ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը: Համաձայն ներկայացված նախագծի հիմնավորման, ոլորտները կարգավորող՝ ներկայում գործող օրենքներով սահմանված համապատասխան դրույթները համահունչ չեն բարձրագույն կրթության եւ գիտության միջազգային արդի չափանիշներին։
Նախագիծը մշակվել է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կողմից։ Առաջարկվող նոր կարգավորումներով՝ Գիտությունների ազգային ակադեմիան հանդիսանալու է «ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ»: Մինչդեռ ներկայիս կարգավիճակով ԳԱԱ-ն բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առեւտրային հաստատություն է։ Ավելին՝ ինչպես վստահեցնում են ակադեմիական շրջանակներից, նախագիծը մշակվել է բացարձակ գաղտնիության պայմաններում, որեւէ մեկը դրանից տեղյակ չի եղել։ Եղել է մասնակցայնության զրո աստիճան, մինչդեռ ակադեմիական շրջանակներում բազմաթիվ մտահոգություններ կան։
Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն էլ, օրերս անդրադառնալով Գիտությունների ազգային ակադեմիայի դերին, նշել էր, որ «Ակադեմիային վերապահվելու են փորձագիտական գործառույթներ՝ գնահատելու գիտական կազմակերպությունների հաշվետվությունները, իսկ գործառույթների վարչական մասը դուրս է գալու»:
ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է դա նշանակում։ «Այո, Ակադեմիային վերապահված են փորձագիտական գործառույթներ, դա նորմալ է, որովհետեւ այդպիսի գործառույթներ ունեն բոլոր ակադեմիաները, փորձագիտությունը պետք է իրականացվի, դիցուք, ինչ-որ ծրագրերի շրջանակում։ Այս գործառույթը նախկինում էլ է եղել, բայց հիմա որոշ փոփոխություններ են արվել, նախկինում եղել են ժամանակներ, երբ միայն Ակադեմիան է իրականացրել այդ գործառույթը, հիմա նաեւ այլ մարմիններ կիրականացնեն։ Այդ առումով, տվյալ կետում Ակադեմիայի դերն ու նշանակությունը որեւէ ձեւով չեն նվազեցվում, բայց այս օրենքի կարգավորումներով, Ակադեմիայից վերցնում են իր վարչական գործառույթը, քանի որ գիտական ինստիտուտները հանվում են Ակադեմիայի համակարգից եւ փոխանցվում են սկզբնապես՝ նախարարության կազմ, այն հեռահար նպատակով, որ հետագայում դրանք բաշխվեն համապատասխան համալսարաններին, եւ տեղի ունենա խոշորացում՝ այդ կազմակերպությունները բուհերին միացնելու եղանակով»։
Ակադեմիկոս քարտուղարն ասում է՝ գործ ունենք 80 էջանոց շատ լայնածավալ մի փաստաթղթի հետ, որն իր մեջ միավորում է նախկինում գործող մի քանի օրենք․ «Հենց միայն ծավալը խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք ոչ թե մի օրենքի, այլ, կարելի է ասել, մի մեծ օրենսգրքի հետ»։ Գրեթե նույնքան՝ 75-80 էջ էլ կազմում են նաեւ Ակադեմիայի ներկայացրած դիտողություններն ու առաջարկությունները՝ օրինագծի հետ կապված։
Ակադեմիան իր դիրքորոշումները ներկայացրել է գրավոր, ինչպես նկատում է Ա․ Իշխանյանը, որեւէ անհրաժեշտություն չկար՝ հանդիպման ձեւաչափով մասնակցել նմանօրինակ հանրային քննարկումների։ Այս ընթացքում Ակադեմիան իրականացրել է նաեւ քննարկումների շարք՝ գիտահետազոտական ինստիտուտներում, նրանց կողմից եւս արվել են բազմաթիվ առաջարկություններ, դիտողություններ՝ այս նախագծի տարբեր կետերի հետ կապված, այդ ամենը ներկայացվել է Գիտության պետական կոմիտե. «Եթե մենք ունենայինք հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունենային՝ կմասնակցեինք, բայց տվյալ դեպքում ամեն ինչ պարզ էր, հանդիպման կարիք չկար։ Հիմա Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն այդ առաջարկները պետք է հանրագումարի բերի եւ համապատասխանաբար նշի, թե այդ կետերից որոնք են ընդունված, որոնք՝ ոչ, տա դրանց հիմնավորումները»։
