Քաղաքականություն

Ես ներողություն եմ խնդրում իմ գործընկերների կողմից այն իրավիճակի համար, որն ունենք

Ես ներողություն եմ խնդրում իմ գործընկերների կողմից այն իրավիճակի համար, որն ունենք

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից մի շարք պատգամավորներ, համաձայն չլինելով իրենց թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանի պահվածքի, գրառումների եւ որոշումների հետ, արդեն սկսել են դուրս գալ խմբակցությունից կամ մանդատը վայր դնել։ Բայց կան դեռ այնպիսիք, որոնք պատրաստ են մինչեւ վերջ մնալ եւ «զոհվել» հանուն Փաշինյանի, ում արդեն ժողովուրդը դավաճանի պիտակ է փակցրել։ Այս թեմայով երեկ զրուցել ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բայց ոչ ՔՊ անդամ Բաբկեն Թունյանի հետ։

- Պարոն Թունյան, Դուք պատրաստվո՞ւմ եք դուրս գալ խմբակցությունից կամ մանդատը վայր դնել, ինչպես Ձեր այլ գործընկերներ արեցին։

- Ուրեմն ցանկացած որոշում կայացնելուց առաջ պետք է նայել՝ դա ինչ օգուտ եւ ինչ վնաս է տալիս։ Հիմա ես մանդատը վայր դնելու օգուտը կամ իմ մնալու վնասը չեմ պատկերացնում։ Եթե պիտի առաջնորդվեմ միայն նրանով, որ 10 հոգի ասել են՝ լավ կլինի, որ մանդատները դնեք, նույնկերպ էլ կարող ենք նայել, որ 10-15 հոգի ասում են՝ դուրս մի եկեք։ Ես հիմա մտածում եմ՝ ոնց անեմ, որ հետո իմ ու իմ մյուս գործընկերների քայլերն ավելի խորը ցնցումների մեզ չտանեն, որովհետեւ, փաստացի, պատերազմը դեռ չի ավարտվել։ Պատերազմական գործողությունների ռիսկը կա, հազար հատ խնդիր կա, ու եթե հիմա պետական կառավարման համակարգը քանդվի, մեր հազարավոր հայրենակիցներ կարող է խնդիրներ ունենան։ Հիմա ամենահեշտ եւ ամենաէգոիստական որոշումը կլինի՝ ձեռքերը ծալել ամեն ինչից ու գնալ։

- Բայց պահանջում են ձեր թիմի հեռացումը, եւ չի բացառվում՝ դուք վաղ թե ուշ հեռանաք։

- Դա պահանջողներ էլ կան, հակառակը պահանջողներ էլ կան, ես լիքը նամակներ եմ ստանում, զանգեր, SMS-ներ ու կարող եմ հենց հիմա Ձեզ ցույց տալ, թե անծանոթ մարդն ինձ ինչ է գրել։ Հա՛մ հող ծախողի, դավաճանի նկարով տարածում են իմ նկարը ինչ-որ տեղեր, հա՛մ էլ կա հակառակը։

- Որպեսզի այլեւս Ձեր նկարը չհայտնվի դավաճանի պիտակով պաստառների ներքո, գուցե Դո՞ւք էլ լքեք այս թիմը։

- Իմ նկարը տարբեր առիթներով միշտ ինչ-որ տեղեր հայտնվել է, բայց ես երբեք իմ սկզբունքներին, համոզմունքներին դեմ չեմ եղել։ Այսինքն, եթե ես գտնեմ, որ ճիշտը գնալն է կամ ճիշտը՝ մնալը, կա՛մ գնալու եմ, կա՛մ մնալու եմ։

- Ձեր սկզբունքների մե՞ջ էր մտնում այսպես խայտառակ ձեւով Արցախը հանձնելը թշնամուն։

- Հիմա ես ինչ որ ասում եմ, մենք պայմանավորվում ենք, որ բառացի այս ամենը հրապարակվելու է։ Ուրեմն, նախ՝ եթե ես շատ կոշտ լինեի էն իմ գծած կանոնների մեջ, մենք իրար հետ պիտի հիմա հարցազրույց չանեինք։ Գիտե՞ք ինչի համար, որովհետեւ երկուսս էլ եղել ենք լրագրող ու երկուսս էլ գիտենք, որ հարցերի մեջ որակումներ պետք չէ դնել, հարցի մեջ պիտի վիրավորանք չհնչի, ու հիմա Ձեր հարցը կոնկրետ վիրավորանք է, «դավաճանական» տերմին էլ օգտագործեցիք։

- Ես Ձեզ չեմ վիրավորել, «դավաճանական» տերմին էլ չեմ օգտագործել, բայց հիմա կօգտագործեմ, որովհետեւ ժողովուրդն է Ձեր թիմի ղեկավարին անվանում դավաճան, այլ ոչ թե ես։

