Շուրջ կես տարի առաջ Գյումրի համայնքին Եվրամիության նվիրած ավտոբուսները բնակիչներին ծառայելու փոխարեն վերածվել են անշարժ գույքի։
«Այս խայտառակությունը ոչ միայն վնասում է մեր բնակիչներին, այլ նաև ԵՄ մեր գործընկերների մոտ մեղմ ասած անլուրջ տպավորություն է ստեղծվում՝ քաղաքային իշխանությունների անպատասխանատվության պատճառով»,-նկատում է Գյումրու ավագանու «Ապրելու Երկիր» Խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը։
Իսկ, թե ի՞նչ է պետք անել, որպեսզի ավտոբուսները ծառայեն համայնքին, ավագանու անդամը վստահեցնում է՝ ընդամենը մի տող որոշում, որպեսզի համայնքը ավտոբուսներն ընդունի սեփականություն և շահագործի։
« Փաստորեն, քաղաքային իշխանությունները օր ու գիշեր շատ ավելի կարևոր գործեր ունեն անելու, քան այս պարզ հարցը լուծելը։ Ներկա պահին այդ ավտոբուսները գտնվում են Գյումրու Ավտոբուս ՓԲԸ-ի տարածքում՝ անձրևի, արևի տակ կայանած ։Դրանք նվեր ստացանք 2024 թվականի օգոստոսի մեկին, եւ իշխանությունները ներկայացնում են, որ ինչպես գնացքն է առաջին անգամ մուտք գործել Գյումրի, այժմ էլ այս էլեկտրական ավտոբուսներն են մուտք գործել, բայց մինչ օրս չեն շահագործվում»,-hraparak.am-ի հետ զրույցում ասաց ավագանու «Ապրելու Երկիր» Խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը։
Ավտոբուսները շահագործվելու էին 20 համարի երթուղու ներքո, որոնց հետ միաժամանակ տրամադրվել է էլեկտրական լիցքավորման կայանը։Ավագանու անդամի խոսքերով՝ այդ կայանի տեղադրման հետ կապված որոշ խնդիր կա, բայց ցանկության դեպքում այն արագ կարգավորվող է, եւ երկար ժամանակ չի պահանջվի։
«Որպեսզի ավտոբուսները կարողանանք շահագործել, պետք է ավագանու նիստ հրավիրվի, որի ընթացքում ավագանին այդ գույքը կընդունի որպես համայնքի սեփականություն, մինչդեռ չի նախաձեռնվել ավագանու նիստ , գույքը սեփականություն չենք ճանաչել, հետևաբար չենք կարող օգտագործել։Մեր մտահոգությունը հենց սրանում է կայանում , եւ մենք հետևողական ենք լինելու»,- hraparak.am-ին ասաց Կարեն Մալխասյանը։
Ուշագրավ է, որ նույն խնդիրը նաև Վանաձոր քաղաքում է, որտեղ նույնպես օգոստոսից նվիրաբերված ավտոբուսները չեն շահագործվում :
Հիշեցնենք՝ ԵՄ ֆինանսավորմամբ «Դաշինք՝ հանուն կայուն եւ կանաչ կառավարման» ծրագրի շրջանակում 5-ական էլեկտրական ավտոբուս է տրամադրվել Գյումրի եւ Վանաձոր քաղաքներին: Ընդհանուր ծրագրի արժեքը երկու քաղաքների համար կազմել է 1 միլիոն 700 հազար եվրո՝ 10 ավտոբուս, գումարած լիցքավորման 6 կայանները, վարորդների ուսուցումը ու մեկ տարվա երաշխիքային սպասարկումը: Միջին հաշվարկով, 1 ավտոբուսի արժեքը 140 հազար եվրո է:
