Հարցազրույց

«Հրապարակ». Եթե այդ ծրագիրն ընդունվի, Հայաստանը դառնալու է Արեւելք-Արեւմուտք բախման պոլիգոն

«Հրապարակ». Եթե այդ ծրագիրն ընդունվի, Հայաստանը դառնալու է Արեւելք-Արեւմուտք բախման պոլիգոն

«Հրապարակի» զրուցակիցը ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն է։

- Ամերիկյան առաջարկի մասին տեղեկությունների չակերտները բացեց Թուրքիայում ԱՄՆ դեսպանը՝ առաջարկում են 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը, ինչը փաստացի նշանակելու է, որ Հայաստանը տալիս է միջանցքը։ Այս սցենարն ի՞նչ է արժենալու մեզ։

- Նախ, ինձ համար տարօրինակ է, որ ԱԳՆ-ի կամ իշխանության կողմից այդ՝ արդեն ամբողջապես տարածված տեղեկության վերաբերյալ որեւէ բացատրություն չկա՝ ո՛չ հերքում, ո՛չ հաստատում, ինֆորմացիոն առումով քաոս է տիրում։ Ներսից հայտարարում են, որ պետք է արտապատվիրակված ճանապարհ լինի, ԱԳ փոխնախարարը հայտարարել է այդ մասին, որը նշանակում է աութսորսինգ, այսինքն՝ խնդրի սպասարկումը եւ պարտավորությունները հանձնել ուրիշին։ Նշանակում է, որ դու հրաժարվում ես այդ հատվածի պարտավորություններից եւ վերահսկողությունից։ Մյուս կողմից, կառավարությունից ծլնգոց լսվեց, թե չի լինելու այնպիսի բան, որը Հայաստանի տարածքային ամբողջականությունը խարխլում է։ Մենք կարդում ենք ադրբեջանական լրատվամիջոցները՝ լրիվ ուրիշ բան են գրում, եվրոպական լրատվամիջոցները՝ լրիվ ուրիշ, եւ հանկարծ ծլեց այս ամերիկյան տարբերակը` 100 տարվա վարձակալության, որը կրկին հակասում է սրանց։ Այսինքն՝  այս լրջագույն խնդրի շուրջ անգամ իշխանությունը չունի մի տեսակետ, որ հրապարակի։ Պաշտոնական պրոտոկոլի առումով ե՛ւ փոխնախարարը, ե՛ւ վարչապետի խոսնակը ներկայացնում են իշխանությունը, եւ նրանց իսկ ասածները խիստ հակասում են իրար։ Այսինքն, այստեղ խիստ անհրաժեշտություն կա՝ հասարակությանն արագ բացատրելու, էլ չեմ ասում, որ եթե մի փոքր նամուս ունենային իշխանությունները, ապա ԱՄԷ-ում հանդիպումից հետո պետք է բացատրություն տային՝ այնքանով, որքանով թույլատրվում է բանակցությունների ընթացքում ինֆորմացիա տալ ժողովրդին՝ ամբողջական ուրվագծերով, ոչ թե մանրամասներով: Որովհետեւ մանրամասներ չի կարելի, եթե բանակցությունների մեջ ես, բայց չկա որեւէ այդպիսի բան, ինչը մեզ մեկնաբանության հնարավորություն կտա... Այս պայմաններում միշտ պետք է ասել՝ եթե, ապա․․․։ Հիմա, եթե ԱՄՆ-ի առաջարկն ընդունվի, դա ակնհայտ նշանակում է, որ լրջագույն կոնֆրոնտացիա կա Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ։ Դա բացարձակ նոր սկիզբ կարող է դառնալ Չինաստան-Իրան-Ռուսաստան՝ Արեւելքի այս գիգանտ երկրների եւ հավաքական Արեւմուտքի՝ ԱՄՆ-Եվրոպա խմբի միջեւ։ Սա նոր էսկալացիայի կոնկրետ քայլ ու հիմք կարող է դառնալ, որի դաշտը, պլատֆորմը, կոնֆլիկտի կայացման աղբյուրը լինելու է Հայաստանը։ Եթե այդ ծրագիրն ընդունվի, Հայաստանը դառնալու է Արեւելք-Արեւմուտք բախման պոլիգոն։

