Հասարակություն

«Հրապարակ». Նույնիսկ Ֆիրդուսի թաղամասը չեն կարողանում ավարտել, Կոնդի հարցը շատ ավելի բարդ է

«Հրապարակ». Նույնիսկ Ֆիրդուսի թաղամասը չեն կարողանում ավարտել, Կոնդի հարցը շատ ավելի բարդ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս այցելել էր Կոնդ թաղամաս, հանդիպել բնակիչների հետ, տեղում ծանոթացել Կոնդի վերակառուցման նախագծին ու առաջարկվող լուծումներին: Նրան ուղեկցել էին Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ Փաշինյանը շրջայց էր կատարել թաղամասում, ծանոթացել պատմամշակութային նշանակություն ունեցող կառույցների վիճակին, զրուցել բնակիչների հետ։
Կոնդ թաղամասի քաղաքաշինական վերակառուցման մասին շատ վաղուցվանից են խոսում: Այս իշխանությունը, որը սիրում է մեգանախագծերի մասին ամպագոռգոռ հայտարարություններ անել` Աջափնյակի մետրո, ակադեմիական քաղաք, Կոնդի վերակառուցման հետ կապված հայեցակարգ է մշակել, որը քննարկվել է վարչապետի գլխավորությամբ՝ հունիսի 26-ին: Նախանշվել է, որ թաղամասի վերակառուցման ելակետային պայմաններն են, մասնավորապես՝ պատմամշակութային ժառանգության եւ հուշարձանների պահպանումը, բնակչության կենսապայմանների բարելավումը, ինժեներական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացումը, տնտեսապես իրագործելի զարգացման մոդելի ձեւավորումը, ներդրումային գրավչության բարձրացումը, զբոսաշրջային ակտիվության խթանումը։

Կոնդ թաղամասի ընդհանուր տարածքը կազմում է 16.0 հա, որից նախագծային միջամտության տարածքը՝ 10.0 հա։ Թաղամասում առկա են ՀՀ պետական ցուցակում ընդգրկված 4 հանրապետական նշանակության հուշարձան եւ 8 նորահայտ հուշարձան՝ հիմնականում բնակելի տներ, որոնք ունեն տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Կոնդի զարգացման համար առաջարկվում է պետություն-մասնավոր ներդրող-համայնք համագործակցության մոդելը։ Հայեցակարգի մշակման ընթացքում ուսումնասիրվել է միջազգային փորձը, մասնավորապես՝ Աթենքի «Պլակա» պատմական թաղամասի օրինակը, որը հիմնված է պատմական միջավայրի պահպանության, հետիոտնային տարածքների բարելավման, փոքր բիզնեսի խթանման եւ մշակութային կյանքի ակտիվացման համադրման վրա։

Բնակիչների հետ զրույցում Փաշինյանը ներկայացրել է հայեցակարգի մանրամասները եւ տեղեկացրել, որ նախատեսվում է Կոնդի մասին օրենքի ընդունում՝ հետագա աշխատանքները փոխհամաձայնությամբ իրականացնելու նպատակով: «Մենք ուզում ենք օգնել, որ այսքան տարի այսպիսի դժվար պայմաններում եք ապրել, նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար»,- ընդգծել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ ծրագրի իրականացումը հնարավոր կլինի ժամանակի ընթացքում՝ փուլ առ փուլ:

Իհարկե, վատ պայմաններում բնակվող մարդիկ ուրախ կլինեն, եթե իրենց կենցաղային պայմանները բարելավվեն, բայց բոլորը հասկանում են, որ Կոնդի վերակառուցում ասելով այս իշխանությունը ոչնչացնելու է մեր պատմական անցյալի եւս մի նմուշ, մի թաղամաս, որը հին Երեւանի մասն է կազմում եւ կարող է զբոսաշրջային մեծ նշանակություն ունենալ:

Բացի այդ, Փաշինյանի իշխանությունը որեւէ խոստում այս տարիներին չի կատարել, այդ թվում` Երեւանի հետ կապված. ո՛չ մետրոյի Աջափնյակ կայարանն է կառուցված, չնայած տարիներ շարունակ խոստանում են, ո՛չ աղբի վերամշակման գործարան են կառուցել, ո՛չ ակադեմիական քաղաքը, ո՛չ Նորագավիթ թաղամասը, ո՛չ «Հին Երեւան» նախագիծը: Նույնիսկ Ավինյանի կառուցած ստորգետնյա անցումները փորձանք են դարձել մարդկանց գլխին` Մաշտոցի շուկայի դիմացի անցումը՝ անգամ կրկնանորոգումից հետո, լցվում է անձրեւաջրերով եւ անանցանելի դառնում` անձրեւի ժամանակ նավակ է հարկավոր, որ այդ անցումով անցնեն: Արդեն 30 տարի է` բոլոր իշխանությունները խոստանում են Սովետաշենի աղբավայրի հարցը լուծել, իսկ վերջին տարիներին այդ աղբավայրը շարունակ վառվում է, եւ երեւանցիները ստիպված են այրվող աղբի թունավոր ծուխը շնչել, եւ անգամ այս հարցերը չեն լուծվում:

Փաշինյանի իշխանությունը կարո՞ղ է Կոնդ թաղամասը բարեկարգել: Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ֆիրդուսի թաղամասի ավարտական տեսքը դեռեւս անգամ չկա, բայց ամենասկզբում հենց Ֆիրդուսից են սկսել, մարդկանց ստիպում էին վաճառել տները, իսկ մարդիկ դժգոհ էին փոխհատուցումներից եւ այլն: Ինչ վերաբերում է Կոնդին, ապա շատ լավ կլիներ, եթե կարողանային Կոնդն ավելի հրապուրիչ դարձնել, այն նաեւ տուրիստների համար գրավիչ կլիներ: Երեւանում այնքան անավարտ աշխատանքներ կան, այնքան մեծ ծրագրեր կան, որոնք սկսել են, սակայն ձախողել: Կոնդի պարագայում հարցը շատ ավելի բարդ է, գործ ունենք կոնկրետ մշակութային շերտի հետ, ինչի հետ պետք է աշխատեն կոնկրետ մասնագետներ, եւ շատ կարեւոր հանգամանք է, թե ովքեր են աշխատելու, ինչպես են աշխատելու, ինչ է արվելու եւ այլն»:

- Այսինքն` հերթական անգամ մարդկանց վտարելու են իրենց տներից, խոստումներ են տալիս, սակայն անհայտ է, թե այդ թաղամասն ինչ ճակատագիր կունենա:

- Երբ խոսվում է շինարարական մեծ աշխատանքների մասին, պետք է հասկանալ, որ խոսքը մեծ փողերի մասին է: Այնտեղ, որտեղ կան մեծ շինարարություններ, կան մեծ գումարներ, իսկ դա ենթադրում է, որ լինելու է վերահսկողության ուժեղ անհրաժեշտություն, որը շատ դժվար է մեզանում ստացվում, ավելի ճիշտ` ստացվում է, սակայն՝ հետին թվով: Նման մեծ պրոյեկտներն ազդում են տնտեսական ակտիվության վրա, կա «շինարարական փուչիկ» գաղափար, իշխանությունը դիմեց այդ հնարքին, եւ հենց նման պրոյեկտների հաշվին ուզում են տնտեսական ցուցանիշները բարելավել:

- Ինչո՞ւ մինչ օրս չեն լուծում մետրոյի Աջափնյակ կայարանի հարցը կամ աղբի գործարան չեն կառուցում:

- Դեռ Տարոն Մարգարյանի ժամանակներից հայտարարվում է աղբի վերամշակման գործարանների կառուցման մասին, սակայն մենք տեսնում ենք, որ սայլը չի շարժվում տեղից: Բացի մասնագիտական գիտելիքներից, պետք է նաեւ որոշակի հետաքրքրություններ լինեն, քանի որ աղբի մշակումն ունի ֆինանսական բաղադրիչ: Ավինյանը վերջերս հայտարարեց, որ այսուհետ չասենք աղբավայր, ասենք` աղբի գործարան, բայց ես այդքան լավատես չեմ ու չեմ հավատում, որ մոտակա ժամանակներս կտեսնենք այդ գործարանները:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image