Մշակույթ

Չեն գնում Հ1 ոչ թե այն պատճառով, որ չեն կարող Պետրոսի հարցերին պատասխանել, այլ չեն ուզում նրա շոուի մասը դառնալ

Չեն գնում Հ1 ոչ թե այն պատճառով, որ չեն կարող Պետրոսի հարցերին պատասխանել, այլ չեն ուզում նրա շոուի մասը դառնալ

Ժողովրդի ճնշման արդյունքում «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին Հանրային հեռուստաընկերությամբ եթեր տրամադրելը, դասախոս, Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի գնահատմամբ, այժմ փորձում են ներկայացնել որպես ժողովրդավարության հաղթանակ, ինչը, անշուշտ, հաղթանակ է, բայց հաղթել է ոչ թե ժողովրդավարությունը, այլ՝ շարժումը, դրանով ցույց տալով, որ իր առջեւ փակ դռներ չկան։ Ինչ վերաբերում է Հանրայինի դերին ու նշանակությանը, թե որքանով է այն այսօր հանրությանը ծառայում, որքանո՞վ է հավասարակշռված, անաչառ հարթակի դեր կատարում, ապա «Այսօրվա Հանրային հեռուստաընկերությունը մեր հասարակությունում մանիպուլյացիա տարածող, իրական պատկերը խեղաթյուրող, հասարակությանը մեր երկրից կտրող գործառույթ ունի։ Իզուր չէ նման ասույթ ձեւավորվել՝ «Հ1-ի Հայաստան», եւ, այո՝ «Հ1-ի Հայաստանն» իրականությանը չհամապատասխանող Հայաստան է, որտեղ իրենք ամեն ինչ ներկայացնում են գունավոր լույսի ներքո, մինչդեռ մենք այսօր ոչ թե սեւ-սպիտակ ենք, այլ ամբողջովին սեւի վերածված երկիր ենք դարձել։ Եթե ուզում ես, որ տրամադրությունդ բարձրանա, շուրջդ իլյուզիա ստեղծես, թե լավ աշխարհում ես ապրում, ամեն օր կարող ես Հ1-ի լուրերը նայել։ Եվ, այո, Հ1-ը ստի կայսրության վերածված մի չարիք է դարձել։ Իսկ երեկվա՝ ուղիղ եթեր տալու քայլը, որ ներկայացնում են իբրեւ ժողովրդավարական Հայաստանի դրսեւորում, պետք է ընդգծել, որ իրենք դա թույլ տվեցին ժողովրդի ճնշման արդյունքում, իսկ այն մարդը, որը խոսում է ժողովրդավարությունից, թող գար՝ ոստիկանների քանակը տեսներ, էլ չասեմ ԱԱԾ-ի մասին։ Այսինքն՝ ակնհայտ է, որ ոչ մի ժողովրդավար երկրի հետ գործ չունենք, կատարվածն ընդամենը ցույց տվեց, որ հասարակության ճնշման արդյունքում Հ1-ի դռները բացվեցին շարժման լիդերների առաջ։ Թե դա իրենք ինչպես կներկայացնեն, որպես ժողովրդավարություն, արդեն երկրորդական է, հուսամ՝ հանրությունը հասկացավ, թե ինչ իշխանության եւ Հանրային հեռուստաընկերության հետ գործ ունի, չէ՞ որ դա մեր միջոցներից սնվող հեռուստաընկերություն է, որն ամեն օր մեզ խաբում է։ Ավելին՝ գուցե նրա ֆունկցիան հենց դա է՝ մեզ խաբել, իրական Հայաստանից կտրել ու տեղափոխել «Հ1-ի Հայաստան», որ մենք ավելի լավ ապրենք։ Գուցե դրա համար ենք նաեւ հարկեր վճարում, որ ինքն իր ծառայությունն իրականացնի»։ Ց․ Ակոպյանն ու սրբազան հոր ուղերձը Հ1-ի եթերում հնչելը համարում է մեծ հաղթանակ, որը պետք է նաեւ սիմվոլիկ լինի այն իմաստով, որ որեւիցե դուռ ժողովրդի առաջ այսուհետ պետք է փակ չլինի։ «Այն, որ ժամանակին իրենք ԱԺ-ի ու նախագահականի դռներն էին բացում, այ, հիմա սա իրական սիմվոլ պետք է լինի, որ ժոովրդի առաջ որեւէ փակ դուռ չպետք է լինի»։