- Հաշվի առնելով Իրանի կարմիր գծերը, Ռուսաստանի ու Իրանի տարածաշրջանային շահերը, ստացվում է, որ եթե Փաշինյանն այդ առաջարկին համաձայնություն տա, Հայաստանի` գեոպոլիտիկ շահերի բախման ուղիղ կիզակետում հայտնվելու մասին ահազանգերն իրական էին։

- Այո, Հայաստանը դառնում է բախման կետ, եւ եթե այդ ծրագիրը մոտենա իրականացման փուլին, ապա մենք կդառնանք Ուկրաինա-2, եւ դա Արեւմուտքի համար կարելի է համարել հաղթանակ, որովհետեւ նրանք կարող են բացել երկրորդ  հակառուսական ֆրոնտը, ինչը լրջագույն մարտահրավեր կլինի մեր ռազմավարական ընկերոջը, մեր հարեւան, ռազմավարական եւ բնական դաշնակից Իրանին եւ Չինաստանին, որի համար այդ ծրագիրն ամբողջապես մերժելի է։ Այսինքն, Հայաստանը քիթը խոթում է մի տեղ՝ դիտավորյալ գնալով այդ ծրագրին, որի արդյունքում ոչ թե վնասում է սրան կամ օգնում նրան, այլ ինքն է դառնում լուրջ բախումների թատերաբեմ, ինչը կատաստրոֆիկ վտանգներով է լի։ Հայաստանյան քաղաքական ուժերը պետք է շատ լուրջ ու շատ արագ մտածեն, թե ինչի կարող է սա բերել։ Ես ուզում եմ միջանկյալ ասել, որ եթե այս ամենն ամբողջությամբ ճշմարտություն է, եւ մենք այդ նորընծա բառը՝ արտապատվիրակել, իրականացնում ենք, ինչը դրել են քաղաքական շրջանառության մեջ, մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչն է արտապատվիրակվում։

- Եթե հիշենք Փաշինյանի՝ Ստամբուլում արած հայտարարություններն այն մասին, թե ճանապարհ են ուզում, թող գնան-գան, եւ համադրենք այս ինֆորմացիոն հոսքերի ու Աբու Դաբիում հանդիպման գաղտնիության շղարշի հետ, կարո՞ղ ենք եզրակացնել, որ նա տվել է այդ միջանցքի վերաբերյալ համաձայնություն եւ պայմանավորվել է, որ հայկական կողմը դրան այլ անուն է տալու, դիցուք՝ խաղաղության խաչմերուկ։

