Քաղաքականություն

Իսկապես, պաշտպանական ծախսերն ո՞ւմ են պետք

Իսկապես, պաշտպանական ծախսերն ո՞ւմ են պետք

«Հնարավոր է, որ 2026 թվականի պետական բյուջեում պաշտպանական ծախսերի էական ավելացում չլինի կամ ընդհանրապես չլինի»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը։ Կարծում եմ, որ վերջինս բավական լավատեսորեն է արտահայտվել: Ոչ միայն ավելացում չի լինի՝ էլ չասած էական ավելացման մասին, այլ ճիշտ կլինի, որ կատարվի նույնիսկ ծախսերի կրճատում: Որովհետև «իրական Հայաստանի» պարագայում, հաստատված խաղաղության պայմաններում պաշտպանական ծախսերն ընդհանրապես ավելորդ են: Չէ՞ որ Վաշինգտոնում ստորագրված «երկկողմ պլյուս» հռչակագիրը բավարար հիմք է երկրի անվտանգային հարցերի հասցեագրման առումով: Հատկապես որ հայտնի է նաև հասցեատերը. ԱՄՆ, Վաշինգտոն ԿՇ, Սպիտակ Տուն, նախագահ Դոնալդ Թրամփին: 

Ոչինչ, որ հասցեատերն այդ հասցեում մնալու է մինչև 2029 թվականի հունվարի 19-ը: Քանի որ հասցեատիրոջ փոխոխության դեպքում հասցեն, բնականաբար, մնալու է նույնը: Ինչ մնում է պաշտպանական ծախսերի կրճատումից հետո մնացած գումարին, ապա այն, նախ, պետք է առաջին հերթին ուղղվի նախարարի և փոխնախարարների, ԶՈՒ ԳՇ-ի պետի ու տեղակալների, ինչպես նաև ՔՊ-ական այլ բարձր պաշտոն ունեցողների (չշփոթել բարձրակարգության հետ) աշխատավարձերի ու պարգևավճարների ավելացմանը: Իսկ տակը մնացած գումարը կարելի է հավասար չափով բաժանել ՊՆ-ի ու ԶՈՒ-ի աշխատակազմերին ու այլ պաշտոնյաներին: Չմոռանանք, որ որոշակի գումար էլ պետք է առանձնացվի փամփուշտներից իգական սեռի ներկայացուցիչների համար զարդեղեն պատրաստելու նպատակով: Այն, ինչ ծրագրված էր նախքան 44-օրյա պատերազմը, որում «չշշկռվելիք գերագույնի» հրամանատարությամբ կրեցինք խայտառակ պարտություն:

Ի տարբերություն վերը նշված անձի՝ թշնամի երկրի բռնապետ ղեկավարն այլընտրանքային կարծիք ունի խաղաղության վերաբերյալ: Ամենից առաջ հպարտությամբ հայտարարել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, կարելի է ասել, որ ավարտված է և ստորագրված փաստաթղթերը լիովին ապահովում են մեր շահերը»: Պարտված պետության ադեկվատ ղեկավարության առկայության պայմաններում թիվ մեկ պաշտոնյան դրանից հետո ինքնակամ հրաժարական կներկայացներ, և կամ դա կպարտադրվեր նրան: Կպարտադրվեր առաջնային մանդատով օժտված անձանց հավաքի՝ ԱԺ-ի կողմից: Կամ էլ ԶՈՒ ԳՇ-ի ղեկավարության կողմից՝ պետական հեղաշրջման միջոցով: Եվ, վերջապես ժողովրդի կողմից հեղափոխության միջոցով: Բայց քանի որ Հայաստանը աննորմալ պետություն է՝ ոչ ադեկվատ ռազմաքաղաքական էլիտայով ու դրանից շատ չտարբերվող ժողովրդով հանդերձ, նման բան տեղի ունենալ չէր կարող: Ու տեղի չունեցավ:
Վերադառնանք հպարտությամբ լցված թշնամական խոսքին. «Մեր երկիր են մատակարարվել ամենաարդիական անօդաչու թռչող սարքեր և նոր հրետանային համակարգեր։ Ստորագրվել են պայմանագրեր նոր մարտական ինքնաթիռների գնման համար, իսկ եղածները լիովին արդիականացվել են։ Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի, քանի որ աշխարհում իրադարձությունների ընթացքն այնպիսին է, որ անհնար է կանխատեսել, թե վաղը ինչ կլինի։ Մեր անվտանգության երաշխավորը մենք ենք, պետությունը, ժողովուրդը և մեր զինված ուժերը։ Հետևաբար, եթե ինչ-որ մեկի հիվանդ ուղեղում Ադրբեջանի դեմ որևէ սադրանք իրականացնելու միտք ծագի, ապա կարծում եմ՝ նա կրկին կզղջա դրա համար։ Եվ այսուհետ մենք կապրենք որպես հաղթանակած ազգ և հաղթանակած պետություն»։ Ինչպես տեսնում ենք, թշնամին միշտ պատրաստ է պարտության մատնելու նիկոլանմաններին՝ եթե վերջիններս փորձեն ինքնորույն քայլ կատարել: Կամ էլ եթե նույնիսկ չկատարեն, և ընդամենը ցանկություն առաջանա մեջը: 

Չեմ կարող չանդրադառնալ նաև թշնամու մարդատյաց կերպարի ինքնափոխակերպմանը: Այն թշնամու, որի նախնիների մասին ասվում էր. «Այստեղով թուրքեր են անցել, քանզի չորս կողմը սուգ է և ավեր» (Վիկտոր Հյուգո): Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես է բարբարոս ցեղի ղեկավարը ներկայացնում քաղաքակիրթ մեր ազգին: «Մեր գործը ստեղծագործելն է։ Նրանք ավերեցին մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը։ Քելբաջար քաղաքում ոչ մի շենք չմնաց։ Քելբաջարի ոչ մի գյուղում ոչ մի շենք չմնաց։ Դա բարբարոսություն էր։ Դա անմարդկային արարք էր, և այն չի կատարվել մեկ կամ տասը մարդու կողմից, այն կատարվել է զանգվածաբար։ Նրանք պետք է զբաղվեն այս հարցերով։ Ի՞նչ հասարակությունում է ապրում Հայաստանը։ Այն հասարակությունում, որը օկուպացիայի ժամանակ կողոպուտը դարձրել է իր եկամտի հիմնական աղբյուրը։ Դա հիվանդ հասարակություն է, և ես բացահայտ եմ խոսում դրա մասին»:
Եվ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հույս ունի, որ նման մեկի հետ կարող է լեզու գտնել: Որպեսզի ինքը պաշտոնին մնա, երկրի տարածքներն էլ մնան Հայաստանի ինքնիշխանության ներքո: Ինչը ֆանտաստիկայի ոլորտից է և համապատասխանում է «Հա՛մ գայլերը կուշտ լինեն, հա՛մ ոչխարները մնան կենդանի» ասացվածքին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image