Հարցազրույց

Իրանական հրթիռները կոտրեցի՞ն Իսրայելի Երկաթյա գմբեթի միֆը

Իրանական հրթիռները կոտրեցի՞ն Իսրայելի Երկաթյա գմբեթի միֆը

Իսրայել-Իրան պատերազմի մասին զրուցել ենք քաղաքագետ Դավիթ Հարությունովի հետ:

- Հակամարտությունը թեժ փուլում է: Այս պահի դրությամբ ի՞նչ պատկեր ունենք, ո՞ր կողմն է ավելի արդյունավետ գործում:

- Բնականաբար՝ Իսրայելը, որովհետեւ մինչեւ պատերազմն էլ ու առանց պատերազմի էլ հայտնի էր, որ իրենք ռազմական առումով ավելի ուժեղ են, որովհետեւ ունեն ժամանակակից ռազմաօդային ուժեր: Սկսենք նրանից, որ պատերազմն իր սպեցիֆիկան ունի, քանի որ կողմերն ընդհանուր սահման չունեն, մարտական գործողություններն ընթանում են օդում՝ խոցման օդային միջոցներով: Ինչ-որ փոքր դիվերսիոն սեգմենտ էլ կա, բայց դա գլխավորը չէ: Իսրայելն այս հարցում միշտ առավելություն է ունեցել, որովհետեւ ժամանակակից աշխարհում ամենաուժեղ ռազմաօդային ուժերից մեկն ունի՝ ի տարբերություն Իրանի, որը շատ թույլ օդուժ ունի, հիմնականում զինված է հին ինքնաթիռներով: Իհարկե, Իրանը կոմպենսացնում է դա իր հրթիռային ծրագրերով, բայց դրանց էֆեկտիվությունը միշտ ավելի ցածր է, քան ժամանակակից ինքնաթիռներինը: Եթե նայենք, ապա կտեսնենք, որ Իսրայելի մոտ խոցման ճշգրտությունն ավելի բարձր է, քան Իրանի մոտ: Ծավալներն էլ ավելի մեծ են: Եթե զոհերի քանակը համեմատենք՝ դա հստակ երեւում է: Իհարկե, Իսրայելը չափազանցնում է որոշակի թվեր, ասում են` հրթիռային համակարգերի մեկ երրորդն է խոցված, կարծում եմ՝ այդքան էլ այդպես չէ: Ըստ տեղեկատվության, իսրայելական կողմը հաճախ խոցում է մակետներ, մեկ-մեկ նույնիսկ քաղաքացիական մեքենաների են կրակում՝ կարծելով, թե հրթիռային համակարգեր են: Բացի այդ, Իսրայելի առաջին հարվածը շատ էֆեկտիվ էր, որովհետեւ իրենք օդային հարվածների ու դիվերսիոն գործողությունների համադրմամբ փաստացի ռազմական ղեկավարությանը ոչնչացրին: Իրանն անհամեմատ ավելի մեծ երկիր է, բնակչության քանակն էլ է ավելի մեծ, բայց ռազմական առումով իրենց ՀՕՊ-ն ավելի թույլ է, եւ, ինչպես տեսնում ենք, Իսրայելը հիմնականում արդեն վազանց հարվածներ հասցնում է իրենց տարածքում, ու չնայած Իրանը հայտարարում է, որ խոցել է ինքնաթիռներ, բայց դեռ օբյեկտիվ ապացույցներ չի ներկայացրել: Կարելի է ասել, որ իսրայելական օդուժը կորուստ չի ունեցել մարտական ինքնաթիռների մասով, անօդաչու երեւի շատ են խփել: ՀՕՊ-ն ավելի թույլ է, այսինքն՝ այնտեղ մնում են այդ հրթիռային համակարգերը, ու եթե Իրանը դրանք շատ կիրառի, դրանք ուղղակի կսպառվեն:

- Եվ ի՞նչ կարող է լինել:

- Դժվար է հիմա կանխատեսել, բայց տպավորություն է, որ իրենք ընտրել են Իսրայելի վրա երկարատեւ ճնշման, հյուծման ճանապարհը եւ այդ պայմաններում փորձում են տնտեսել: Եթե ուշադրություն եք դարձրել` առաջին 2-3 օրերին շատ ավելի զոհեր եղան, քան վերջին օրերին: Հրթիռների քանակը կտրուկ նվազել է, որը կիրառում է Իրանը: Այստեղ, Իսրայելի վարկածով` ուղղակի իրենք կորցրել են կարողությունը, բայց դժվար է ասել: Ինձ թվում է՝ իրանցիները պարզապես փորձում են երկարացնել հրթիռների կիրառման ժամկետները՝ հույս ունենալով, որ Իսրայելը, հատկապես քաղաքացիական բնակչությունը, երկար չի դիմանա ճնշմանը:

