Նախօրեին «Անի» հյուրանոցի սրահում տեղի է ունեցել սրբազան պայքարի քաղաքական խորհրդի փակ նիստը՝ թվով երկրորդը։ Հաջորդ օրն էլ Բագրատ սրբազանը հանրային գործիչների հետ է հանդիպել: Սրբազան պայքարի տելեգրամյան ալիքը քաղաքական խորհրդի նիստից միայն լուսանկարներ հրապարակեց ու մեկ նախադասություն։
Նիստին մասնակցել են տարբեր հայացքներ, տեսլական ու մոտեցումներ ունեցող շուրջ 30 հին ու նոր ուժեր՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական, ինչպես նաեւ՝ շարժմանն աջակցող գործիչներ։
ՀՀԿ-ից ներկա է եղել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցությունից՝ խմբակցության քարտուղար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը։ Արտախորհրդարանականներից՝ ԱԻՄ-ը՝ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ, Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը», «Ապրելու երկրից»՝ Մեսրոպ Առաքելյանը, «Մայր Հայաստան»-ից՝ Անդրանիկ Թեւանյանն ու Մանուկ Սուքիասյանը, «Ժառանգություն»-ը, Գարեգին Չուգասզյանը՝ ԱԺԲ-ից, Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք»-ը, Արամ Սարգսյանը՝ Դեմկուսից, Գառնիկ Իսագուլյանը՝ Ազգային անվտանգություն կուսակցությունից, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը՝ իր «Հաղթանակ» կուսակցությամբ, Արամ Հարությունյանի «Ազգային համաձայնություն»-ը, քաղաքագետ Կարեն Բեքարյանը եւ այլք։
Նիստի օրակարգում քննարկել են մինչեւ այս փուլը շարժման անցած ուղու վերագնահատման, թերությունների ու բացթողումների արձանագրման, առաջիկա անելիքների հարցերը։ Խոսվել է նաեւ այն մասին, թե մինչեւ այս պահը շարժմանն աջակցություն հայտնած ուժերն ինչ ծավալի մասնակցություն են ունեցել։ Առաջիկա երկու ամսում՝ մինչեւ սեպտեմբեր, շարժումը մտադիր է շարունակել մարզային այցելությունները, նախապատրաստական աշխատանքներ տանել։ Բագրատ սրբազանը, ի դեպ, առիթ ունեցել էր խոսելու այն մասին, որ շարժմանն աջակցող ուժերն իրենց աջակցությունը ոչ թե խոսքով, այլ գործով պետք է ցույց տան։ Ակնկալվում է, որ աշունը թեժ է լինելու։
Մեզ հետ զրույցում շարժման առաջնորդներից մեկը` «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ասաց՝ քաղաքական ուժերի հետ քննարկել են շարժման հետագա ճանապարհային քարտեզը։ «Հավաքվածները գրեթե միաձայն վերահաստատել են այն, որ այս իշխանությունները պետք է հեռանան։ Հաստատել են իրենց աջակցությունը սրբազան պայքարին։ Կան տարբեր կուսակցություններ, տարբեր առաջարկություններ, որոնք քննարկման փուլում են, թե ինչ ճանապարհով եւ մեթոդներով պետք է առաջ շարժվենք»,- ասաց նա՝ շեշտելով, որ շարժումը շարունակվում է, այս փուլում ընթանում են մարզային ինտենսիվ այցելություններ՝ տեղերում պայքարի կորիզի ձեւավորման աշխատանքներ: Դանիելյանը նաեւ կարեւորեց սխալները շտկելու անհրաժեշտությունը։
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը «Հրապարակ»-ին ասաց՝ հոռետեսական տրամադրված էր գնում հանդիպմանը, քանի որ գիտի, թե որքան բարդ է 30-ից ավելի ուժերի համախմբել մեկ նպատակի շուրջ, բայց, բարեբախտաբար, իր սպասումները չարդարացան։ «Մեր մասնակցությունն այս շարժմանը շատ փոքր է, մենք որպես աջակցող ենք հանդես գալիս, աջակցում ենք ճշմարտությամբ առաջնորդվելու գաղափարին, նրան, ինչն ԱԻՄ-ի համար հոգեհարազատ է։ Այսօրվա նիստի նպատակը Քաղաքական խորհրդի ձեւավորումն էր, սակայն ավելի շուտ քննարկումներ էին` այդ եւ տարբեր ուղղություններով կազմակերպչական աշխատանքներ կատարելու մասին։ Ես գնում էի հոռետեսորեն տրամադրված, բայց, բարեբախտաբար, իմ հոռետեսությունն անտեղի դուրս եկավ։ Մարդիկ տրամադրված էին աշխատել, ուղիներ էին առաջարկում, որոշում ընդունվեց նախագծեր ներկայացնել՝ որոշ հարցերով հետագա զարգացումների վերաբերյալ։ Ես առաջարկեցի, որ մեզ անհրաժեշտ է բացել արժեհամակարգային քաղաքակրթական երեւույթները։ Խոսվեց համակարգող խորհրդի ձեւավորման մասին, որը քաղաքական խորհրդի հետ կապ չունի, զբաղվելու է կազմակերպչական հարցերով։ Սրբազանը մանրամասներ ներկայացրեց՝ մասնագետներին վստահելու առումով, որ պետք է կազմակերպչական աշխատանք տանել՝ մինչեւ սեպտեմբեր նոր որակով ասպարեզ իջնելու համար»,-պատմեց Հայրիկյանը՝ գնահատելով, որ օգտակար քննարկում է եղել։ ԱԻՄ նախագահը նաեւ նկատեց՝ գործընթացները պետք է արագացնել՝ ժամանակի կորուստն ամենածանրն է որեւէ մրցապայքարում։
«Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանն էլ ասաց՝ լավն այն է, որ նոր, թարմ ուժերով պայքարը պետք է շարունակվի։ Նոր ռազմավարության ճանապարհային քարտեզն են քննարկել։ «Սա քաղաքական պրոցես է, պետք է ունենալ պլան A, պլան B, պլան C։ Առաջին՝ հրաժարական, երկրորդ՝ արտահերթ ընտրություններ․․․ Պետք է միասնական ճակատով, ժողովրդավարական ճանապարհով, գրագետ ձեւով գնանք առաջ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենց կուսակցությունն ամբողջ ուժով սկսել է պատրաստվել նաեւ 2026 թվականի հերթական ընտրություններին։
Հաշվի առնելով քննարկման փակ ձեւաչափը՝ հանդիպման մասնակիցները քչախոս էին։ Նրանց կցկտուր մեկնաբանություններից կարող ենք եզրակացնել, որ ներկայում շարժումը, այսպես ասած, արժեհամակարգային-բարոյական հարթությունից քաղաքականի անցնելու կամ քաղաքականով համալրվելու եւ ինստիտուցիոնալիզացվելու ճանապարհին է։