Ազգային ժողովի ղեկավարությունը որոշել է ավարտական դասարանների աշակերտների համար «Ամառային դպրոց» բացել եւ երկշաբաթյա դասընթացներ սկսել նրանց համար։ Նոր կյանք մտնող երեխաներին քաղաքագիտության, պետության, քաղաքական գործչի կերպարի, պետության կառավարման ձեւի, արարողակարգի, մարդու իրավունքների եւ այլ թեմաներով առարկաներ պետք է դասավանդեն պատգամավորները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները, տարբեր պաշտոնյաներ, օրինակ՝ մարդու իրավունքների պաշտպանը։
Մեզ ասացին՝ փորձել են այնպես անել, որ մաքսիմալ ապաքաղաքական եւ ապակուսակցական ստացվեն դասընթացները, դրա համար փորձել են ներգրավել ոչ միայն ՔՊ-ականներին, որ չթվա, թե միայն ՔՊ-ի արժեքներն ու գաղափարախոսությունն են դասավանդվելու մատաղ սերնդին, այլեւ ընդդիմադիրներին եւ այլ պաշտոնատար անձանց։ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Ամառային դպրոցի» գաղափարն ԱԺ աշխատակազմինը եւ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանինն է։
Հայտարարության տեղադրումից հետո ստացել են 100-ից ավելի հայտ, մասնակցում են 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտներ, որոնց մեծ մասը Երեւանից է, մյուսները՝ մարզերից։ Դասերը մեկնարկել են այս երկուշաբթի օրվանից, տեւելու են երկու շաբաթ եւ կավարտվեն սեպտեմբերի 1-ին՝ մասնակիցներին հանձնելով հավաստագրեր։
«Դասավանդելու համար կազմակերպիչները դիմել են բոլոր խմբակցություններին, ներկայացրել ենք, թե ինչպիսի առարկաներ են դասավանդվելու, եւ խնդրել ենք իրենց կողմից ներկայացնել համարժեք դասախոսներ, ովքեր կցանկանան այդ դասընթացների վերաբերյալ դասախոսություն անցկացնել։ Օրինակ՝ այսօր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի դասն է, եւ արդեն ավարտվել է ՄԻՊ-ի դասը»,- ասաց Ծ․ Խաչատրյանը։
- Իսկ ընդդիմադիր խմբակցություններից արձագանք եղե՞լ է։
- Այո, «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը պետք է դասավանդի, իսկ «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գեւորգյանն էր համաձայնել, բայց առողջական խնդիրներով պայմանավորված՝ չի կարողանա։
- ՔՊ-ական պատգամավորներից, օրինակ, ի՞նչ պետք է սովորեն այդ երեխաները։
- Յուրաքանչյուր պատգամավոր, ով մտնում է լսարան, կուսակցական պատկանելությունը դնում է մի կողմ, այսինքն՝ դպրոցն ինքնին քաղաքականացված չէ։ Օրինակ՝ էդ երեխաներն ահավոր տեղյակ են ամեն ինչից, շատերը հետեւում են կառավարության նիստերին, Ագգային ժողովի նիստերին, եւ ամենազավեշտալին այն էր, որ երբ առաջին անգամ շենք էին մտնում, տղաներից մի քանիսը միանգամից ասացին՝ «էս ձեր էն վերանորոգված գե՞րբն ա», որի պատճառով ահագին քննարկումներ եղան Ֆեյսբուքում։ Այսինքն՝ իրենք այդքան տեղեկացված են։
- Իսկ այդ երեխաներն այնքան տեղեկացվա՞ծ են, որ իմանան, թե պետության առջեւ ծառացած ինչ խնդիրներ կան, իշխանության վարած քաղաքականությունից տեղյա՞կ են կամ այն մեղադրանքներից, թե իշխանությունն ինչ վիճակի է հասցրել մեր պետությունը։
