Օրերս մամուլը գրել էր, որ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ է կանչել Վերաքննիչ քրեական դատարանի մի խումբ դատավորների եւ առաջարկել է քվեարկություն անել, դատարանի ստվերային նախագահ ընտրել, քանի որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի հետ ինքը չի կարողանում աշխատել, ներկաներին առաջարկել է իրենց միջից ստվերային նախագահ ընտրել, որի հետ ԲԴԽ-ն «կաշխատի», այսինքն՝ հրահանգներ կփոխանցի, նա էլ դատավորներին կհանձնարարի կատարել այդ հրահանգները։ Դատավորները, սակայն, քվեարկության չեն մասնակցել, դա վիրավորանք են համարել իրենց հասցեին ու հեռացել են, միայն դատավոր Արմեն Դանիելյանն ու ստվերային նախագահ Ռուբիկ Մխիթարյանն են մնացել։ Թեմայի առնչությամբ զրուցեցինք ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։
Վարդազարյանին հարցրինք՝ նախկինում նման պրակտիկա եղե՞լ է, որ փորձեն դատարանի ստվերային նախագահ ընտրել, թե՞ դա Կարեն Անդրեասյանի մտքի թռիչքն է․
«Ես երկար տարիներ աշխատել եմ դատավոր, այնուհետ Երևանի Կենտրոն դատարանի նախագահ, այնուհետ Երևան քաղաքի դատարանի նախագահ, այնուհետ՝ ԲԴԽ նախագահ։ Հայաստանի նորագույն պատմության մեջ երբեք նման բան տեղի չի ունեցել։ Բայց մենք կարո՞ղ ենք վստահ լինել, որ հրապարակված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, որովհետև եթե դա իրականություն է, ապա պետք է դա իրավական հետևանք ունենա։ ԲԴԽ նախագահի կողմից նման նախաձեռնությունը պետք է իրավական հետևանք ունենա։ Ես նկատի չունեմ քրեական պատասխանատվություն, վարչական կամ կարգապահական որևէ պատասխանատվություն, ես նկատի ունեմ, որ իրավական որևէ հետևանք պետք է լինի, որովհետև եթե նման բան է տեղի ունեցել, ապա առնվազն պետք է բացատրվի, թե դա ինչ է նշանակում։ Եթե նման բացատրություն չլինի ու հերքում չլինի, ապա դա ուղղակի խայտառակություն է։ Անկախության տարիներից սկսած 30 տարիների ընթացքում ինչին որ ձգտել է Հայաստանի դատական իշխանությունը, դա մեկ ժամում ուղղակի աղբանոց նետել է նշանակում, և եթե եվրոպական մեր գործընկերներից արձագանք չեղավ, ապա դա շատ ավելի վատ է, քան ՀՀ գործող իշխանությունների արձագանքի բացակայությունը»,- պատասխանեց Վարդազարյանը։
Օրերս հրապարակվեց դատավորների եվրապական միության բանաձևը, որտեղ խստագույնս քննադատվում էր դատական իշխանության հետ կապված ՀՀ իշխանությունների քաղաքականությունը, Կարեն Անդրեասյանի և ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցի ընտրությունը ԱԺ-ի կողմից, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելն ու նրանց լիազորությունները դադարեցնելը։ Վարդազարյանին հարցրինք՝ նորմալ իշխանությունները, ԲԴԽ-ն, ի՞նչ պիտի անեին այս քննադատություններից հետո․
«Առնվազն պետք էր մեկնաբանել․ կարելի է դրա հետ համաձայնել կամ չհամաձայնել, բայց մեկնաբանությունն անհրաժեշտ է։ Ի վերջո դատավորների եվրոպական միությունը շատ հեղինակավոր հասարակական կառույց է, և եթե նման բան է արձանագրել, ապա դա նշանակում է, որ ունի բավարար հիմքեր՝ նման բան արձանագրելու համար։ Սա հետևյալն է նշանակում․ ես չգիտեմ, թե հայկական իշխանություններն ինչպես դրան կարձագանքեն, կամ կարձագանքե՞ն, թե՞ ոչ։ Փորձը ցույց է տալիս, որ վերջին ժամանակահատվածում, մեր հայաստանյան իշխանությունները շատ լավ քաղաքական