Հասարակություն

«Հրապարակ»․ Եղեւնիներն այլանդակվել են դենդրոլոգի եզրակացությամբ

«Հրապարակ»․ Եղեւնիներն այլանդակվել են դենդրոլոգի եզրակացությամբ

Վանաձորի կենտրոնում դարավոր եղեւնիներ են անդամահատվել: Այլ կերպ չես անվանի այն, ինչ իրականացրել են ծառերի գլխին: Մեր տեղեկություններով, դա տեղի է ունեցել քաղաքի գլխավոր դենդրոլոգի համաձայնությամբ: Լուսանկարները «Հրապարակին» են ուղարկել վանաձորցիները: Նրանք պատմում են, որ Տիգրան Մեծի 48 հասցեում, որը քաղաքի կենտրոնական վայրերից է, եւ Զաքարյան 8 հասցեում, կենտրոնից ոչ հեռու գտնվող Լճեր թաղամասում քաղաքապետարանը եղեւնիներ է էտել, որի արդյունքում ծառերն այլանդակվել են։ Վանաձորցիները պարզապես չեն ճանաչում իրենց թաղամասերը։ Դարավոր եղեւնիները խեղճացել են, ասես ողորմելի ցնցոտիներ հագած լինեն։

«Սա ոչ այլ ինչ է, քան թշնամություն, ատելություն քաղաքի նկատմամբ: Էս դարավոր ծառերը, որոնք էս քաղաքի շքեղությունն էին ապահովում, ծիծաղելի տեսք են ստացել։ Մի նայեք, թե ոնց են կոտորել։ Մարդիկ դուրս եկան, բողոքեցինք, բայց ո՞վ է Հայաստանում մարդկանց լսում։ Ծառն ո՞ւմ էր խանգարում, թթվածին էր, որ պետք է շնչեինք։ Բայց հիմա չենք շնչի»,- ասում է վանաձորցի Մարինեն։ Վանաձորի քաղաքապետ Արկադի Փելեշյանի խոսնակը մեզ ասաց, որ միայն հին, ոչ կենսունակ ծառերն են կտրատվում, խոստացավ մանրամասներ հայտնել ավելի ուշ։ «Դենդրոլոգի եզրակացությունը ձեռքիս տակ կլինի, կմանրամասնեմ»,- ասաց նա։ Դեռ սպասում ենք: Փաստորեն, ծառերն այլանդակվել են քաղաքի գլխավոր դենդրոլոգի եզրակացությամբ: 


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image