Քաղաքականություն

«Հրապարակ». Ինչ է թաքցնում պաշտպանության նախարարությունը

«Հրապարակ». Ինչ է թաքցնում պաշտպանության նախարարությունը

2025թ․ դեկտեմբերի 24-ին տեղեկատվական հարցում եմ արել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմում ՀՀ քանի՞ քաղաքացի է զոհվել, որից՝ քանի՞ զինվորական, քանի՞ քաղաքացիական անձ, այդ պատերազմում Արցախի Հանրապետության քանի՞ քաղաքացի է զոհվել, որից՝ քանի՞ զինվորական, քանի՞  քաղաքացիական անձ, 44-օրյա պատերազմում քանի՞ զինվորական եւ քաղաքացիական անձ է անհետ կորել, քանի՞ անձ է ներկայում գտնվում ադրբեջանական գերության մեջ։ 

Տեղեկատվական հարցմանս պատասխանը ստացել եմ  հունվարի 14-ին, պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Հ․ Բատիկյանի ստորագրությամբ։ Այնտեղ նշված է․  «ԶՍՊ վարչությունում հաշվառված են 44-օրյա ռազմական գործողությունների ընթացքում զոհված (մահացած), ինչպես նաեւ անհետ կորած եւ դատական կարգով մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողները, ինչպես նաեւ՝ տարածքային պաշտպանությանը ներգրավված եւ կամավորագրված անձինք: Վերը նշված կատեգորիայի անձանց անվանացանկին հնարավոր է ծանոթանալ Զինապահ զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի պաշտոնական կայքում (zinapah.am): Միաժամանակ հայտնում եմ, որ 44-օրյա պատերազմում զոհվածների վերաբերյալ տեղեկատվություններն արդեն իսկ հրապարակված են»։ 

44-օրյա պատերազմի ավարտից անցել է 5  տարի եւ 2 ամիս, պաշտպանության նախարարն ինչո՞ւ հստակ չի պատասխանել զոհվածների, գերիների, անհետ կորածների թվի վերաբերյալ հարցերին, մանավանդ, որ այդ նախարարության վկայությամբ` պատերազմում զոհվածների վերաբերյալ տեղեկատվություններն արդեն հրապարակված են։ Նկատի ունենալով հարցի կարեւորությունը եւ հանրության համար թեմայի զգայուն լինելը, պաշտպանության նախարարությունը պետք է շահագրգիռ լիներ այդ հարցում հստակություն մտցնելու, ոչ թե 2020 թվականի պատերազմում զոհվածների, գերիների, անհետ կորածների թվերի իսկության վերաբերյալ հանրության մեջ եղած լուրջ կասկածները խորացնելու։ 

Դեկտեմբերի 24-ին Սուրեն Պապիկյանին ուղղված հարցման մեջ նաեւ հարցապնդում էի արել․ «2024 թվականին կատարված սահմանազատման հետեւանքով Նոյեմբերյանի սահմանագոտում գտնվող, ՀՀ տարածք հանդիսացող «Նոր տարի» հենակետը չպետք է հանձնվեր Ադրբեջանին, ի՞նչ պատճառով է այն հանձնվել։ Ադրբեջանի հետ սահմանի քանի՞ հատվածում են ՀՀ զինծառայողները ծառայության վայր հասնելիս անցնում ադրբեջանական դիրքերով եւ այդ ընթացքում ստուգվում ադրբեջանցի զինծառայողների կողմից, դրա հետեւանքով ՀՀ սահմանը պաշտպանող զինծառայողները զենքի, զինամթերքի եւ դրանց  քանակի ի՞նչ սահմանափակում են ունենում»։ Այդ հարցերի վերաբերյալ ՊՆ-ից հայտնել են․ «4-րդ եւ 6-րդ հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության  ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (տեղեկատվության տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է  տեղեկատվության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական գաղտնիք, ըստ ՀՀ կառավարության 11․01․2024 թվականի N 53-Ն որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ եւ ՀՀ ՊՆ 16․0․2024թ․N 797-Լ հրամանի 4-րդ կետերի պահանջների»։ 

Սակայն «Նոր տարի» հենակետը մեկուկես տարի առաջ սահմանազատման անվան տակ հանձնվել է Ադրբեջանին, դրա հանձնումը հիմա ի՞նչ գաղտնիք է իրենից ներկայացնում։ Իսկ Սեւ լճի մոտ զինծառայություն իրականացնող մեր զինծառայողներին ադրբեջանցիների կողմից ստուգելու մասին բազմիցս հրապարակումներ են եղել, եւ այդ հարցին հունվարի 13-ի մամուլի ասուլիսում  ինքը՝ նախարար Սուրեն Պապիկյանն արդեն պատասխանել  է. «Ուրեմն խնդիրը վերաբերում է դեռեւս 2021թվականի մայիսին ստեղծված իրադրությանը, ձեզ հայտնի Սեւ լճի մի դիրքի մասին է, որին հասանելիություն, ցավոք սրտի․․, այսինքն՝ ընտրանքը հետեւյալն է․ կա՛մ պիտի էդ դիրքը թողնենք, կա՛մ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը՝ որպես պաշտպանության նախարար, ես չեմ դրա միակ շահառուն։ Բայց էն, որ էդտեղ դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պետք է մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատվածը զիջելու մեջ, մյուս ընտրանքը, մանավանդ մեր օրերում, երբ այսօր ունենք  խաղաղություն փաստացի, եւ, ըստ էության, ինչ նկարագրում եք, դա տեղի չի ունենում․․․ Այո, կա իրականություն, հետեւյալն է՝ մեր զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, ասպես կոչված՝ բլոկ-պոստով»։ 

Այսինքն, նախարարն արդեն իսկ հաստատել է այս փաստը, եւ դրանում պետական գաղտնիքի տարր էլ չկա։ Փաստ է, որ նման ստորացուցիչ վիճակում մեր բանակը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի կողմից Սեւ լճի դիրքերն առանց կռվի հանձնելու հետեւանքով եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ժամանակ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image