Հարցազրույց Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանի հետ
- Վանաձորում շուրջ մեկ տարի է՝ անիշխանություն է, այսինքն՝ կառավարումն իրականացնում է ոչ թե ավագանու նշանակված համայնքի ղեկավարը, այլ՝ Նիկոլ Փաշինյանի նշանակած ԺՊ-ն։ Ավագանու նիստերին չի հաջողվում ընդունել կարեւոր որոշումներ։ Ո՞րն է լուծումը։
- Իսկապես, անցյալ տարվա դեկտեմբեր ամսից չի հաջողվել իրականություն դարձնել Վանաձոր համայնքի բնակիչների կամքը եւ ընտրությունը։ Պատճառը մեկն է․ կենտրոնական իշխանությունները հարձակում են գործել տեղական ժողովրդավարության նկատմամբ՝ որոշելով, որ ամենաշատ քվե ստացած թեկնածուն պետք է լինի անազատության մեջ, իսկ համայնքի ղեկավար նշանակելու հնարավորությունը՝ արգելվի դատարանի կողմից։ Ամենացավալին այն չէ, որ տեղի ունեցողն աննախադեպ է, այլ այն, որ այս քայլերով մարդկանց՝ ընտրություն անելու իրավունքը ոտքի տակ տրորելու եւ տեղական իշխանություն ձեւավորելու հնարավորությունը վերացնելու կործանարար նախադեպ է ստեղծվում։ «Հայրենիք» խմբակցության մոտեցումը հստակ է. բացառապես Վանաձոր համայնքի բնակչի կողմից ձեւավորված իշխանությունը եւ այդ իշխանության կողմից ընդունված որոշումները կարող են համարվել օրինական եւ լեգիտիմ։ Հետեւապես, որոշակի ժամկետով չսահմանափակված ԺՊ-ի ինստիտուտը հակասահմանադրական է, եւ նման օրենսդրական կարգավորումները, առհասարակ, պետք է բացառվեն։
- Դեկտեմբերի 14-ին հրավիրված Վանաձորի ավագանու նիստի օրակարգում համայնքի բյուջեի, հաստիքացուցակի հարցերն են։ Ձեր խմբակցությունը մասնակցելո՞ւ է, կհաջողվի՞ ընդունել որեւէ որոշում։
- Դեկտեմբերի 5-ին ես իմ հայտարարության մեջ նշել եմ, որ այս հակաժողովրդավարական դրությունն առաջացրել է, մի կողմից, քաղաքական, իսկ մյուս կողմից՝ կառավարչական ճգնաժամ։ Հասկանալի է, որ համայնքը պետք է հնարավորություն ունենա լուծելու բնակիչների կենցաղային սպասարկման տարրական հարցերը, ինչի համար համայնքի նոր բյուջեի, հաստիքացուցակի հաստատումն ունի առանցքային նշանակություն։ Նաեւ նշել եմ, որ կառավարչական հարցերի լուծումը չի կարող իրականացվել վանաձորցիների վստահության մսխման եւ չընտրված իշխանությունների պաշտոնավարման գնով։ Դա նույնն է, թե հայտարարվի, որ Հայաստանում իշխանությունն այլեւս պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ՝ ում ասի ՔՊ կուսակցությունը։ Այս՝ առաջին հայացքից բարդ թվացող խնդիրն ունի մեկ խելամիտ լուծում. համայնքի ավագանիների ամբողջ կազմով վանաձորցիներին համայնքային իշխանություն ձեւավորելու իրավունքը վերադարձնելու մասին համաձայնության ձեռքբերում եւ նոր ընտրությունների անցկացում։ Միայն Վանաձորի բնակիչների քվեարկության արդյունքում կարող է որեւէ մեկը ստանալ իրավունք՝ պաշտոնավարելու որպես համայնքի ղեկավար։ Բոլոր խմբակցությունների կողմից ընտրություններ անցկացնելու որոշումը կամ խոստումը հրապարակային կերպով վանաձորցիների դատին հանձնելուց հետո նոր կարող ենք հրավիրել ավագանու նիստ եւ հաստատել համայնքի համար առաջնային նշանակություն ունեցող որոշումները։
Իհարկե, այլ լուծում էլ կա՝ եթե հենց վաղը իշխանությունները դադարեցնեն ապօրինությունները եւ ազատ արձակեն Մամիկոն Ասլանյանին, բայց վերջին մեկ տարվա փորձը ցույց է տալիս, որ հարցի այդպիսի լուծման իշխանությունները չեն գնա։
- Այդ որոշումը չի՞ ունենա խութեր, չէ՞ որ իշխանությունները կարող են ապագայում կրկին կալանավորել ընտրված համայնքապետին։
- Իհարկե, նման հավանականություն կա, բայց Հայաստանում քաղաքականություն մուտք գործող մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենց յուրաքանչյուր օրինական քայլի համար կարող են հանդիպել ապօրինի եւ բիրտ ուժի հակազդման։ Ո՞րն է ելքը. օրինական ճանապարհով, համառությամբ եւ հետեւողականությամբ նվաճել ժողովրդավարությունը։ Այո, նվաճել, որովհետեւ որեւէ երկրի եւ ժողովրդի ժողովրդավարությունը հենց այնպես երկնքից նվեր չեն ուղարկել։
Ժողովրդավարության մեխանիզմը պետք է վերագործարկել այնքան ժամանակ, քանի դեռ այն չի սկսել աշխատել։ Դա նշանակում է, որ եթե լինեն ընտրություններ, եւ վանաձորցիները որոշեն, որ Վահե Դոխոյանին կամ մեկ այլ մարդու են տալիս իրենց վստահությունը, եւ դրանից հետո իշխանությունը ձերբակալի այդ անձին, ապա նույն Վահե Դոխոյանը պետք է պատրաստ լինի ինչ-որ ժամանակ անազատության մեջ լինել՝ հանուն իրեն տրված վստահության, իսկ համայնքը պետք է պատրաստ լինի մասնակցել նոր ընտրությունների եւ իր քվեն տալ ազատության մեջ գտնվող եւ վանաձորցու վստահությանն արժանի մեկ այլ քաղաքացու։ Միայն այս ճանապարհով բնակչությունն իշխանություններին կհասկացնի, որ հենց ինքն է բարձրագույն իշխանությունը համայնքում, եւ միայն իր կամոք կարող է ձեւավորվել կամ փոփոխվել իշխանություն։ Վստահեցնում եմ, որ բավարար կլինի մեկ անգամ դա ցույց տալ տեղական մակարդակում, եւ որեւէ իշխանություն այլեւս չի հանդգնի կրել մարդկանց քվեն գողացողի խարանը, քանի որ հակառակ պարագայում շատ արագ կկորցնեն իրենց իշխանությունը ոչ միայն Վանաձորում, այլեւ՝ ամբողջ երկրում։
Ուղիղ տեքստով ասեմ. սիրելի վանաձորցիներ, որեւէ մեկն առանց ձեզ կրկին դիմելու չի կարող Վանաձորում ձեւավորել իշխանություն։ Միայն դուք եք որոշողը, միայն ձեր միջոցով կարող է որեւէ անձ օծվել լիազորություններով կամ հեռացվել պաշտոնից։ Իմացեք, որ «Հայրենիք» խմբակցության համար վանաձորցու քվեն անսակարկելի է։ Մենք շարունակելու ենք ամեն ջանք ներդնել ձեր կամքն իրականություն դարձնելու ուղղությամբ։