Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Արմենպրեսի» պատրաստած նյութի հղումը «Միջազգային հանրապետական ինստիտուտի» կողմից 2022 թվականի հունիսին անցկացված հարցման վերաբերյալ, և ոգեւորությամբ նշել.
«Մեծ ուրախությամբ և պատասխանատվությամբ հայտնում եմ, որ «Միջազգային հանրապետական ինստիտուտի» կողմից 2022 թվականի իրականացված հարցումների արդյունքում Արտակարգ իրավիճակների նախարարությունը մեծ վստահություն է վայելում քաղաքացիների շրջանում և առաջին տեղն է զբաղեցնում պետական գերատեսչությունների շրջանում։ Ըստ հարցման արդյունքների` ԱԻՆ-ը բացարձակ առաջատար է 62% արդյունքով»:
Հետո էլ ավելացրել, թե իրենց ամենօրյա աշխատանքն ուղղված է ի շահ մեր քաղաքացիների և մեր պետության։
Փաստորեն, այս իշխանությունները, որ սովոր են նախկինից մնացած ամեն լավ բան իրենց վերագրել, իսկ ներկայի իրենց մեղքերն ու սխալներն անգամ բարդել նախկինների վրա, այս մի հարցում էլ չեն զլանում ու աներեսաբար փորձում են սեփականաշնորհել ԱԻՆ-ը` որպես նախկիններից մնացած ամենակայացած կառույց: Արմեն Փամբուխչյանը, որ ոչ մի կապ չի ունեցել ու այժմ էլ, նախարար լինելով, մեծ հաշվով` որևէ կապ չունի արտակարգ իրավիճակների հետ, պարզապես բախտի բերմամբ հայտնվել է նախարարի աթոռին, այնպես է ներկայացրել «իրենց ամենօրյա աշխատանքի արդյույքը», ասես` ինքն է կանգնած եղել ԱԻՆ-ի կազմավորման ու կայացման ակունքներում, և հատկապես հենց իր ամենօրյա աշխատանքի արդյունքում է, որ մարդիկ 62 տոկոսով վստահում են ԱԻՆ-ին: Փամբուխչյանը, բնականաբար, մոռացել կամ դիտավորյալ չի հիշում, որ ԱԻՆ-ը այսպիսին է դարձել նախևառաջ ԱԻ երջանկահիշատակ նախարար Արմեն Երիցյանի օրոք, և հենց նրա դրած հիմքերն են, որ իրենց իշխանությունը մինչև հիմա չի կարողանում քանդել, ինչպես քանդել են մյուս կառույցների ու ինստիտուտների հիմքերը: Փոխարենը, հիմա այսպես բացահայտ իրենցով են անում ԱԻՆ-ի փառքն ու համբավը, որը իրենց հետ ոչ մի կապ չունի: