Օրեր առաջ Գյումրու նախկին քաղաքապետ, ներկայումս ՏԻՄ ընտրություններին քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին ոստիկանության ծառայության հատուկ ջոկատայինները, բիրտ ուժ կիրառելով, բերման ենթարկեցին՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով: Ժամեր անց Ղուկասյանին ազատ արձակեցին, քանի որ կասկածը չէր հիմնավորվել: Դեպքից օրեր անց էլ կրքերը չեն հանդարտվել: Ղուկասյանը բարկությամբ հայտարարեց, որ կատարվածն իր համար չտեսնված բան էր: 65-ամյա նախկին քաղաքապետին եւ նրա թիկնապահին, որը իր տարեկիցն է, գետնին քարշ տալով էին բերման ենթարկել: Նույն օրը նրա թիկնապահ Տիգրան Սիմոնյանին մարմնական վնասվածքներով, շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխեցին:
Hraparak.am-ը Ղուկասյանի մեկ այլ թիմակիցներից՝ գյումրեցի գործարար Տիգրան Ավագյանից տեղեկացավ, որ հիվանդանոցից ահազանգել են ոստիկանություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին, Ղուկասյանի շահերի փաստաբանը՝ Արամայիս Հայրապետյանը, դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Վարդան Ղուկասյանի եւ Տիգրան Սիմոնյանի ձերբակալումը, ինչպես նաև դիմելու է դատախազություն՝ նրանց մարմնական վնասվածքներ հասցնելու համար քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով:
Տիգրան Ավագյանից հետաքրքրվեցինք՝ դեպքից հետո Վարդան Ղուկասյանի գրասենյակի մերձակայքում քաղաքացիական հագուստով ծպտված ոստիկանական գործակալներ են տեղակայված, որոնք փաստացի խաթարում են գրասենյակի բնականոն աշխատանքը և այնտեղ այցելող քաղաքացիներին հարցուփորձ անելով վախ են ներարկում, ինչ նպատակ են հետապնդում:
«Տապալված օպերացիայից հետո, իշխանությունը ճանապարհներ է փնտրում կաշկանդելու, վախի մթոնոլորտ է ձևավորում մեր համակիրների շրջանակում: Մարդ է գալիս, թե չէ, ցույց են տալիս, թե իբր նկարում են, վախի մթնոլորտ են ստեղծում, քաղաքացին, որ իր հարցերով գալիս է մեզ մոտ, փորձում են այնպես անել, որ կաշկանդվի, ելք ու մուտք չլինի: Բայց սրանք, որ ելնեն երկինք, իջնեն ցած, մեկ է՝ չեն կարող գիտակից, ինքնասիրություն ունեցող մարդու վրա ազդել : Տղավարի, մարդկայնորեն, ճիշտ չի, բռնել, տանել, կլյաուզիա անել: Երկուսն էլ 64-65 տարեկան մարդիկ են, 100կիլանոց մարմիններով էդ երկու տարեց մարդուն քարշ տվեցին գետնին գցեցին, Տիգրանն էլ Ղուկասյանի մանկության ընկերն է, ուռճացրել՝ թիկնապահ են սարքել․․․․: Էն խեղճ դաշնակ տղերքը, հիշում եք էդ դեպքը, իբր տարեցների էին ծեծել, տարան փակեցին․․․ »,-ասաց մեր զրուցակիցը: