Քաղաքականություն

«Հրապարակ». Ապրիլի 24-ին միջոցառում չունեն, 23-ին մեծ ցուցադրություն կլինի

«Հրապարակ». Ապրիլի 24-ին միջոցառում չունեն, 23-ին մեծ ցուցադրություն կլինի

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին, ժամը 15:00-ին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կբացվի «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրություն։ Թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանից «Հրապարակը» հետաքրքրվեց՝ արդյոք ցուցադրությանը ներկա լինելո՞ւ է Նիկոլ Փաշինյանը։ Տնօրենը նշեց, որ դրսից պատվիրակություն է գալու, սակայն ՀՀ կառավարության ներկայացուցիչների այցի մասին տեղեկություն չունի։ Պարզ է, որ եթե այցելելու մտադրություն ունենար վարչապետը, կիմանային: Ապրիլի 24-ին որեւէ միջոցառում չի լինելու, թանգարանի տնօրենի պատճառաբանմամբ՝ այդ օրը մարդկանց հոսքը շատ է լինում։  

«Մեծ եւ խոր ցուցադրություն է լինելու, որին կմասնակցեն բարձրաստիճան անձինք, պատվիրակություն է գալու։ Մինչեւ ժամը 8-ը` ապրիլի 24-ին, թանգարանը բաց կլինի»,- ասաց նա՝ հավելելով, որ պատվիրակության անդամներին կներկայացնեն ժամանակավոր ցուցադրություն, որը, ըստ թանգարանի տնօրենի, վերաբերում է շատ երկրների։ Ցուցադրությունում ներկայացված են նաեւ թուրք վավերագրողներ, որոնք իրենց հուշագրություններում, ժամանակի մամուլում, նաեւ դատական գործընթացներով փաստագրել են հայերի դեմ տեղի ունեցած հանցագործությունը: Ցուցադրության մեջ ներկայացված են շուրջ յոթ տասնյակ ականատեսի վավերագրություններ՝ հուշագրություններ, օրագրություններ, զեկուցագրեր, ֆոտո-դոկումենտալ նյութեր, ֆիլմեր եւ այլն: Ականատես-վավերագրողների աշխարհագրությունը ներառում է մի քանի տասնյակ պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Վենեսուելա, Շվեյցարիա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Վատիկան, Նիդերլանդներ, Չեխիա, Լեհաստան, Հնդկաստան, Պարսկաստան, Սիրիա եւ այլն: Այս մարդիկ ամենատարբեր հանգամանքների բերումով Օսմանյան կայսրությունում էին գտնվում այդ շրջանում՝ ականատես դառնալով Հայոց ցեղասպանությանն ու վավերագրելով այն:

Ավելի վաղ գրել էինք, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ, պետական մակարդակով որեւէ հատուկ կազմակերպված միջոցառում չի լինելու։ Ամեն տարվա նման, պետական արարողակարգը կկազմակերպի Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ական վերնախավի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ կդնեն անմար կրակի մոտ եւ վերջ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image