Շաբաթ օրը կայացած Շառլ Միշել-Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հերթական եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ վտանգավոր հայտարարություններ հնչեցին։ Մոտ երեք ժամ տեւած հանդիպումից հետո եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան չխոսեց տարաձայնությունների հաղթահարման մասին, փոխարենը Արցախի 7-ամսյա շրջափակման պայմաններում կարեւորեց Լաչինի «ճանապարհի» բացումը եւ հումանիտար մատակարարումներն Ադրբեջանի տարածքից՝ Աղդամով։ Մինչդեռ, հիշեցնենք, 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության մեջ Լաչինի միջանցքի անխափան գործելու փաստն է ամրագրված, ոչ թե առհասարակ որեւէ ճանապարհի։
Մինչ պաշտոնական Ստեփանակերտը կարձագանքեր բրյուսելյան հանդիպմանը, մենք տեղեկացանք, որ բրյուսելյան հանդիպումից հետո Արցախի նախագահը տարբեր ֆորմատներով կոնսուլտացիաներ է կազմակերպել, սակայն քաղաքական լայն շրջանակներն անընդունելի են համարել Աղդամից «մարդասիրական» մատակարարումների առաջարկը։ Խորհրդարանական ԱԺԿ խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց, որ դա Ադրբեջանի հետ ինտեգրմանն ուղղված քայլ է լինելու, ինչն իրենց համար մերժելի է։ Մելքումյանը չցանկացավ մեկնաբանել բրյուսելյան հանդիպումից հետո հնչած հայտարարությունները՝ ասելով, թե դեռ ամբողջական տեղեկատվություն չունի․ «Եկեք մենք հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել, լսենք բոլոր աղբյուրներին, նոր կարծիք կհայտնեմ»: Թե որ աղբյուրներից պետք է ինֆորմացիան հստակեցվի՝ չմանրամասնեց։
«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վերջին հանդիպումից հետո այլեւս կասկած չունի, որ Հայաստանը ոչ թե բանակցային կողմ է, այլ, նրա խոսքով՝ հենց ինքն է սեղանի վրա․ «ՀՀ իշխանություններն այլեւս սուբյեկտ չեն հանդիսանում, հենց իրենք են Արցախն ու Հայաստանը դրել բանակցային սեղանի վրա, եւ մեր ճակատագիրը որոշում են մնացած դերակատարները»։ Պատգամավորի դիտարկմամբ՝ վերջին հանդիպմանն ավելի շատ անդրադարձ եղավ Հայաստանին, ոչ թե Արցախին․ «Ակնհայտ է, որ խաղաղություն կոչվող պայմանագրում ներառվելու է զանգեզուրյան միջանցքը, խոսք գնաց, իշխանությունների բնորոշմամբ, անկլավների մասին, ցավով պետք է արձանագրեմ, որ գերիների հարցով իրականում առաջընթաց չկա, որովհետեւ խոսքը գնաց միայն ադրբեջանցի երկու ներկայացուցիչների մասին, որոնք ՀՀ տարածքում հանցանք են գործել։ Այսինքն՝ ամեն ինչ ի նպաստ Ադրբեջանի խոսվեց, որին ներկա էր ՀՀ վարչապետը»։
Ինչ վերաբերում է Արցախին, ապա, պատգամավորի խոսքով, մեծ հաշվով, նոր բան չասվեց, քանի որ հավաքական Արեւմուտքի կարծիքը վաղուց է հայտնի․ «Արցախի՝ 32 տարի առաջ ձեռք բերած միջազգային իրավունքը հավաքական Արեւմուտքի համար առոչինչ է, եւ խոսել նման պետության մասին, Ակնայով ինչ-որ հումանիտար բեռներ ներկրելու մասին՝ պարզապես աբսուրդ է»։ Հակոբյանի համոզմամբ՝ պաշտոնական Ստեփանակերտը կմերժի այդ առաջարկը, քանի որ նախագահն այժմ միանձնյա որոշում կայացնելու իրավունք չունի, իսկ արցախցիները 7-ամսյա շրջափակման պայմաններում ապացուցել են, որ սովից կմեռնեն, բայց չեն ինտեգրվի Ադրբեջանին․ «Արցախի նախագահը եթե ընդունի այդ առաջարկը, պիտի կանգնի եւ ասի, որ համաձայն է Փաշինյանի տիկնոջ հետ, որ 30 տարի հանուն ոչնչի են զոհվել, ու գնա այդ քայլին, իսկ դրանից հետո արցախցին իր խոսքը կասի։ Մարդիկ Արցախում վերջին ամիսներին մահանում են` բժշկական օգնություն չստանալու հետեւանքով, թերսնման հետեւանքով, մարդիկ պատրաստ են այդ զոհողություններով ապրել, բայց չինտեգրվել»։
Արցախի իշխանությունները, ըստ Հակոբյանի, պատերազմից հետո եթե չենթարկվեին ՀՀ իշխանությունների ճնշումներին եւ խաղաղ պայմաններում չհանձնեին Բերձորը, Աղավնոն եւ Ներքին Սուսը, ապա այսօր Լաչինը միջանցքից ճանապարհ չէր դառնա․ «Գործող միջանցքը տեղափոխեցին՝ դարձնելով սովորական ճանապարհ, նույնիսկ եթե դա հրատապ էր, պետք է արվեր եռակողմ հայտարարության կողմերի ստորագրությամբ, բայց չկա նման հայտարարություն, եւ հիմա բոլորն Ադրբեջանի ճնշմամբ օգտագործում են «ճանապարհ» բառը։ Սրանով է պայմանավորված, որ ռուս խաղաղապահներն այլեւս չեն կարողանում անցուդարձ անել այդ ճանապարհով»։
Բրյուսելյան հանդիպումից ժամեր առաջ ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտարարեց․ «2022 թ. հոկտեմբերին եւ 2023 թ. մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս, ինչն արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաեւ ռուսական խաղաղապահ զորակազմի վիճակը»։
«Մենք կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ դնել երրորդ երկրների վրա»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։ Ինչո՞վ է պայմանավորված ՌԴ-ի` պասիվ դիտորդի դերը․ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ գլխավոր մեղավորին թողած՝ չպետք է երկրորդականներին փնտրել․ «Իհարկե, մեղավոր են ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ մնացածը, բայց բանակցային գործընթացում ՀՀ-ն ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, եւ դու չես կարող ավելին պահանջել երրորդ երկրներից, քան քո սեփական իշխանություններից։ Արցախը պարզապես պարտավոր է ՀՀ իշխանությունների առջեւ հարցը կոշտ դնել` դժգոհություն ներկայացնել բանակցությունների ընթացքից, իսկ եթե լռում ես, կնշանակի՝ համաձայնում ես։ Արցախի իշխանությունները 2018-ից համահունչ են քայլում ՀՀ իշխանություններին, մինչդեռ պետք է հակառակվել, ասել, որ պարտավոր եք ի շահ Արցախի բանակցել․ իհարկե, վերջին օրերին թույլ փորձ արվեց պետնախարարի կողմից, բայց դա շատ քիչ է»: