2025թ․ մարտի 30-ին Գյումրիում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։Մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ թվով 373 ավագանու թեկնածուներով։ Քաղաքական ուժերի համար ավագանիների թեկնածուների փնտրտուքը դժվար է եղել։ Այս պահին հասարակական-քաղաքական գործունեություն ծավալող յուրաքանչյուր երկրորդ գյումրեցին ներգրավված է ընտրությանը։
Hraparak.am-ը զրուցել է Մհեր Խաչատրյանի հետ, ով 2018թ-ի հեղափոխությունից հետո շուրջ մեկ տարի զբաղեցրել է նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հիմնադրած «Գյումրին առանց տնակների հիմնադրամ»-ի տնօրենի պաշտոնը։Նա իր պաշտոնավարման ընթացքում չարաշահումներ էր բացահայտել, հայց ներկայացրել դատախազություն, քրեական գործ էր հարուցվել, սակայն կարճ ժամանակ անց այն կարճվեց։
Մհեր Խաչատրյանը նույնպես մասնակցում է Գյումրու ընտրություններին, ավագանու թեկնածու է «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակով։
«2019թ-ի այդ չարաբաստիկ քրեական գործից հետո, զանգովի արդարադատության ու մնացած ապօրինի կարճումների հետևանքով՝ ինձ մոտ ահագին բան փոխվեց։ Ես հասկացա, որ առանց քաղաքական պայքարի եւ լծակների, ինչ-որ բան անելը շատ դժվար է, եւ կարելի ասել՝ արդեն ստիպված ներգրավվել եմ քաղաքական պրոցեսների մեջ, որովհետև դա իմ երազանքը չէր։ Սիմոնյան Կարենի նախաձեռնությամբ, ով գլխավորում է «Մայր Հայաստան» -ի ցուցակը, միացա թիմին, նրա հետ ոչ քաղաքական ճանապարհ ենք անցել, շատ վաղուց ենք ծանոթ։ Գովելի էր այն, որ կուսակցության կողմից իմ ազատությունը սահմանափակող, կամ կաշկանդող որևէ առաջարկ կամ պայման չկար։ Եվ իրենց վստահությունն իմ անձի նկատմամբ պարտավորեցնող էր եւ ես առանց որևէ նախապայմանների համաձայնեցի մասնակցել այս ընտրությանը, ես անկուսակցական եմ։ Ցուցակում ինձ համար կարևոր չի եղել , թե որերորդն եմ լինելու, քանի որ առաջնորդվել ենք մի ամբողջական թիմի գաղափարով։ Եվ անկախ արդյունքից, թե մենք ինչ ձայնային բաշխում կունենանք, ես գիտեմ, որ եթե անգամ չլինեմ ավագանու կազմում, ես վստահ եմ, որ իմ ներկայացրած հարցերը թիմի միջոցով կբարձրաձայնվի»,-ասաց ավագանու թեկնածուն՝ ընդգծելով, որ ընդհանրապես հայ ազգի բոլորի նպատակը պետք է մեկը լինի՝ ազատվել ներկայիս իշխանությունից ։
«Իշխող ՔՊ կուսակցությունը դրական գոյության բացակայության վիճակ է, նրանց ներկայությունը լույսի բացակայություն է ինձ համար։ Իրենց քարոզարշավն ու խոսույթն էլ դրա վկայությունն են։Կեղծ հեղափոխական մթնոլորտով դեռ փորձում են ինքնաարտադրվել, բայց ինչ-որ չափով վստահ եմ՝ առաջիկայում չի հաջողվի, քանի որ մեր ժողովուրդը թմբիրից արդեն արթնացել է եւ հասկանում է, որ սրանցից ազատվել է պետք, որպեսզի երկիր ունենանք։ Վստահ եմ՝ ՀՀ փրկության նախագիծը Գյումրիում է դրվելու։ Հայ ազգն այս ընտրությունների ընթացքից արթնանալու է»,-նշեց մեր զրուցակիցը՝ առաջարկելով քաղաքական ուժերին լծվել կառուցողական քարոզարշավի՝ առանց մեկը մյուսին պիտակավորելու։