Քարոզարշավի ընթացքում «Հրապարակը» ներկայացրել էր, թե արտաքին քաղաքական մասով ինչ նախընտրական դրույթներ ունեն հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 25 քաղաքական ուժերը՝ բաժանվելով 2 մեծ ենթախմբերի՝ ռուսամետ և արևմտամետ։ Վերջիններս են՝ «եվրոռեմոնտ» և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ ապագա դաշնակիցների աջակցությամբ նոր պաշտպանական համակարգ խոստացող Հայաստանի եվրոպական կուսակցությունը, ԱԺԲ-ն, «Հանրապետությունը», թեև այս կուսակցության պլատֆորմում ձևակերպում են որպես դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն։ Մնացյալ ռուսամետներից առավել ռուսամետը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն, «Հայաստան» դաշինքն ու «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն է, առավել պակաս ռուսամետը` «Պատիվ ունեմ»-ը` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժերից բաղկացած դաշինքի արտաքին քաղաքական ծրագիրն է։ Իհարկե՝ այստեղ էլ ամեն ինչում և ամենուր Ռուսաստան է․
«ՌԴ-ն ՀՀ ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է», «երկու երկրների քաղաքական կյանքում ժամանակավոր վայրիվերումները չեն կարող հարցականի տակ դնել անվտանգային, քաղաքական, տնտեսական առումներով անկյունաքարային կարևորություն ունեցող հայ-ռուսական հարաբերությունները, փոխվստահությունն ու բարեկամությունը», «ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում Հայաստանը պետք է հանդես գա որպես լիարժեք ակտիվ ու նախաձեռնող անդամ, ջանքեր ներդնի ի նպաստ այս կառույցների զարգացման ու դրանց միջազգային հեղինակության ամրապնդման համար» եւ այլն, բայց կան խիստ կարևոր շեշտադրումներ։ Օրինակ՝ «Անվտանգության ոլորտում համագործակցությունը պետք է հիմնված լինի իրական կարիքների, ուշադրության, լիարժեք բավարարման ու փաստացի առկա և պոտենցիալ սպառնալիքների օպերատիվ արձագանքման սկզբունքների վրա՝ անկախ այլ գործոններից։ Բայց նաև՝ ԵՄ-ն պետք է «լինի Հայաստանի համար արտաքին քաղաքական գերակայություն», «ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր ուղղությունն է»։ Իրան․ խորացվի համագործակցությունը Հայաստան-Իրան-Հունաստան եռակողմ ձևաչափի ներքո: Չինաստան և Վրաստան։
Վրաստանի հետ հարաբերությունների ռեսթարթի ելևէջներ կան նաև Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժի ծրագրում։ Առհասարակ, վրացական ուղղությունը գրեթե բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում տեղ է գտել։ Իսկ որքանո՞վ է Վրաստանն ինքը պատրաստ այդ խորացմանը։ «Հրապարակը» այս և այլ հարցերի շուրջ զրուցել է Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի ղեկավար Էդուարդ Այվազյանի հետ։
-Պարոն Այվազյան, վրացական մամուլում՝ քաղաքական-հասարակական ուժեր, կա՞ դիսկուրս, և երևո՞ւմ է, թե Թբիլիսիի աչքում ով է նախընտրելի թեկնածուն։
-Ճիշտն ասած, վրացական մամուլը դեռ այդքան չի անդրադառնում Հայաստանի ընտրություններին, բնականաբար, իրենց զուսպ են պահում նաև վրաց իշխանությունները՝ չցանկանալով միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Բայց կարծես թե ընկալումն այն է, որ չէին ցանկանա Հայաստանում կառավարման օղակում տեսնել առավել ռուսամետ ուժերի և ավելի կխորացնեն Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Գիտեք՝ Վրաստանն ընտրել է Հյուսիսատլանտյան դաշինքի ու ԵՄ-ի հետ ինտեգրացումը, հարաբերություններ չունի ՌԴ-ի հետ։ Եվ այստեղ առաջին վտանգ համարվում է Ռուսաստանը։ Եվ Հայաստանում տեղի ունեցող ընտրությունները մեծ ուշադրության են արժանանում այդ լույսի ներքո։ Եվ, բնականաբար, վրաց իշխանությունների համար ձեռնտու կլինի այն ուժերի հաղթանակը, որոնք կվարեն առավել բալանսավորված արտաքին քաղաքականություն։ Այսինքն՝ այն հիմնված չի լինի միայն ռուսական ուղղության վրա։ Վրաստանում ընկալում են այն իրականությունը, որ Հայաստանը բավականին խորը հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ։ Թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական կախվածությունն էլ բավականին մեծ է, և այդ առումով հասկանում են, թե որքան դժվար է Հայաստանի համար։ Բայց, նորից եմ ասում, կցանկանային տեսնել հավասարակշռված քաղաքականություն վարող ուժերի։ Եվ նաև՝ Հայաստանը ստաբիլ կլիներ, և իրենք էլ ավելի հանգիստ կլինեին։ Մի լրացում․ թերևս Հայաստանի ու Վրաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ մի քանի օր առաջ Վրաստանի արտգործնախարարը Հայաստանն անվանեց «ռազմավարական գործընկեր»։ Երբ հայ ռազմագերիներին միջնորդեցին վերադարձնել Հայաստան։ Մենք Հայաստանի մասով նման արտահայտություն առաջին անգամ ենք լսում։
-Վրացական կողմը լսել անգամ չի ուզում «6-ի պլատֆորմի» մասին։ Էրդողանը Շուշիում կրկնեց այդ առաջարկը, որը, բնականաբար, վրացական կողմին բոլորովին դուր չի գալիս։
- Ինչ վերաբերում է առաջարկին, ապա ինքներդ նշեցիք, որ Վրաստանը հենց սկզբից մերժել է այդ ձևաչափը՝ պատճառաբանելով, որ այդ ձևաչափի մեջ կա Ռուսաստան, որի հետ չի կարող համագործակցել նման հարցի շուրջ։ Եվ Վրաստանն առաջարկել էր իր՝ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափը, որտեղ, ուշադրություն դարձրեք, Թուրքիան նույնպես չկա։ Եվ սա շատ ողջունելի դիրքորոշում է Վրաստանի իշխանությունների կողմից, որ արցախյան հակամարտության կարգավորման մեջ Թուրքիային չի տեսնում։ Իհարկե, առաջին պատճառը ՌԴ-ն է, բայց մեզ համար ձեռնտու է, որ Թուրքիան ևս բացառվում է։
-Մեր նախորդ հարցազրույցներից մեկում ասել էիք, որ պատերազմի ժամանակ իբրև թե չեզոքություն պահող, սակայն շատ ավելի ադրբեջանամետ Վրաստանը նույնպես 44-օրյա պատերազմի արդյունքներից դժգոհ է։ Քանի որ ռուս խաղաղապահները հայտնվեցին Արցախում՝ իրենց քթի տակ։ Այդ տրամադրությունները Վրաստանում խորանո՞ւմ են, թե՞ավելանում։
-Մի հետաքրքիր փաստ պետք է նշեմ․ պատերազմից հետո Ջավախքում կարծես թե լարվածության նվազում կա։ Եթե նախկինում, չեմ կարող ասել՝ միտումնավոր, թե պատահական, ինչ-որ դեպքեր էին տեղի ունենում, հայերի իրավունքները ավելի շատ էին խախտվում՝ ազգային և կրոնական հողի վրա, ապա պատերազմից հետո նման դեպքերը կտրուկ նվազել են։ Եվ եթե Վրաստանում ի սկզբանե ադրբեջանամետ կողմնորոշում ունեին, փորձում էին, իրենց ասելով, պահպանել հավասարակշռություն, բայց երևում էր, որ պատերազմի ընթացքում ավելի ադրբեջանամետ էին, ապա պատերազմի այս ավարտից հետո, երբ ռուսական խաղաղապահները մտան Արցախ, և Ադրբեջանը սկսեց խորացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, և մենք տեսնում ենք նաև Ռուսաստանից մեծ աջակցություն Ադրբեջանին, Վրաստանը մի փոքր փոփոխություններ է մտցնում իր քաղաքականության մեջ։ Եվ, իհարկե, կատարվածի նկատմամբ վերաբերմունքի մեջ։ Թե հայ բնակչության նկատմամբ ավելի դրական վերաբերմունքը, թե՛ Հայաստանի՝ իբրև պետության հանդեպ։ Փոխվել է, դրական տենդենց եմ տեսնում։ Դրանով ևս պայմանավորված է, որ իրենք փորձեցին միջնորդ լինել մեր 15 գերիների հարցում։ Ինչպես նաև, կրկնեմ, արտգործնախարարը Հայաստանն անվանեց ռազմավարական գործըկեր։
-Ջավախքի բնակիչների մի մասն այստեղ՝ Հայաստանում, կկարողանա՞ընտրել։ Ի՞նչ տրամադրություններ են, ո՞ր թեկնածուի կամ թեկնածուների օգտին են հակված քվեարկելու։ Եվ նաև՝ Ջավախքում հարցումներ անցկացվե՞լ են։
-Չէ, Ջավախքում հարցումներ չեն անցկացվել։ Ինչ վերաբերում է տրամադրություններին, եթե հետևենք սոցիալական ցանցերին, ապա ասել, որ կան կոնկրետ նախապատվությունների մասով, չեմ կարող ասել, այնպես չէ, որ կոնկրետ որևէ թեկնածուի նախապատվություն տան։ Հիմնականում մարդիկ մտահոգված են ավելի շատ նրանից, որ Հայաստանում նման իրավիճակ է։ Այսինքն, որ նման լուրջ բաժանում կա քաղաքական ուժերի և հասարակության միջև, և որ շատ վատ, ծայրահեղ լարված նախընտրական քարոզչություն է։ Մարդիկ վախենում են, որ դա ուրիշ բանի չվերածվի։