Լաչինի միջանցքը փակելու քայլով Ադրբեջանն ուզում է քանդել նոյեմբերի 9-ի ճարտարապետությունը, և ՌԴ-ն պետք է մտահոգվի և քայլեր ձեռնարկի իրավիճակը վերականգնելու և համապատասխանեցնելու նոյեմբերի 9-ին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ դրանք ոչնչով չեն տարբերվում Հիտլերի հայտարարություններից։
«Հիտլերն ասում էր, թե պատմականորեն հողերն իրենց են պատկանում և հարձակվում էր հարևան պետությունների վրա։ Ալիևի ձեռագիրը նույնն է»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչու ՌԴ-ն քայլեր չի ձեռնարկում Հայաստանին օգնելու ուղղությամբ, Գրիգորյանը պատասխանել է․
«Ռուսաստանի հետ հարաբերությունները պայմանագրային են։ Բնականաբար, շարունակելու ենք քայլեր ակնկալել, բայց եթե չեն ձեռնարկում, հարց կառաջանա, թե ինչու։
Ինչ վերաբերում է Միութենական պետությանը, այն ամբողջովին ինքնիշխանության խախտում է, Հայաստանի օրակարգում նման բան չկա։ ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացները միանշանակ սահմանափակում են նույնիսկ այդ հարցը քննարկելու հնարավորությունը»,- նշել է Գրիգորյանը։