Քաղաքականություն

«Հրապարակ». Ինչո՞ւ են հետ կանչել Ռուբեն Սադոյանին

«Հրապարակ». Ինչո՞ւ են հետ կանչել Ռուբեն Սադոյանին

Մենք հուլիսի 8-ին գրել էինք․ «Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին հետ են կանչում։ Նրա փոխարեն կգործուղվի երկարամյա դիվանագետ Աշոտ Սմբատյանը, ով 2015-2021 թթ․ Գերմանիայում ՀՀ դեսպանն էր: Ռ. Սադոյանը, հիշեցնենք, Վրաստանում դեսպան նշանակվեց 2017-ին, իսկ մինչ այդ ՀՀ ԱԺ պատգամավոր էր»։

Երեկ հրապարակվեց նախագահի հրամանագիրը, որով հաստատվեց մեր հրապարակումը․ Նիկոլ Փաշինյանը հետ կանչեց Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին եւ նրա փոխարեն մեր հարեւան երկրում դեսպան նշանակեց Աշոտ Սմբատյանին։ Թե՛ հետկանչման, թե՛ նշանակման հրամանագրերն արդեն ստորագրել է հանրապետության նախագահը։
Աշոտ Սմբատյանը 2015-2021թթ. եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը, իսկ Ռուբեն Սադոյանը նախկիններից մնացած կադր էր՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր է եղել, հետո Սերժ Սարգսյանի հրամանագրով 2017 թվականին նշանակվել է Վրաստանում ՀՀ դեսպան, ու չնայած 2018-ից հետո Սերժ Սարգսյանի կողմից նշանակված շատ դեսպաններ հետ կանչվեցին հենց առաջին տարիներին, սակայն Սադոյանը մինչ օրս պաշտոնավարում էր՝ աշխատելով նաեւ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Հիմա Փաշինյանը որոշեց փոխել նրան։

Երեկ մենք կապ հաստատեցինք Ռուբեն Սադոյանի հետ, ով դեռ գտնվում է Թբիլիսիում, հասկանալու համար, թե ինչու է հետ կանչվել դեսպանի պաշտոնից։ Սադոյանն ասաց, որ հեռախոսով չի ցանկանում հարցազրույց տալ, ինքը դեռ Վրաստանում է՝ չի դադարեցրել լիազորությունները, մի քանի օրից կվերադառնա Երեւան եւ հարցազրույց կտա։
Իսկ ի՞նչն էր պատճառը, որ Ձեզ հետ կանչեցին, Սադոյանն ասաց․ «Հինգ տարի է՝ աշխատում եմ, դեսպանները ժամկետով են աշխատում»։ Այսինքն, ժամկե՞տն էր լրացել, որ հետ կանչեցին։ «Ժամկետը, ես հրամանագրված էի որոշակի ժամկետով, բայց դա պրակտիկա է, որ դեսպանները մաքսիմում հինգ տարի ժամանակահատվածով են մնում եւ ծառայում այդ երկրում»,- ասաց Ռուբեն Սադոյանը։

Մեր դիտարկմանը, որ եթե գոհ են լինում դեպանի աշխատանքից, կարող են նաեւ երկարացնել ժամկետը, Սադոյանը դժվարացավ պատասխանել․ «Էդ հարցերն արդեն ինձ չպետք է ուղղել, բայց պրակտիկայում նման բան չկա»։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե, իր կարծիքով, գործող իշխանությունը գո՞հ էր իր աշխատանքից, եւ ի՞նչ կարող է ասել Վրաստանում կատարած իր աշխատանքի մասին։ Սադոյանը կրկնեց՝ հեռախոսով չի ուզում խոսել այդ թեմայով, երբ որ լինի Հայաստանում, կզրուցեն, ապա իր աշխատանքից գոհ լինել-չլինելու մասով ավելացրեց․ «Դու քո աշխատանքն ինքդ գնահատո՞ւմ ես, թե՞ կողքից ես գնահատում։ Ընդհանրապես, ո՞նց է կարգը․․․ Եկեք սպասենք կողքից գնահատականին»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image