ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանի բերանով իշխանությունը հայտարարեց 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ Հանձնաժողով, որին բացի իշխանության մեծաքանակ ներկայացուցիչներից, մասնակցելու են նաև իշխանությունների հետ համագործակցող արտախորհրդրանական ուժերը։
«Հայաստան» դաշիքնի պատգամավոր Ագնեսա Խամոյանը «Հրապարակի» այն հարցին ի պատասխան, թե նպատակահարմար գտնո՞ւմ են մասնակցելու այդ ձևաչափին, ասաց․
«Նախ ուզում եմ ընդգծել, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը մեր ֆրակցիայի առաջնահերթություններից է։ Ակնհայտ է, որ իշխանությունն իրեն հասու ոչ օրինական ճանապարհներով, տեղեկանալով մեր այս որոշման մասին, փորձում է մարտավարություն խաղացնել. ձեւավորել իր համար ցանկալի կազմով հանձնաժողով՝ ներգրավելով արբանյակ արտախորհրդարանական ուժերի, ինչն առնվազն վիճարկելի է օրենքի տեսանկյունից։ Անվիճարկելի է, որ իշխանությունը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը ցանկանում է սրբագրել իրեն՝ քավության նոխազ դարձնելով բանակին եւ դիվանագիտական կորպուսին։ Իրենց ձեւավորած հանձնաժողովն աշխատելու է՝ «Բոլորը մեղավոր են, բացի Նիկոլ Փաշինյանից» սկզբունքով։ Բայց ինչպես հայտնի է՝ հանցագործը չի կարող քննել իր գործած հանցանքը։ Այդուհանդերձ, մենք կսպասենք հարցի պաշտոնական ձեւակերպմանը, եւ ըստ այդմ, կհրապարակենք մեր վերջնական եւ փաստարկված որոշումը»։