գիծ են ընտրել՝ խուսանավել ցանկացած քննադատությունից, ընդհանրապես չլսելու տալ, ուղղակի անտեսում են և վերջ։ Անցնում է 3-4 օր, մամուլը մոռանում է դրա մասին, այլևս չեն արձագանքում, և թվում է, թե հարցը հարթված է, բայց սա շատ լուրջ հետևանքներ է ունենալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որովհետև, ի տարբերություն Հայաստանի, եվրոպական կառույցները՝ թե՛ հասարակական, թե ներպետական, թե՛ միջպետական կառույցները, միշտ սինխրոն են աշխատում, և եթե դատավորների եվրոպական միությունը ինչ-որ բան է արձանագրում, դա նշանակում է, որ ՄԻԵԴ-ը ուղղակի չի կարող անտեսել և խուսանավել, ասել, որ նման բան տեղի չի ունեցել։ Դա նշանակում է, որ անպայման այդ հարցին անդրադառանալու են, և հետագա վճիռներում դա երևալու է։ Մեծ ցավով եմ սա ասում, եթե Հայաստանի դեմ վճիռներ լինեն, բայց լինելու են։ Ասեմ ավելին՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին զեկույցում նույնպես մեծ գլուխ կար, որը վերաբերում էր դատական իշխանությանը․․․ և՞։ Հարցս հռետորական էր․․․, որևէ պատասխան, որևէ արձագանք չկա, որևէ մեկնաբանություն չկա, որևէ արդարացում չկա, որևէ հերքում չկա, դա միջազգային հարաբերություններում նշանակում է, որ եթե ԱՄՆ Պետդեպը արձանագրում է խնդիր դատական համակարգում, ապա դա նշանակում է, որ այդ երկրների հետ միջազգային փոխհարաբերություններում այդ հարցը միշտ դրվելու է, օրակարգում լինելու է, այս կամ այն կերպ դա բացասական ազդեցություն է ունենալու Հայաստանի Հանրապետության համար։ Փոքր ինչ էգոիզմ դրսևորեմ ու անդրադառնամ իմ թեմային․ եթե ԱՄՆ Պետդեպը արձանագրում է, որ այն, ինչ կատարվում է Վարդազարյանի նկատմամբ, քաղաքական հետապնդում է, իսկ նման բան արդեն արձանագրել է Պետդեպը, ապա դա նշանակում է, որ դատախազությունը դա առնվազն պետք է ուսումնասիրեր և որևէ կերպ արձագանքեր։ Նույնպես որևէ արձագանք չկա։ Վստահ եմ, որ անպատժելիության մթնոլորտը էլ ավելի խորացնելու է այն ճգնաժամը, որ այսօր կա դատական համակարգում»,- պատասխանեց Վարդազարյանը։
Մինչ այժմ կար տպավորություն, որ ՀՀ իշխանությունները Արևմուտքում և եվրոպական կառույցներում քարտ բլանշ ունեին, և նրանց ամեն ինչ ներվում էր։ Վարդազարյանին հարցրինք՝ արդյոք այս կոշտ քննադատությունները նշանակում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արդեն մսխել է Արևմուտքում իր արտոնությունները․
«Գիտեք՝ այսպիսի մի սկզբունք կա․ երբ ինչ-որ մեկին ինչ-որ պաշտոնի նշանակում են կամ ընտրվում է, որպես կանոն հասարակությունը, ընդդիմությունը, լրագրողները, մամուլն ընդհանրապես տալիս են որոշակի ժամանակ՝ այդ 100 օրը։ Չեն քննադատում, սպասում են մամուլի առաջին ասուլիսին, որտեղ այդ պաշտոնյան ներկայացնում է իր արած- չարածը, ձեռքբերումներն ու բացթողումները և այլն։ Գտնում եմ, որ Հայաստանի իշխանություններին տրված այդ պայմանական «100 օրը» արդեն լրացել է, և այդ կառույցները, ուզած թե չուզած, արդեն սկսում են արձագանքել։ Տեղեկատվական հոսքը Հայաստանից այդ կառույցներ այնքան շատ է, որ նույնիսկ ցանկության դեպքում անգամ «ժողովրդավարության բաստիոնը» պաշտպանել չեն կարող, այդ սահմանագիծն արդեն հատվել է։ Մենք ապագայում ականատես ենք լինելու բազմաթիվ այդպիսի հայտարարությունների ու քննադատությունների, ՀՀ-ի դեմ դատական ակտերի»։