր, ինչպես, օրինակ, Արավուս, Որոտան, Շուռնուխ գյուղերը, Կապան քաղաքը, դարձան սահմանամերձ, իսկ Գորիս-Կապան հիմնական ավտոմայրուղու որոշ հատվածներ անցան Ադրբեջանի տիրապետության ներքո։ Նիկոլ Փաշինյանն այս առիթով անհոդաբաշխ պարզաբանում տվեց՝ ընդգծելով, թե խոսք չի գնում դեմարկացիայի-դելիմիտացիայի մասին։ Բանն այն է, որ քաղաքական-հասարակական շրջանակները պատերազմից հետո կոչ էին անում Փաշինյանին՝ ձեւավորել մասնագետներից կազմված հանձնաժողով, որը Հայաստանի կողմից կբանակցի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացում եւ առաջ կտանի մեր շահերը։

Դրանից հետո՝ 2021-ի մայիսի 12-ին, ադրբեջանական զինված խմբավորումներն առանց կրակոցի գրավեցին ՀՀ սուվերեն տարածքում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում գտնվող մի շարք ռազմավարական բարձունքներ՝ զենքի սպառնալիքով, ֆիզիկական ուժով եւ հայհոյանքներով, վատ կահավորված մարտական հենակետերից քշելով-հեռացնելով հայ դիրքապահներին: Միայն Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ Նորաբակ-Քարվաճառ ճանապարհից մինչեւ Մեծ ու Փոքր Ալ լճեր ընկած սահմանային հատվածում, 2021 թ. մայիսին թշնամին, ըստ տարբեր փորձագիտական կենտրոնների հաշվարկի, օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքի առնվազն 32 քառ. կմ տարածք կամ, որ նույնն է՝ 3200 հեկտար տարածություն։ Իսկ Սեւ լճի տարածքում ավելի քան 3 կմ թշնամին մխրճվել էր մեր տարածք։ Ըստ Փաշինյանի գնահատման՝ այստեղ էլ 40-45 կմ տարածքի մասին է խոսքը։

Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերին էլ Ջերմուկում թշնամին ներխուժեց մեր տարածք, 200-ից ավելի զոհ տվեցինք, եւ նորից տարածքներ գրավեցին։ Զուգահեռաբար, Սյունիքի Ներքին Հանդ գյուղի արոտավայրերում դիրքեր վերցրին, եւ գյուղացիներն այժմ անգամ գերեզմանոց չեն կարողանում այցելել։ Ըստ պաշտոնական հայտարարության, «2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ/կմ տարածք»,- մարտի 24-ին Ազգային ժողովում նշել էր Արարատ Միրզոյանը:

Մի քանի օր առաջ ՀՀ-ն տարածքային նոր կորուստներ ունեցավ: Անցած հինգշաբթի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը թեեւ հայտարարեց, որ ՀՀ-ն չունի դիրքային կորուստներ, բայց արդեն երեկոյան ԱԱԾ-ի հայտարարությունից պարզ դարձավ, որ ադրբեջանցիները հերթական առաջխաղացումն են ունեցել՝ խախտելով ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ։ «Չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին՝ ադրբեջանական կողմը սկսել է դիրքավորվել եւ իրականացնել ինժեներական աշխատանքներ: Հայկական կողմի հաշվարկներով, հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել....»,- նշված է հայտարարության մեջ: Խոսքը, մոտավոր հաշվարկներով, շուրջ 60 եւ ավելի հեկտարի մասին է։
Ի դեպ, 2022-ի մայիսին ձեւավորվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով՝ փոխվարչապետերի մակարդակով, թերեւս հանրության աչքին թոզ փչելու համար, թե այդ հանձնաժողովում են քննարկելու սահմանների հարցը, մինչեւ համաձայնության չգան, գործընթացը չի մեկնարկի։ 

Ընդամենը երկու շաբաթ առաջ՝ կառավարության նախանցած նիստում, Փաշինյանը հերթական թատրոնը բեմադրեց, նախ մեջբերեց Ալիեւի խոսքերը, թե Ադրբեջանի նախագահն ասում է, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները եւ համաձայնի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու, հետո էլ հոխորտաց՝ լավ էլ լինելու է պայմանագիր ու լինելու է Պրահայի պայմանավորվածությունների համաձայն, ինչը նշանակում է, որ դեմարկացիա եւ դելիմիտացիա իրականացվելու է Խորհրդային Հայաստանի սահմաններով, այսինքն՝ ներկա սահմաններով։ Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի սուվերեն տարածքը շուրջ երկու տարի է՝ այլեւս 29 հազար 800 ք/կմ չէ, եւ Փաշինյանն այն ամեն օր ավելի է կրճատում՝ նոր տարածքներ զիջելով Ալիեւին։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է Ալիեւի այն հայտարարությունը, որ դեմարկացիա-դելիմիտացիա գործընթացի վերաբերյալ իրենք ունեն իրենց պատկերացումները եւ առաջ են շարժվում դրանով՝ անկախ Հայաստանի կամքից․ «Տպավորությունս այն է, որ արդեն կան հատվածներ, որտեղ գործընթացն իրականացրել են, կան հատվածներ, որոնց վերաբերյալ Ադրբեջանն ունի իր պատկերացումները, իսկ դրանք սկսվում եւ ավարտվում են նրանով, որ Ադրբեջանի համար կան առաջնահերթություններ, դրանք կարեւորագույն բարձունքներն են, որոնք մարտավարական եւ ռազմավարական նշանակություն կարող են ունենալ, եւ Ադրբեջանը հենց այս շրջանակներում է գործընթացն իրականացնում, անկախ նրանից՝ այդ բարձունքները ՀՀ տարածքո՞ւմ են, թե՞ մեկ այլ»։
Աբրահամյանը հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը նման գործընթաց է իրականացրել Սյունիքի մարզի Ծավ, Ներքին Հանդ գյուղերից մինչեւ Գեղարքունիքի մարզի Սոթք-Կութ հատվածներ․ «Ադրբեջանը, ըստ էության, իրականացրել է այդ գործընթացը, ըստ որում՝ պատերազմից անմիջապես հետո, երբ ՀՀ իշխանությունները որոշում չէին կայացրել զինված ուժերը տեղակայելու վերաբերյալ, այսինքն՝ դա եղել է առանց դիմադրության, որից հետո մի քանի անգամ մարտական գործողությունների իրականացմամբ հասել են այն տարածքներ, որոնք հարմար են դիտարկել իրենց ռազմավարական շահի տեսանկյունից»։