- Եթե ասում եք՝ ժողովուրդը, Դուք, բնականաբար, նկատի ունեք ժողովրդի էն հատվածին, որը համարում է դավաճան, եւ կա ժողովրդի մի հատված, որը չի համարում դավաճան։ Եկեք էս էլ ընդունենք։ Սա՝ մեկ։ Երկրորդը, որ հասկանաք, թե էդ քայլն այլընտրանք ունե՞ր, թե՞ չուներ, ստեղծված իրավիճակում կա՞ր այլ լուծում, թե՞ չկար, ես՝ ինքս, շատ հարցերի պատասխաններ չգիտեմ։ Բայց ես նաեւ գտնում եմ, որ էս պայմաններում չեմ կարող ասել, որ ինչ-որ կտրուկ փոփոխություն քաղաքական իշխանության վիճակը կարող է ավելի բարելավել կամ էն եղած պայմանները, որ էսօր կան, մենք կունենանք ավելի լավ փաստաթուղթ։ Հիմա, օրինակ, ընդդիմությունը, որը պահանջում է իշխանության հրաժարականը։ Իրենք ի սկզբանե ասում են՝ մենք ճանապարհը ցույց կտանք` դուրս գալու էս իրավիճակից։ Ես անկեղծ եմ ասում՝ շատ մեծ հետաքրքրությամբ եւ ուշադրությամբ կքննարկեմ էդ ճանապարհը, բայց ես տեսել եմ իրենց առաջարկած ճանապարհի մի մասը, այսինքն՝ իշխանությունը հեռանում է, ձեւավորվում է թիմ, որը հետո ավելի է բարելավելու։ Հիմա կա՞ էդ ճանապարհը, եկեք հասկանանք, տեսնենք՝ իրենք ո՞նց են պատկերացնում, ի՞նչն է խանգարում, որ հիմա իշխանությունը դա չանի։ Ու նաեւ հասկանանք ռիսկերը, եթե հիմա գնաց իշխանությունը․․․

- Պարոն Թունյան, այս իշխանությունը պարտվել է պատերազմը, եւ երկրի վարչապետը ստորագրել է մի փաստաթուղթ ժողովրդի թիկունքում, ժողովրդից ու նաեւ ձեզնից գաղտնի, հիմա այս իշխանությանը կարո՞ղ ենք նորից վստահել։

- Ոչ թե իշխանությունն է պարտվել պատերազմը, այլ պատերազմն էսպիսի արդյունք է ունեցել էս իշխանության օրոք, ու, բնականաբար, իշխանությունը պետք է դրա համար պատասխան տա։

- Իսկ ինչո՞ւ պատասխան չի տալիս։

- Որովհետեւ էդ պատասխան տալը կարող ա նենց լինի, որ դու հետո ավելի շատ վնաս տաս։ Ես էլի եմ ասում․ եթե ես վեր կենամ տեղիցս գնամ, էն մի նախարարը գնա, բոլորը գնան, հիմա հազար հատ հարց կա՝ Արցախից տեղափոխվածների, քովիդի, ֆինանսական կայունություն ա, ո՞վ է զբաղվելու էդ բոլոր հարցերով։

- Լավ, դուք մնացեք, թող կառավարության մի մասը մնա, բայց Փաշինյանը պե՞տք է հեռանա, թե՞ ոչ։

- Ուրեմն կան ինչ-որ կանոններ, որոնց ես հետեւում եմ, ես էստեղ նաեւ վարչապետի գնալու-չգնալու ռիսկն էլ եմ հաշվի առնում, որովհետեւ կա քաղաքական իրավիճակ, որի հետագա ինչ-որ չափի խարխլումը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ։

- Ավելի անդառնալի, քան հիմա, ունե՞նք։

- Ունենք շատ վատ դրություն հիմա։ Ինչքան էս քաղաքական անկայունությունը շարունակվում է, էնքան տնտեսության մեջ տեղի են ունենում կատաստրոֆիկ վատ երեւույթներ։ Իրավիճակի օր առաջ կայունացումը, նորմալ քննարկման գնալը իրավիճակը կբարելավի։ Կգտնե՞ն հետո, որ ինչ-որ բան սխալ ենք արել, որեւէ մեկը դեմ չէ՝ ամենայն մանրամասնությամբ քննարկելու։

- Պարոն Թունյան, եթե քաղաքացիական պատերազմ սկսվի, ինչ-որ մեկի հրահրմամբ, Դուք ո՞ր կողմից կլինեք։

- Քաղաքացիական պատերազմ չի սկսվի, ամեն դեպքում, եթե քաղաքացիական պատերազմ սկսվի էլ, գործող իշխանությունն ու Ագզային ժողովն էլ ամեն ինչ կանեն, որ նման բան չլինի։ Եթե, Աստված մի արասցե, Հայաստանում նման բան լինի, էդ ժամանակ կողմեր չկան, ոչ մեկի կողմն էլ չեմ լինի։ Ու մի բան էլ եմ ուզում շեշտել՝ ես հասկանում եմ, որ հիմա շատ մարդիկ լարված են, հուզական են, մեղադրանքներ են հնչեցնում, ու ես՝ ինքս, չնայած գիտեմ՝ ինչում եմ մեղավոր, ինչում մեղավոր չեմ, բայց ես ներողություն եմ խնդրում իմ գործընկերների կողմից այն իրավիճակի համար, որն ունենք։ Եթե ասում ենք՝ էսինչ մարդն էսինչ տեղից էսինչ սխալն է արել, էն մյուս գործիչն էն մյուս տեղում էնինչ սխալն է արել, միեւնույն է, ես գտնում եմ, որ էդ ամեն ինչի պատասխանատուն իշխանությունն է։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image