- Չէ, էսպես ասեմ․ քաղաքական կոռեկտությունը ներլսարանային պայմաններում հասցված է մաքսիմալի, որեւէ աշակերտ կամ մյուս՝ դասավանդող կողմը նման հարցեր չի շոշափում, այսինքն՝ նման սուր հարցեր, որոնք լրագրողներն են սովորաբար տալիս, նման հարցեր չեն շոշափում։ Բայց դասի շրջանակներում իրենց հուզող բոլոր հարցերը հանգիստ տալիս են։
- ՔՊ-ականներից ովքե՞ր եւ ի՞նչ առարկաներ են դասավանդում։
- Քանի որ մեր դասերը նոր են սկսվել, մեր ֆեյսբուքյան էջում յուրաքանչյուր օրվա ավարտին տեղադրվում են դասախոսների եւ ուսանողների լուսանկարներն ու դասավանդված թեմաները։ Արդեն հանդիպում են ունեցել Ալեն Սիմոնյանի հետ, որը քաղաքական գործչի կերպարին առնչվող դաս է անցկացրել, ինքն ընդհանրական գծերով ներկայացրել է, օրինակ, դասագրքերում եղած ճշմարտությունները, թե ինչպիսին պետք է լինի քաղաքական գործիչը։
- Իսկ Ալեն Սիմոնյանը որպես օրինակ բերե՞լ է, որ քաղաքական գործիչը պետք է լինի իր կամ, ասենք, Նիկոլ Փաշինյանի պես։
- Քանի որ դասընթացների վերաբերյալ տեղեկատվությունն արդեն իսկ տրվել է, կխնդրեմ բավարարվել տրվածով։
- Նկատի ունեմ՝ երեխաներն իրենց դասավանդող ՔՊ-ական պատգամավորներին տեսե՞լ են այն կերպարում, որին կարելի է նմանվել։ Թե՞ ճիշտ հակառակը՝ գուցե հակացել են, որ նրանց պես չի կարելի լինել։
- Իրենք դասերի ընթացքում ազատ են, կարող են տալ ամենաքննադատական հարցերը՝ ցանկացած թեմայի շուրջ, այդ թվում՝ կերպարի առումով։ Մնացած մանրամասները չեմ կարող ասել։
- Ալեն Սիմոնյանից բացի էլ ո՞վ է դասավանդել իրենց։
- Երեկ եղել է, օրինակ, Հայկ Կոնջորյանը։
- Իսկ Հայկ Կոնջորյանը, որ մի քանի քաղաքական թիմ եւ ճամբար է փոխել, ի՞նչ է սովորեցրել այդ երեխաներին։
- Չեմ կարող ասել, ինքս դասին ներկա չեմ եղել, բայց երեխաները դրանից հետո գնացել էին նախագահական, հանդիպել էին հանրապետության նախագահի հետ։ Իսկ այսօր առավոտյան, երբ որ ես դիմավորողների մեջ էի ու հարցնում էի՝ արդյոք կա՞ն ձեր մեջ գանգատ ունեցողներ, կամ ի՞նչը պետք է փոխել, որովհետեւ դեռ ուշ չէ՝ դեռ ժամանակ ունենք։ Իրենք որեւէ դասախոսի չնշեցին, որից դժգոհ են։ Նաեւ ասեմ, որ ԱԺ աշխատակազմն էլ է մասնակցում դասապրոցեսին, օրինակ՝ արարողակարգը ներկայացնում է, թե ինչ է իրենից ներկայացնում որեւէ պաշտոնյայի արարողակարգային միջոցառումը։
- Նախաձեռնության հեղինակը՝ Հասմիկ Հակոբյանը, մասնակցե՞լ է դասերին, ի՞նչ դաս է տվել։
- Հասմիկ Հակոբյանն առաջին օրը ներկայացրել է Ազգային ժողովի պատմությունից դրվագներ, եւ, առհասարակ, ինչ է իրենից ներկայացնում այդ պետական կառույցը։ Ես նույնպես դաս ունեմ՝ «Հաղորդակցման հմտություններ» թեմայով։
- Իսկ Վահագն Ալեքսանյանը դաս տալո՞ւ է, ասենք՝ «Ինչպես չհանձնել քննություններ եւ դուրս մնալ բուհից, բայց դառնալ պատգամավոր» թեմայով։
- Չէ, նման բան մենք չունենք։