Քաղաքականություն

Պատկերացրեք՝ Արայիկ Հարությունյանը գա եւ ասի, որ որեւէ պարտադրված հրաժարական չի եղել

Պատկերացրեք՝ Արայիկ Հարությունյանը գա եւ ասի, որ որեւէ պարտադրված հրաժարական չի եղել

ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ երեկ հրատապ քննարկում էր հրավիրվել՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ։ Նախաձեռնության նպատակն էր, որ COP-29-ի օրերին ՀՀ խորհրդարանը հայտնի իր դիրքորոշումը՝ միջազգային դերակատարների ուշադրությունը հրավիրելով հայ գերիներին ազատ արձակելու վրա։ «Քաղպայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց Ադրբեջանում գտնվող ռազմագերիների մասին հայտարարության նախագծի քվեարկությանը, եւ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը չընդունվեց: 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեզ հետ զրույցում նկատեց՝ ՔՊ-ի այս պահվածքի խորքային պատճառն այն է, որ Ադրբեջանն արգելել է գերիների թեմայով խոսել։ «Երբ խորհրդարանում գերիների հարցի շուրջ բերված նախագծին ՔՊ-ն չքվեարկեց, փորձեցին իրենց բնորոշ դեմագոգիայով ասել, որ ներքաղաքական խնդիր է։ Սակայն մեր հրապարակած տեքստում ներքին քաղաքականության վերաբերյալ որեւէ ակնարկ չկա։ ՔՊ-ի արդարացումն այն է, որ իբր ամեն օր այդ ուղղությամբ աշխատում են։ Մինչդեռ խորքային պատճառն այն է, որ Ադրբեջանը սրանց արգելել է այդ թեմայի մասին խոսել, բարձրաձայնել»,- նշեց նա։ 
Այն, որ իշխանությունը դեռ հստակ չի ասել՝ մասնակցելու է COP-29-ին, թե ոչ, ըստ պատգամավորի, խոսում է այն մասին, որ վստահ չեն՝ Ալիեւը ռազմագերիներին վերադարձնելու վերաբերյալ պայմանավորվածությունը կխախտի՞, թե՞ ոչ։ «Չեմ բացառում, որ այս իշխանությունները նույնիսկ համաձայնեն մի քանի գերի բերել, որ Բաքու գնալու երեսատեղ ունենան։ Ես հասկանում եմ, որ անգամ մեկ հոգու կյանքը շատ թանկ է, բայց այդ առիթը պետք է օգտագործվի՝ բոլորին ազատելու համար։ Այս միջոցառումն Ադրբեջանի համար խիստ կարեւոր է՝ իր հեղինակությունը «պարզաջրելու» տեսանկյունից, եւ եթե Հայաստանի իշխանությունները ճիշտ ջանքեր գործադրեին եւ այս առիթն օգտագործեին, լիահույս կլինեինք, որ բոլոր ռազմագերիներին կվերադարձնեն»,- նշեց նա։

Պատգամավորը կարծում է, որ ՀՀ իշխանությունները գուցե չեն ցանկանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատումը, որպեսզի շատ բաներ չբացահայտվեն․ «Արդյո՞ք Հայաստանի իշխանություններն ուզում են, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա Հայաստան։ Փաշինյանի ամբողջ թեզը կառուցված է հետեւյալի վրա՝ Արցախում տեղի ունեցավ իշխանափոխություն, ինչը բերեց պատերազմի եւ պարտության։ Պատկերացրեք՝ Արայիկ Հարությունյանը գա եւ ասի, որ որեւէ պարտադրված հրաժարական չի եղել, ինքն է հրաժարական տվել, քանի որ չի տիրապետել իրավիճակին։ Փաշինյանը շատ կուզենա, որ այդ մարդիկ Հայաստանում չխոսեն»։

Խաչատրյանը մտահոգված է՝ Ադրբեջանը մեր հայրենակիցների դատավարությունը սարքելու է շոու՝ Հայաստանից լրացուցիչ զիջումներ կորզելու համար։ Նրա խոսքով՝ COP-29-ը Ադրբեջանի համար շատ կարեւոր իրադարձություն է, այն Բաքվում չէր լինի, եթե Հայաստանի իշխանություններն անցած դեկտեմբերին չպաշտպանեին Բաքվի թեկնածությունը։ «Եթե պաշտպանել էր, ապա նվազագույնը պիտի համարժեք փոխհատուցում ստանար։ Առնվազն պահանջեին բոլոր գերիներին՝ ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Բայց Հայաստանը բերեց ընդամենը 32 ռազմագերու՝ հանձնելով 2 ադրբեջանցի հանցագործի»,-հավելեց նա։ 

Այս օրերին Հայ դատի գրասենյակը եւ այլ անհատներ փորձում են միջազգային հարթակներում հասնել նրան, որ միջազգային հանրությունը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու մեր գերիներին, պաշտպանելու Արցախի մեր հայրենակիցների իրավունքները։ «Ցավոք, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը չենք տեսնում։ Օրինակ, եթե Բաքու չեն գնում, պիտի հստակ ասեն, թե ինչ պատճառով»,- ասաց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image