- Չեմ կարող բացառել։ Քիչ տեղեկություն ունենալու պայմաններում չեմ կարող շատ հեռուն գնացող եզրակացություններ անել, բայց այն, որ 20 հոգանոց պատվիրակություն էր գնացել, այն, որ իսկապես լուրջ պատրաստվել էին, այն, որ եղավ Ռուբիոյի հայտարարությունը՝ դրանից մեկ օր առաջ, չեմ բացառում, որ ամերիկացիների ծրագրում եղել է հենց այդ օրը ստորագրել տալը։ Գործողություններին հեռվից նայելիս երեւում է այդ պատկերը, որ փորձել են այդ ժամանակ ստորագրել տալ։ Զգացողություն, քիչ-միչ ինֆորմացիա ունեմ, որ դրան փորձել են արգելակել Իրանը եւ Ռուսաստանը։ Այսինքն՝ իրականում ընդհատակյա, անդրջրյա պրոցեսներ են գնում, որոնց մասին մենք ոչ մի տեղեկություն չունենք, ինչ-որ խաղեր տակից գնում են, եւ երեւում է դրա բլթբլթոցը՝ արտաքին դրսեւորումները։ Ինձ վախեցնում է եվրոպական լրատվամիջոցների ուրախությունը, որոնք ուղղակի ուրախությունից թպրտում են, թե Հայաստան-Ադրբեջան-Վրաստան ինչ համատեղ հակառուսական շքերթ է տեղի ունենում, եւ Հարավային Կովկասը, ամենայն հավանականությամբ, ռուսական ազդեցությունից դուրս կգա, բազան կհեռանա։ Այսինքն, որ Հայաստանը դառնում է փոքր գործիք Եվրոպայի ձեռքին՝ Ռուսաստանի դեմ հարձակումների համար, դա նրանց դիվանագիտական հաղթանակն է։ Ինչ վերաբերում է մեր շահին, ապա այն ամենը, ինչ մեզ առաջարկում են՝ անվերջանալի պահանջներով, անարժանապատվության շքերթ է։ Խաղաղության պայմանագիր ես չեմ կարող պատկերացնել, եթե այնտեղ չպետք է լինի երկու կետ՝ մեկը մեր տարածքային ամբողջականությունն է, պատկերացնո՞ւմ եք՝ ստորագրվում է խաղաղության պայմանագիր, որի հիմքում ոչ թե խաղաղություն տարածելն է, այլ պատերազմ սկսելու վտանգը։ Այսինքն՝ երբեւէ այդ պայմանագիրը չի կարող աշխատել, եթե այնտեղ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չկա, այլապես դա ոչ թե խաղաղության, այլ պատերազմի նախապատրաստման սկիզբ կարող է լինել, որովհետեւ որեւէ հայ, որեւէ քաղաքական գործիչ չի կարող հանդուրժել, որ Հայաստանի տարածքն Ադրբեջանի տիրապետության տակ է գտնվում, բայց ստորագրում ես խաղաղության պայմանագիր։ Եվ մյուսը, որ մի քիչ բարոյական խնդիր է, բայց քաղաքականության հիմքում պետք է բարոյականությունը լինի, չի կարելի ստորագրել փաստաթուղթ, որտեղ չկա գերիների հարցը։ Այսօր «Հրապարակ»-ում կարդացի, որ Նիկոլը հրաժարվել է դիմել ԱՄՆ նախագահին՝ մեր բանտարկյալների հարցով։ Սա անբարոյականության գագաթն է, ես չեմ պատկերացնում որեւէ մեկի կոտրած ձեռքը, որը ստորագրելու է մի փաստաթուղթ, որի արդյունքում քո քաղաքացիները մնում են թշնամու բանտերում, եւ այդ ստորագրությամբ դու հրաժարվում ես նրանց իրավունքները պաշտպանելուց։ Այս գործընթացները բացարձակ խաղաղության չեն տանում, այդ գործընթացներն անարժանապատվության են տանում, հայի ինքնության նվաստացման են տանում, տանում են պետականության ոչնչացման, ուստի՝ այդ չար ձեռքը հարկավոր է հետ պահել։

- Փաշինյանի մոտիվացիան՝ այս գնով ստանալու փաստաթուղթ, ո՞րն է։

- Իշխանություն պահելը, այս հարցում այլ կարծիք, ենթադրություն չկա։ Թուրքերը, Արեւմուտքը, ԱՄՆ-ն այդ հակառուսական, նույնիսկ հակառեգիոնալ փաստաթղթի արդյունքում հաղթանակ են տոնելու եւ արդյունքում փորձելու են Նիկոլին պահել իշխանության։ Ամենաահավորն այն է, որ առաջիկա ամիսներին տարածվելու է թեզը, թե եթե հանկարծ Նիկոլը չընտրվի, ադրբեջանցիները հարձակման են գնալու։ Սա լինելու է Նիկոլի ընտրությունների լոգոն՝ ժողովուրդ, եթե չեք ընտրում Նիկոլին, Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվում են Հայաստանի վրա։ Հայոց լեզվի բառերը չեն հերիքում՝ այդ գնով իշխանությունը պահելու համար Նիկոլի պատրաստակամությունը նկարագրելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image