Հասարակություն

Փաշինյանն ակամա փաստեց, թե որքան անխոցելի է Վեհափառը

Փաշինյանն ակամա փաստեց, թե որքան անխոցելի է Վեհափառը

Մայիսից սանձազերծված, որեւէ արդյունքի չհասած փաշինյանական արշավը՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու եւ անձնապես Գարեգին Երկրորդ Վեհափառի դեմ, մինչ այժմ 3 բովանդակային հանգրվան է անցել։ Առաջինը 2025-ի հունիսի 27-ն էր, երբ ուժային հարձակում ձեռնարկվեց Մայր Աթոռի դեմ։ Էջմիածին գործուղվեցին ԱԱԾ եւ ՆԳՆ ուժեր, չի բացառվում՝ Վեհարան ներխուժելու առաջադրանքով։ Սակայն նրանք նույնիսկ Վեհարանի դարպասներին չհասան։ Նրանց դեմ դուրս եկան հոգեւորականությունը եւ ժողովուրդը եւ ոչ միայն ժամեր շարունակ Վեհարանի մուտքերը պատնեշեցին, այլեւ այնքան նախատինք, ամոթանք, նզովք ուղղեցին Փաշինյանի իշխանությանն ու նրա կամակատար ուժայիններին, որ, ի վերջո, ետ քաշվեցին։ Աջապահյան Սրբազանն էլ, թերեւս զուր, նրանց կոչին անսաց եւ ներկայացավ Քննչական կոմիտե։ Ավելի ճիշտ կլիներ՝ չներկայանար, սակայն այդ դեպքում էլ, ԱԱԾ մեկուսարանում գտնվող Բագրատ Սրբազանը գոտեպնդիչ ընկերակցությունից կզրկվեր։

Հայոց եկեղեցու դեմ Փաշինյանի հերձվածողական արշավի երկրորդ հանգրվանը հոկտեմբերին էր, երբ կարգալույծ արված մի նախկին քահանա՝ էությամբ բանսարկու եւ ստահակ, որոշեց, որ, անկախ իր կարգալույծ արվելուց, կարող է Մայր Աթոռին պատկանող եկեղեցում կեղծ պատարագ մատուցել։ Անգամ տեսախցիկների առջեւ զառանցել էր, թե կարող է Հովհաննավանքում 10 հազար հոգի ժողովել։ Եկավ կեղծ պատարագի օրը, եւ ոչ թե կարգալույծ ու ողորմելի Ստեփան Ասատրյան կոչեցյալը, այլ նրան հավասարված Նիկոլ Փաշինյանը, վարչական ռեսուրսի գործադրումով անգամ մի քանի հարյուր մարդ չկարողացան հավաքել Հովհաննավանքում։ Դրոնային նկարահանումներով 7-8 հարյուր մարդ էր հաշվվել, որի 50-60%-ը՝ ոստիկաններ, լրագրողներ, օպերատորներ։ Հաջորդ կեղծ պատարագին նորից Հովհաննավանքում էր Փաշինյանը, բայց հավաքված հանրությունը նախկինի կեսն էլ չկազմեց։ Այդպիսով, Փաշինյանի կիրառած երկրորդ բովանդակային-տակտիկական՝ պառակտելու մեթոդը եկեղեցու դեմ չաշխատեց։ Փաշինյանի կողքին` ընդդեմ եկեղեցու, մի երկու տասնյակ մարդ հազիվ կանգնեց։ Ամեն շաբաթ մի լեռան կատարի հասնելն էլ, ինչ է, թե այնտեղի քահանան համաձայնել է պատարագի խոսքից Վեհափառի անունը զեղչել, Փաշինյանի անելանելի վիճակի վիզուալ արձանագրումն է։ 

Երրորդ հանգրվանը՝ եկեղեցու դեմ Փաշինյանի թշնամական ընթացքում, ամենից երկար հյուսված եւ նենգամիտ տակտիկայի երեւան գալն էր՝ անցյալ շաբաթ, երբ 8 եպիսկոպոսների ստորագրությամբ տարածվեցին ակնհայտորեն ՔՊ-ում գրված կամ խմբագրված հայտարարություններ, իսկ դրվագի գագաթնակետը՝ եպիսկոպոսների՝ կառավարության շենք գնալն ու Փաշինյանի հետ հանդիպելը, որից հետո ամբողջ երկիրը սկսեց հայհոյել ու վիրավորել նրանց։ Ավելի իրազեկները սկսեցին այդ մի քանի եպիսկոպոսի դեմ վարկաբեկիչ, մերկացնող, հանցագործությունների մեջ ամբաստանող տեղեկություններ լցնել համացանց։ Որը` իրական, որը՝ հորինված, բայց, մեծ հաշվով, մանրամասները կամ հանգամանքերը չեն էականը, այլ Վեհափառի հանդեպ անհնազանդություն դրսեւորած եւ Փաշինյանի հետ գործակցության գնացած եպիսկոպոսների հանրային պախարակումն ու քարկոծումը։ Այդ մի քանի եպիսկոպոսների հետ կատարվածը ցույց տվեց, որ հանրության աչքում Փաշինյանն ուղղակի բորոտ է, որի հետ գործակցելը միայն բարոյական, հոգեւոր, քաղաքական մահ է բերում։ 