Զրուցակիցս ընդգծում է՝ օրենքում բազմաթիվ են հակասությունները տարբեր կետերի միջեւ, կան բազմաթիվ չպարզաբանված հասկացություններ, վտանգավոր կետեր, որոնք կարող են խաթարել գիտական ոլորտի բնականոն գործունեությունը։ Ավելին, փաստաթղթի կազմման հետ կապված՝ որոշակի անփութություն եւ շտապողականություն է դիտվում։
«Մենք ակնկալում ենք, որ Ազգային ժողովը կկազմակերպի լսումներ այսպիսի վճռորոշ նշանակություն ունեցող փաստաթղթի քննարկման համար։ 2021-ից հետո ԱԺ-ն նման լսումներով չի անդրադարձել գիտության, կրթության խնդիրներին, ինչն անթույլատրելի է, որովհետեւ կասկածից վեր է, որ այդ ոլորտները հանդիսանում են մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններ։ Հետեւաբար, Ակադեմիան ակնկալում է լսումներ, որտեղ կբարձրաձայնվեն այս բոլոր մտահոգությունները, առաջարկությունները, եւ դրանից հետո լրամշակված տարբերակը կդիտարկի կառավարությունը»։
Ակադեմիան Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեին ուղղված իր նամակում արել է նախեւառաջ ընդհանրական բնույթի դիտարկումներ, ապա դրան հետեւում են առանձին խնդիրների վերաբերյալ դիտողություններն ու առաջարկները։ «Ընդհանուր դիտողությունները հետեւյալն են․ քանի որ օրենքի այս նախագծով անցում է կատարվում համալսարանական գիտության մոդելին, ինչի վերաբերյալ ակադեմիան բազմիցս արտահայտվել է, եւ մենք կրկնում ենք եւս, որ բացառապես անցումը դեպի բուհական մոդելի՝ ընդունելի չէ, այն պարզ պատճառով, որ աշխարհի որեւէ երկրում նման մոդել չկա։ Բոլոր երկրներում էլ գործում են գիտության կազմակերպման տարբեր ձեւեր, եւ խիստ կարեւոր է ապահովել գիտության կազմակերպման վարչաիրավական ձեւերի բազմազանություն։ Այսինքն՝ մեր առաջարկները, որ ձեւակերպվել էին դեռ ԳԱԱ արտահերթ ժողովում, հնչում են այնպես, որ նպատակահարմար է բուհական համակարգում ունենալ ուժեղ գիտական բաղադրիչ, գիտական առանձին ստորաբաժանումներ, ինչպես նաեւ՝ ունենալ նմանատիպ կառույցներ Ակադեմիայի կազմում եւ ցանակալի է ունենալ այդպիսի գիտահետազոտական կազմակերպություններ Ակադեմիայից եւ բուհերից դուրս, որը կբարձրացնի նախ մրցունակության մակարդակը եւ հնարավորություն կտա իրականացնել տարաբնույթ գործողություններ, օրինակ՝ եթե բոլոր կազմակերպությունները միացնում են բուհերին, ապա ակնհայտ է, որ գիտությունը Հայաստանում վերածվում է կրթության սպասարկողի։ Սա անթույլատրելի է, որ գիտությունը լինի միայն կրթությանը սպասարկող, հենց այն պարզ պատճառով, որ կան անվտանգային խնդիրներ, ինչպես նաեւ տեխնոլոգիական, ռազմական խնդիրներ, որոնք հնարավոր չէ իրականացնել բուհական համակարգի կազմում»,- ընդգծում է Իշխանյանը։
