Խորհրդային ժամանակների անաստվածության դրսեւորումների մասին մտաբերելու կարիք չէր լինի, եթե շաբաթվա սկզբից անիմաստ էմոցիաներ չգեներացվեին (մի քանի խմբագիր էլ դեսպաններին ուղղված մի ծանծաղ ու երկարաշունչ տեքստ չհրապարակեին` հորդորելով միջամտել, իրենց հասու միջոցներով կանխել) հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ եղած մի ինքնակոչի կողմից պատարագի մատուցման շուրջ, ինչը, ըստ ոմանց, կարող է հանրային կրքեր շիկացնել:
Թե դեսպաններն ինչ միջոցով, ինչպես պիտի միջամտեն պատարագ մատուցելուն, առավել եւս՝ կարգալույծ արված եւ Եկեղեցուց դուրս դրված մի ինքնակոչի կողմից, դժվար է պատկերացնել։ Կամ՝ դեսպաններն ինչպե՞ս պիտի ազդեն, որ վաղուց մերժված, հեղինակությունից զուրկ, համատարած հայհոյանքի, անեծքի ու նզովքի առարկա դարձած Նիկոլ Փաշինյանը չգնա իր նման մեկի մատուցած պատարագին` էլ ավելի անհասկանալի է։ Բայց ամենից անհասկանալին այն է, թե մի կարգալույծ արվածի կողմից պատարագի մատուցումն ինչու է իրադարձություն դարձվում ու «Կիկոսի մահը» հեքիաթի նմանությամբ իրարանցում առաջացնում։
Այն, որ կրոնական միջավայրում միշտ էլ կարող են գտնվել գիտակցության հետ խնդիրներ ունեցողներ, որոնք իրենք իրենց քարոզիչ, հոգեւոր առաջնորդ, նույնիսկ աստված երեւակայեն եւ իրենց նման մտագարների մեծ կամ փոքր բանակ էլ ետեւից գցած կրոնական ծիսակարգեր նմանակեն՝ նորություն չէ։ Դա եղել է բոլոր ժամանակներում։ Ինձ հայտնի ամենից զվարճալի նման դեպքը տարիներ առաջ էր, երբ Հնդկաստանում մի քրիստոնեության քարոզիչ էր վախճանվել, թաղմանը մի քանի միլիոն հնդիկ էր հավաքվել, որոնք հավատում էին, թե վախճանվածը ողջության օրոք վերամարմնավորյալ Հիսուս Քրիստոսն էր։
Կամ՝ էլի շատերը կիմանան, որ Ֆիլիպինների քրիստոնյաների շրջանում նման ամենամյա խելագարություն է կրկնվում, երբ ֆանատիկ հավատացյալները կամավոր անցնում են նույն Գողգոթայի ճանապարհի չարչարանաց միջով, ինչով, ըստ Ավետարանների, Հիսուսն է անցել, ընդհուպ խաչին բարձրացվելը, ձեռքերի գամվելը եւ այլն։ Պատահում է, որ այդ կամավոր տանջանքներից մահանում են, նույնիսկ՝ հաճախ։ Գիտակցաբար մահ են ընդունում՝ հավատալով, թե իրենք Հիսուսին են կրկնում ու համարյա Հիսուս են։ Ի՜նչ ասես... Ցավալի են նման մահերը, բայց մոլագարության արդյունք են, եւ այդտեղ ոչինչ հնարավոր չէ անել։
Ափսոս, Փաշինյանի մոտ խանգարվածությունը չի հասել այնտեղ, որ որոշեր տեղափոխվել ի Վերին Երուսաղեմ, բայց մեկումեջ հրապարակավ (հավանաբար, ավելի հաճախ` ծածուկ) իրեն Հիսուս երեւակայում է։ Ինչ-որ ժամանակ «հրամայել էր», չէ՞, հայ ժողովրդին՝ ելնել ու ալիքների վրայով քայլել։ Կամ՝ անպատճառ 12 նախարար է պահում․ երկրի սահմանները պետական հանցագործությամբ փոխեց, անվերջ նախարարություններ բացեց ու փակեց, բայց նախարարների թիվն անխախտ 12 է, ինչպես Հիսուսի աշակերտների թիվը։ Կամ՝ 2018-ի Երեւանի ավագանու ընտրություններին հասել էր այնտեղ, որ Երեւանի համայնքներ իր քարոզարշավային մուտքերը նկարագրում էր Հիսուսի՝ Երուսաղեմ մտնելու բառապաշարով ու դրվագներով։ Վերջնահաշվում, սակայն, իրեն Հիսուս երեւակայելուց ոչնչի չհասնելով, Փաշինյանը հիմա էլ հոգեկան ու մտավոր խանգարվածի ողջ կրքոտությամբ տրվել է Հրեից Սուրբ Գրքի սաղմոսներն անգիր անելուն ու Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ հայհոյախոսելուն։
Այդ զբաղմունքի մեջ էլ «Նմանը զնմանս գտանէ» անժխտելի օրինաչափությամբ գտել է իր նման մեկին, որը կարգալույծ հռչակվելուց հետո համառում է՝ եկեղեցու շինությունում իր մերժված ներկայությունը շարունակելու եւ նույնիսկ պատարագ մատուցելու համար։ Ըստ իս, այդ կարգալույծ Ստեփան Ասատրյան կոչվածին, որն այնքան տկարամիտ է, որ, ըստ լուրերի, ժամանակին ճեմարանում ավարտաճառ գրել-պաշտպանելն անգամ նրա համար խնդիր է եղել, պետք է կատարելապես արհամարհել։ Թող մնա Հովհաննավանքում եւ իր հիվանդ ուղեղով ինչ անցնում է, անի, հոկտեմբերի 26-ին էլ Նիկոլ Փաշինյանի համար պատարագ մատուցի։ Երկու նմանակ այլանդակություն մի վայրում կմեկտեղվեն։ Ափսոս, որ մեկտեղման վայրը կլինի եկեղեցու շինություն, բայց ինչ արած, այդպես էլ է պատահում․․․ Իսկ եթե այդ երկուսից զատ այլ անձինք էլ ներկա կգտնվեն պատարագին, իրենց քայլով նույնքան պիղծ, հակաքրիստոնյա եւ մերժված կդառնան Եկեղեցու եւ Աստծո համար, որքան այդ երկու, իրար գտած խեղվածներն են։
Ընդսմին, վստահ եմ, որ եթե պատարագը չմատուցվեր Հովհաննավաքում, այլ եկեղեցու շինությունից դուրս տարածքում, երեւի հասարակությանն առանձնապես չէր էլ հետաքրքրի։ Աղանդավորներն էլ, հերձվածողներն էլ այստեղ-այնտեղ հավաքվում, իրենց ծիսակարգերը կատարում են։ Այս դեպքում, պարզ է, Հայաստանյայց առաքելական եկեղեցու շինվածք է պղծվում Փաշինյանի նման հերձվածողի ներկայությամբ եւ կարգալույծ քահանայի օրինազանց պատարագով։ Եկեղեցականների համար գուցե այլ խորհուրդներ էլ կան, բայց լայն հասարակության համար դա մի այնպիսի խնդիր չէ, որի վրա իմաստ ունենա կենտրոնանալ։ Խորհրդային ժամանակներում՝ 1920-30-ականներին պատահել է, որ եկեղեցիներում ոչ միայն հացահատիկ ու գարի են պահվել, այլեւ՝ եղջերավոր կենդանիներ։ Համարենք՝ ժամանակը մի դրվագով ետ է շրջվել, նորից եկեղեցու շինվածքում ով ասես, ընդհուպ չորքոտանիներ կարող են հայտնվել։ Դրանից ո՛չ Հովհաննավանքի պատերին որեւէ բան կպատահի, ո՛չ էլ Հայաստանյայց առաքելական եկեղեցուն։
Հետեւաբար, պետք է չանհանգստանալ եւ Հովհաննավանքից հեռու մնալ, քանի դեռ այնտեղ կերեւան Փաշինյանը եւ այդ՝ կարգալույծ արված խեղկատակը։