Ընդսմին, ոչ մի գիտակից մարդ առանձնապես չի կասկածի, որ եպիսկոպոսները բավականաչափ հեռատես եւ խորաթափանց մարդիկ են ու դժվար թե առանց ճնշման Փաշինյանի հետ գործակցելու բարոյական ինքնասպանությանը գնային։ Իսկ Փաշինյանն ի՞նչ ճնշման միջոց կարող է ունենալ եպիսկոպոսների դեմ։ Պարզ է՝ միայն եւ միայն компромат, վարկաբեկիչ տեղեկություններ։ Օրերս մեկի հետ զրուցում էի, ասացի՝ Փաշինյանի հետ հանդիպելու արդյունքում էլ ընդդիմադիր ճամբարից եպիսկոպոսների մասին կոմպրոմատներ հանրայնացրին, վերջնահաշվում նույն արդյունքը եղավ` եպիսկոպոսները ոչինչ չշահեցին։ Զրուցակիցս չհամաձայնեց՝ Փաշինյանը կարող է նաեւ քրեական հետապնդման ենթարկել, ընդդիմադիրները դրա հնարավորությունը չունեն։ Համոզիչ փաստարկ է։ 

Կարեւորն այստեղ, սակայն, ՔՊ-ական թղթերի ներքո ստորագրած եպիսկոպոսները չեն, ոչ էլ նրանց ճակատագիրը, այլ՝ կոմպրոմատի գործոնը։ Պատկերացրեք միայն՝ Նիկոլ Փաշինյանը ողջ իրավապահ համակարգը գործի դնելով՝ կես տարում կարողացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու հարյուրավոր, եթե ոչ աշխարհասփյուռ հազարավոր սպասավորներից ընդամենը մեկ տասնյակի դեմ կոմպրոմատ գտնել եւ շանտաժով գործակցություն պարտադրել։ Դա խոսում է ընդհանրության մեջ Հայաստանյայց առաքելական եկեղեցու սպասավորների նախանձելի բարեպաշտության, օրինավորության եւ անխոցելիության մասին։ Իսկ որ ամենից կարեւորն է, դա խոսում է Վեհափառի անխոցելիության մասին։ Եթե Փաշինյանը հասել է այնտեղ, որ մերձբալթյան երկրների մի եպիսկոպոսով կամ Մայր Աթոռի մի տեսուչով է հետաքրքրվել, ապա որքան ավելի ժամանակ, ջանք ու կիրք է վատնել, որ Վեհափառի դեմ մի, թեկուզ թույլ կոմպրոմատ ձեռք գցի, ու չի կարողացել։ 6-7 ամիս անդադրում ինքնակոտոր լինելով` չի կարողացել։

Դա Փաշինյանի անարգ վարքի արժանի պատիժն է ու տապալումը։ Ինքնաբերաբար՝ նաեւ Գարեգին Երկրորդ Վեհափառի բարձրացումը։ Ի տես աշխարհի փաստվեց, որ Թադեի Աթոռի գահակալն աներեր է եւ անխոցելի, որքան էլ Փաշինյանը նման իրականությունից խենթանա ու պատեպատ զարնվի։ Անհրաժեշտ է, որ հաջորդ շաբաթ Սուրբ Էջմիածնում գումարվող Եպիսկոպոսաց ժողովը Նիկոլ Փաշինյանին եւ իր սերունդներին ուղիղ բանադրի ու նզովի։ Այս ստոր ու անարգ արշավը միայն դրան է արժանի։ 

ՀԳ․ Եկեղեցու թեմայի պարագծում մի դիտարկում էլ՝ Սուրբ Սարգիս եկեղեցի պատարագի գնացած փաշինյանական շրջիկ խմբակի մասին։ ՔՊ-ական վերնախավում այնքան են հեռու քրիստոնեությունից, որ երեւի չգիտեն՝ քրիստոնյաները հազարամյակներով կիրակնօրյա պատարագների գնացել են եւ գնում են լավագույն հանդերձանքով, որովհետեւ ջանում են լինել Աստծո հետ հաղորդվելու տոնին պատշաճող կերպարի, արտաքինի, հոգեվիճակի մեջ։ Ոչ թե գնում են դեկոլտեով կամ քրջուփալասով, ինչպես կիջնեն «հայաթ»․ մեկը՝ շղարշի փոխարեն գլխին շարֆ փաթաթած, մյուսը՝ գույնզգույն водолазка-ով ու ջինսով,  երրորդը՝ տաբատի, կուրտկայի մեջ մտած, ինչպես փողոցի կանաչի վաճառող․․․
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image