- Կարո՞ղ ենք ասել, որ փոշիացավ նաեւ Իսրայելի Երկաթե գմբեթի անխոցելիության մասին լեգենդը:

- Գիտեք, այդ լեգենդը ստեղծել են քարոզիչները, որովհետեւ ոլորտին տիրապետողները գիտեն, որ 100 տոկոսանոց էֆեկտիվությամբ ՀՕՊ համակարգ գոյություն չունի: Նույնիսկ ռուսական համակարգերը, որոնք շատ էֆեկտիվ են, նույն խնդիրն է: Եթե չեմ սխալվում՝ Իսրայելի տվյալներով, 440-ն է անցել, այսինքն՝ 10 տոկոսն են խոցել․ դա նորմալ ցուցանիշ է: Այսինքն՝ ակնկալել, որ իրանական հրթիռները 100 տոկոսանոց խոցում կունենան, ռեալ չէ: Բայց Իսրայելը մարդկային կորուստների հարցում շատ զգայուն է, որովհետեւ տասնամյակների ընթացքում չի եղել, որ հենց բուն երկրի տարածքը հարվածի տակ լինի:

- Օդային ճանապարհով Իրանին հաղթել հնարավո՞ր է, թե՞ անհրաժեշտ կլինեն նաեւ հողի վրա գործողություններ:

- Եթե խոսքն Իսրայելի մասին է, դա բացառված է` իրենք չեն կարող դա տեխնիկապես անել եւ ոչ էլ նման խնդիր են դնում գործնականում: Այսինքն՝ մաքսիմում ինչ-որ դիվերսիոն քայլեր են անում, Իրանն էլ իր գործիքակազմով դրա դեմ պայքարում է:

- Իսկ ի՞նչ նպատակ են հետապնդում:

- Իսրայելը հայտնում է, որ միջուկային ծրագրի դեմ է գործողությունը, բայց ավելի շատ ուղղված է Իրանում ապակայունացում ստեղծելուն: Միջուկային ծրագիրն իրենք լիովին չեն կարող ոչնչացնել, որովհետեւ այնտեղ կան օբյեկտներ, որոնք Իսրայելի ռազմաօդային ուժերը չեն կարող ամբողջությամբ ոչնչացնել՝ շատ խորն են գտնվում: Եվ ավելի շատ կենտրոնացել են ռազմաքաղաքական ղեկավարությանը ոչնչացնելու վրա եւ դա չեն էլ թաքցնում` պաշտոնապես էլ են ասել, որ ձգտում են Իրանում իշխանափոխության: Սակայն, քանի որ Իրանում ընդդիմություն չկա գործնականում, գործող իշխանության տապալումը կբերի ոչ թե իշխանափոխության, այլ՝ ուղղակի քաոսի, ապակայունացման: Ես կարծում եմ՝ Իսրայելը դեմ չէ այդ տարբերակին, որովհետեւ իր սահմաններից այդ ամենը հեռու է տեղի ունենալու: Չեմ բացառում, որ այդ նպատակին հասնելու համար ռազմաօդային տարբերակը հնարավոր է արդյունավետ լինի: Նախ պետք է հասկանալ, թե Իրանի ժողովուրդը ոնց է այս ամենին արձագանքում, որովհետեւ երկու սցենար կա՝ կարող է ընդդիմադիր տրամադրություններ ուժեղացնի կամ հակառակը՝ կոնսոլիդացնի հասարակությանը իշխանությունների շուրջ: Երկուսի ազդակներն էլ երեւում են: Օդային ճանապարհով կարող են մաքսիմում վերացնել ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ անիշխանություն ստեղծել Իրանում, եւ դա չի կարելի բացառել: Բացի այդ, Իսրայելն ակտիվ կիբերգործողություններ է իրականացնում, Իրանում բազմաթիվ ենթակառուցվածքային խնդիրներ կան, որը նաեւ պատերազմական քաոսով է պայմանավորված, դա ներքին կյանքն ապակազմալուծում է: Եթե ամեն ինչ այդ սցենարով գնա, ապակայունացումը հնարավոր կլինի առանց որեւէ ցամաքային գործողության: Ինչ վերաբերում է միջուկային ծրագրին, որը հիմա շատ օրակարգային եւ ակտիվ քննարկվող հարց է, չի բացառվում, որ ԱՄՆ-ն միջամտի: ԱՄՆ-ն ունի հզոր ռումբեր՝ շատ խորքային կառույցներ ոչնչացնելու համար, որոնք կարող են կիրառել, որպեսզի միջուկային ծրագրի օբյեկտները ոչնչացնեն: Բայց առանց ԱՄՆ օգնության չեն կարող ոչինչ անել` իրանական միջուկային ծրագիրը վնասներ կկրի, բայց չի ոչնչացվի:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image