«Սահմանի բոլոր այն հատվածները, որոնք ունեն քաղաքական, աշխարհագրական կամ մեկ այլ տեսանկյունից խոցելիություն,  պետք է վերացնել»,- իշխանություններին խորհուրդ է տալիս ընդդիմադիր պատգամավորը։ Ադրբեջանին կանխելու, ըստ նրա, մեկ ճանապարհ կա․ «Այս կամ այն սահմանային հատվածում ինչպիսի ամրաշինական աշխատանք է կատարվում, որովհետեւ Ադրբեջանն այս կամ այն ուղղությամբ հարձակվելիս միշտ հաշվի է առնում, թե հայկական կողմն ինչ պաշտպանական համակարգ ունի, եւ իր համար ընտրում է այն ուղղությունը, որը խոցելի է»։

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, կասկած չունի, որ սահմանների վերաձեւման գործընթաց է իրականացվում։ «Իսկ մեր իշխանություններն ամեն ինչ զիջում են, միայն թե աղմուկ չբարձրանա»,- մեզ հետ զրույցում ասաց նա։ «Ոչխարը, որ ոչխար է, մորթելիս քացի-քացի է անում, սրանք ծրագրված կերպով հանձնում են այն, ինչ Ադրբեջանն ուզում է, իսկ Ադրբեջանն անարգել, առանց մի կրակոցի առաջ է շարժվում բոլոր այն ուղղություններով, որոնցում տեսնում է հնարավորություն»։

Եղիազարյանը ցավով է արձանագրում, որ սպայական կազմում թասիբով մեկը չկա․ «Գոնե տեղ-տեղ ընդդիմանան իշխանությունների հետ քաշվելու եւ հակառակորդին տեղը զիջելու հրամանին, զենքը նրանց մոտ է, գոնե աղմուկ բարձրացնեն, լավ, էդ ռոճիկն ամեն ինչից վե՞ր է, չէ՞ որ հայրենիքն ենք հանձնում։ Բոլորս էլ ապրել ենք ուզում, բայց առանց հայրենիք որտե՞ղ ենք ապրելու»։

Իրական տղամարդկանց այնքան են արժեզրկել, որ նրանց խոսքն այլեւս ոչ մեկի համար նշանակություն չունի, փոխարենը, Եղիազարյանի խոսքով, դավաճանների են հերոսներ դարձրել․ «Արենայում հայտնվել են մարդիկ, ովքեր ճիշտ ժամին, ճիշտ տեղում են հայտնվել, իսկ նրանք այնպիսին են, որ համաձայնել են ձայն չհանել»։ Հրամանատարը կոչ է անում տեղացիներին՝ ինքնապաշտպանական ջոկատներ ձեւավորել եւ պետությանը ստիպել՝ իրենց զենք տրամադրել․ «Ամեն ինչ պետք է պետականորեն արվի, պետությունը՝ ինքը, պետք է ասի՝ վեր կացեք, պաշտպանեք մեր հայրենիքը, զենքը կա, ամեն ինչ կա, բայց չի անում»։

Խնդրին երեկ անդրադարձել է քաղաքագետ Սարո Սարոյանը։ «Ես բազմիցս նշել եմ, որ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի գործընթացը բավական մեծ բեռնվածություն ունի, եւ դեռ պլանային կարգով այդ լուծումները ռուս-թուրքական տանդեմի կողմից պետք է տրվեն Սյունիքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Նախիջեւանի հետ սահմանին ու հատկապես Տիգրանաշենի հատվածում, ինչպես նաեւ՝ Տավուշի մարզի շատ հատվածներում: Այդ ամենը թույլ չտալու մենք մի ճանապարհ ունենք, ու դա կապված է ՀՀ վարչախմբի հեռացման հետ, քանզի մեր դեմ գործում են թշնամի պետությունները՝ իրենց ռեսուրսներով ու պետական լծակներով՝ ձեռքում ունենալով կամակատար Նիկոլին ու նրա թիմին՝ տհասների երեւանյան մանկապարտեզին: Հայ ժողովուրդը դրան դիմագրավել կարող է միայն համապատասխան ռեսուրսներ մոբիլիզացնելով ու պետական լծակներ կիրառելով»,- գրել է նա։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image