Ց․ Ակոպյանը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում բանավիճել Ժաննա Անդրեասյանի հետ՝ իր եւ իր քաղաքական թիմի պատճառով բարձրագույն կրթության ոլորտում առաջացած քաոսի վերաբերյալ․ «Պատրաստ եմ նույնիսկ բանավեճն անցկացնել Պետրոսի մոդերատորությամբ, այսինքն, «ես՝ մենակ, իրենք՝ երկուսով» ֆորմատով։ Իսկ ընդհանրապես կարծում եմ, որ իրեն հարգող ցանկացած հանրային հեռուստաընկերություն նախ Պետրոս Ղազարյանին պետք է ազատի աշխատանքից, որովհետեւ նա խախտում է բոլոր մասնագիտական, էթիկական կանոնները, թույլ չի տալիս, որ իր հյուրը խոսի։ Ու երբ ասում են, որ ընդդիմադիրները չեն գալիս մեր եթեր, դա նրանից է, որ շատ մարդիկ ուղղակի չեն ուզում գնալ եւ Պետրոսի շոուի մասը դառնալ, այսինքն՝ չեն գնում ոչ թե այն պատճառով, որ չեն կարող նրա հարցերին պատասխանել, այլ չեն գնում՝ նրա շոուի մասը չդառնալու համար։ Ինչպես, ցավոք, մենք տեսանք մի շարք ընդդիմադիր գործիչների պարագայում, որոնք գնացին ու նրա ջրաղացին ջուր լցրեցին։ Չեմ ասի, թե նախկինում Հ1-ը հարյուր տոկոսով եղել է ազատ, բայց ընդդիմադիր խոսք հնչել է եթերում, Հ1-ում եղել են ուրիշ հաղորդումներ, դեբատներ, որին ընդդիմության նաեւ շատ հայտնի դեմքեր են մասնակցել, եւ այն ժամանակ Հ1 գնալը որեւէ ընդդիմադիր գործչի համար փորձություն չի եղել, հակառակը՝ իրենք ուրախացել են, որ իրենց հրավիրել են, իսկ հիմա ընդդիմադիր գործիչները երկար մտածում են՝ գնա՞ն մասնակիցը դառնան այդ շոուին, թե՞ չգնան, որովհետեւ ինքը մարդուն «փչացնելու» մեծագույն վարպետ է դարձել ու իր գործը փայլուն է կատարում»։

Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը եւս անդրադարձել էր Հ1-ի եթերում Բագրատ սրբազանի եւ Պետրոս Ղազարյանի հարցազրույցին։

«Հ1-ի եթերում հարցազրույցները (մանավանդ՝ եթե դրանք տեղի են ունենում Պետրոս Ղազարյանի մասնակցությամբ) այն ֆորմատներն են, որոնք հարմար են գործող իշխանությանը, որտեղ մարդկանց խոսքն իշխանական շահավետ նարատիվների լույսի ներքո է մատուցվում։ Այս տեսանկյունից հանրային ճնշմամբ Հ1-ի ուղիղ եթերում Սրբազանի՝ ուղերձով հանդես գալը կարեւոր հաջողություն էր, քանի որ առաջին անգամ իշխանությանը ոչ հարմար ֆորմատ պարտադրվեց։

Իսկ ինչ վերաբերում է Հ1-ի հարցազրուցային ֆորմատին… Քանի որ երեկ Հանրայինի պատասխանատուների կողմից բողոք հնչեց, թե շատ ընդդիմադիր գործիչներ մերժում են հարցազրույցի առաջարկները, ասեմ, որ Հ1-ի խմբագիրներն ինձ նույնպես քանիցս հրավիրել են Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի, մերժման պատճառները նրանց անկեղծ ասել եմ. նա ընդդիմադիր զրուցակցի հետ զրույցին վերաբերվում է ոչ թե որպես տարբերվող կարծիք վերհանելու հնարավորության, այլ պարզապես զրուցակցին «փչացնելու» հնարավորության։ Դա պարզ երեւում է ոչ միայն հյուրին ընդհատելու, նրա բառերից կառչելու, հարց տալիս կամ մեկնաբանություն անելիս ծաղրական, հեգնական խոսքային կամ դեմքի արտահայտություններ անելու, այլեւ եթերային աշխատանքից դուրս իր «վարպետությունը» քննարկելու ժամանակ (երկու-երեք անգամ Հ1-ի դիմահարդարման բաժնում իմ ականջներով եմ լսել, թե ինչպես էր նա սպասասրահում իր իշխանական հյուրերին հաղթական տոնայնությամբ հարցնում, թե տեսա՞ր՝ «էսինչին» ինչ օրը գցեցի)։

Հ1-ը, այո, ինչպես երեկ ասում էր նրա գործադիր տնօրենը, հանրային ինստիտուտ է՝ 68 տարեկան։ Ու Պետրոս Ղազարյանի նման «մեկնաբանների» աշխատանքի հետեւանքով, ցավոք, այդ ինստիտուտի եթերը վերածվում է էժանագին շոուի, «քուչի բազարի»։

Հ1-ն իրեն աշխատակից է պահում մի մարդու, որը հրապարակավ կեղծիք է թույլ տալիս՝ մարդու խոսքի բովանդակությունը նենգափոխելով, մարդու բառերը կրճատված ձեւով հանրությանը ներկայացնելով (անձամբ ինձ մեկ անգամ թիրախավորել է՝ լեզվական շփոթս մոնտաժելով ու դնելով իր էջին)։

Հ1-ի ցանկացած աշխատակից պետք է իմանա, որ իրեն պատիվ չի բերում Պետրոս Ղազարյանի նման մարդու կոլեգա լինելը։ Հայաստանի հանրային հեռուստատեսությունում իրապես պետք է լինեն անաչառ գործ ու մոտեցում, որ ընդդիմադիր գործիչն այստեղ իրեն զգա տանը, ոչ թե Բաքվում»,- մասնավորապես գրել է նա։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image