2 կարեւոր փոփոխություն է իրականացվում օրենքի շրջանակներում․ մեկը, ըստ Իշխանյանի, այն էր, որ գիտական կազմակերպությունները բուհեր են տարվում․ «Սրա մասով արդեն ասացի, որ այն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ ռիսկեր։ Ուզում եմ նշել, որ մեր ակադեմիայի կազմում գործող ինստիտուտներն իրականացնում են բազմաբույթ գործողություններ, այսինքն՝ ինստիտուտների կազմում կան լաբորատորիաներ, որոնք ավելի մոտ են կենսաբանությանը, քիմիային, իսկ բուհերին տարրալուծվելու պարագայում տեղի է ունենալու մասնատում, եւ թուլացնելու է արդյունավետությունը։ Այսինքն՝ միայն այս կետի շուրջ բազմաթիվ են առարկությունները, եւ մենք մատնանշում ենք այդտեղ խնդրահարույց կետերը եւ ռիսկերը։ 2-րդ փոփոխությամբ Ակադեմիային տրվում է նոր սահմանում, որը որոշ չափով տարբերվում է նախկինից․ այն, որ բացակայում են ինստիտուտները, հիմա դա փոխարինվել է մեկ այլ բանով, որ այդ գիտական կազմակերպությունների փոխարեն Ակադեմիայի անդամ են դառնում բոլոր գիտական կազմակերպությունների աշխատակազմերում ընդգրկված պատվավոր առաջատար եւ պատվավոր գլխավոր գիտաշխատողները։ Այս ինստիտուտը նորություն է մեզանում եւ ինքնին դրական նորամուծություն է, բայց խնդրահարույց է դրանց ներգրավումն Ակադեմիայում, որովհետեւ աշխարհում այդ պրակտիկան չկա։ Եվ սա նշանակում է, որ Ակադեմիան վտանգված է վերածվելու ծերակույտի, որովհետեւ այդ պատվավոր գիտական կոչումները գիտաշխատողներին տրվում են միայն կենսաթոշակային տարիքի հասնելու պարագայում։ 2-րդ․ ելնելով այն հանգամանքից, որ այդ դիրքին հասնում են վաստակաշատ գիտնականները, հետեւաբար, նրանք ունեն կենսափորձ, լայն գիտելիքներ, ապա ինչ-որ կերպով նրանց ներգրավվելն Ակադեմիայի աշխատանքներում՝ կլիներ դրական։ Բոլոր դեպքերում, մենք մեր դիտողություններում գրել ենք, որ իմաստ ունի նրանց ներգրավվել որոշակի քվոտավորմամբ՝ 25 տոկոսի չափով»։
Ինչ վերաբերում է Ակադեմիայի կարգավիճակի փոփոխությանը, այն, որ այսուհետ Ակադեմիան լինելու է հիմնադրամ, ի՞նչ է դա տալու։ Իշխանյանը նշում է, որ, նախ, օրինագծից պարզ չէ, թե այն դառնո՞ւմ է հիմնադրամ, թե՞ ոչ, քանի որ օրենքի նախագծում կան հակասող ձեւակերպումներ․ «Նույն՝ 9-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է, որ Ակադեմիան իրենից ներկայացնում է ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպություն, այսինքն՝ հիմնական հոդվածում «հիմնադրամ» բառը չի գործածվում։ Այլ բան է, որ ուրիշ տեղերում ասված է «հիմնադրամ»։ Սա հարցերից մեկն է, որ տարակուսանք է առաջացնում, որովհետեւ այդպես էլ չկա որեւէ հստակեցում, թե ինչ են ուզում։ Հիմա, եթե մենք համեմատենք թե՛ հիմնադրամի, թե՛ ոչ առեւտրային կազմակերպության տարբերակները, ապա, անշուշտ, հիմնադրամը խիստ սահմանափակում է Ակադեմիայի գործունեությունը, որովհետեւ, ըստ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի, հիմնադրամները կառավարվում են հոգաբարձուների խորհրդով, որը մասամբ նշանակովի է, իսկ դա, բնականաբար, միանգամայն իջեցնում է ինքնակառավարվող լինելու հանգամանքը, մինչդեռ գիտական հանրությունն ամբողջ աշխարհում, անշուշտ, ինքնակառավարվող համակարգ է եւ հակասում է հիմնարար սկզբունքներին։ 2-րդ․ հիմնադրամներն իրենց կազմում չեն կարող ունենալ պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, ՊՈԱԿ-ներ, իսկ նման հնարավորությունից զրկելն էապես թուլացնում է մեզ, ինչպես նաեւ այդ հնարավորությունից մեզ զրկում է ապագայում համապատասխան ինչ-որ կառույցներ ստեղծել։ Այնպես որ, մենք այդ կետի դեմ լրջորեն առարկում ենք։ Չնայած, կրկնում եմ՝ նախագծից դա պարզ չէ՝ Ակադեմիան դառնում է հիմնադրամ, թե ոչ»։