Թեպետ ոլորտի պատասխանատուները միաբերան նշում են, որ ուսուցիչների կամավոր ատեստավորումն անցել է անխոչընդոտ, առանց որեւէ խնդիրների, եւ բողոքում են նրանք, ովքեր չեն հաղթահարել ատեստավորումը, այդուհանդերձ, անգամ ատեստավորման ավարտից օրեր անց ուսուցիչները շարունակում են դժգոհել ու մատնանշել մի շարք խնդիրներ՝ թեստերի որակից մինչեւ տեխնիկական խնդիրներ, որը, սակայն, ԿՏԱԿ տնօրենը նախօրեին մեզ հետ զրույցում բացառել էր՝ նշելով, որ համակարգն աշխատել է անխափան։
«Ֆիզկուլտուրա» առարկայի մասնագետ, ուսուցիչ Սարգիս Սարգսյանը զարմանում է, թե ինչպես են ոլորտի պատասխանատուները հերքում, որ խնդիրներ են եղել, երբ անձամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է օրեր առաջ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ խոստովանել, որ, այո, խնդիրներ եղել են․ «Մի քննատեղամասում էլ ինտերնետ կապն է կորել, եւ պատրաստվում են այդտեղ եւս մի քննություն անցկացնել ուսուցիչների համար։ Ինքը նաեւ ասաց, որ խնդիրներ կան հարցաշարերում՝ հարցերի ձեւակերպման մեջ, ինչպես նաեւ տեխնիկական խնդիրներ են եղել, քանի որ առաջին անգամ էր էլեկտրոնային ձեւաչափով իրականացվում, ու ամեն ինչ կանեն, որպեսզի հաջորդ տարիներին այդ խնդիրները չկրկնվեն։ Ի դեպ, նախարարը նաեւ առանձնահատուկ շեշտեց «Աշխարհագրություն» եւ «Ֆիզկուլտուրա» առարկաները, որոնց խնդիրները բազում են, եւ հիմա փորձում են հօգուտ ուսուցիչների ինչ-որ հարցեր լուծել»։
Սարգիս Սարգսյանն այն բազմաթիվ ուսուցիչներից է, որը ֆիզկուլտուրայի ատեստավորումից անմիջապես հետո եկել էր ԿԳՄՍՆ շենքի մոտ՝ իր բողոքը հայտնելու։ Այդ օրը ուսուցիչները նաեւ նամակ-դիմում փոխանցեցին ԿԳՄՍՆ։ Ասում է՝ դիմումի պատասխանը եկավ մի քանի օր հետո, որտեղ նշված էր, որ իրենց հարցադրումները փոխանցվել են ԳԹԿ-ին։ «Ստացվում է՝ մեր առաջին նամակի պատասխանն այդպես էլ չստացանք։ Դրանից հետո մենք՝ կոլեգաներով, նոր նամակ-դիմում պատրաստեցինք՝ նախարարությանն ուղղված, այս անգամ՝ 13 հարցադրումից բաղկացած։ Հետո մենք կարող ենք նաեւ ապացուցել, որ գուցե իրենց գրքային հարցադրումներն ու պատասխանները ճիշտ են, բայց հարցի ձեակերպումը սխալ է բացվում»,- ասում է Ս․ Սարգսյանն ու նկատում, որ իրենց խոստացել են պատասխանել, բայց հիմա էլ իրենց թեստերն անհասանելի են դարձել։ «Արդեն 5-6 օր է՝ անհասանելի են այդ էջերը, գրում է, որ քննարկվում են բողոքարկման խնդիրները, այսինքն՝ այս պահի դրությամբ մենք մեր թեստերը չենք տեսնում»,- ասում է ու հավելում, որ այս պահին սպասողական վիճակում են։
«Եթե մարդիկ կան, որ ասում են՝ մենք չգիտենք պատասխանները, դրա համար ենք բողոքում եւ փորձում ենք մեղքը բարդել ուրիշների վրա, ու ամեն ինչ իդեալական է եղել, ես կառաջարկեմ, որ այդ մարդիկ գան նստեն մեզ հետ բանավեճի,- ասում է զրուցակիցս ու ընդգծում՝ եթե բողոքարկման արդյունքները չգոհացնեն իրենց, կդիմեն այլ քայլերի։- Սա մեր առարկան է, մեր խնդիրները, եւ մեր առարկայի հարցաշարը կազմողը պետք է հաշվի նստի նաեւ մեզ հետ, որովհետեւ ոչ մասնագետը չի կարող մեր հարցերը ձեւակերպել այնպես, ինչպես պետք է»։
Ֆիզկուլտուրայի ուսուցիչը հակադարձում է ԿՏԱԿ տնօրենի այն մտքին, որ անգամ դատարանում կարող են ապացուցել, որ համակարգը լավ է աշխատել․ «Ինքը չի կարող ապացուցել, որ համակարգը լավ է աշխատել, ինչպես որ նաեւ մենք չենք կարող ապացուցել համակարգի տեխնիկական թերությունները, մենք կարող ենք միայն պնդել, որ միայն 1-2 հոգու մոտ չէ, որ եղել են նման խնդիրներ, այլ՝ շատ-շատերի մոտ․ 20-30 հոգի իմ շրջապատից նշել է, որ եղել են տեխնիկական խնդիրներ, ու սա չենք ասում՝ մեզ արդարացնելու համար, այլ ասում ենք, որ հաջորդ տարիներին այդ խնդիրները լուծվեն, ու նման բացթողումներ չլինեն»։
Ասում է՝ չեն ակնկալոմ, որ 100 տոկոսով իրենց բողոքարկումները կբավարարվեն, եթե մի մասն էլ բավարարվի, կասեն շնորհակալություն, չի գոհացնի՝ հաջորդ քայլերին կդիմեն։ «Հիմա մենք սպասում ենք բողոքարկման արդյունքներին, եթե դրանք մեզ չգոհացնեն, իսկ ես գրեթե վստահ եմ, որ չեն գոհացնելու, որովհետեւ այստեղ ուրիշ խնդիր եմ տեսնում, քանի որ եթե իրենք ամբողջովին մեր բողոքները բավարարեն, ուրեմն ատեստավորման շեմը հաղթահարողները շատ են լինելու, իսկ դա արդեն բյուջեի, ֆինանսների հետ կապված խնդիրներ են․․․․։ Բայց մենք շարունակելու ենք մեր բողոքները, մենք նորից կդիմենք նախարարին՝ պահանջելով լրագրողների եւ այլ պատասխանատուների, այդ թվում՝ հարցաշարերի հեղինակների ներկայությամբ նստել բանավեճի, թեկուզ՝ հեռուստատեսությամբ»,-ասում է Ս․ Սարգսյանն ու հավելում, որ ավելի հստակ իրենց քայլերի մասին կտեղեկացնեն, երբ պաշտոնապես բողոքարկման արդյունքներն ամփոփվեն։
Մասնագետն ընդգծում է՝ միայն իրենց առարկայից մի քանի տասնյակ ուսուցիչ է բողոքարկել։ «Ես կասեի՝ մոտ 100 հոգի բողոքարկող կա, նույնիսկ ատեստավորման շեմը հաղթահարողներն են բողոքարկել, որովհետեւ սա խայտառակ վիճակ է ու խայտառակ թեստեր»,- ասում է ու շտապում հավելել, որ ատեստավորումից հետո 1-2 հարց վերանայել են հօգուտ ուսուցիչների, ինչի արդյունքում 5-10 հոգի ատեստավորման շեմը հաղթահարել է, այդ թվում՝ ինքը, բայց ճանապարհի կեսից հետքայլ չի անելու, քանի որ իր պայքարը սկզբունքային է։
«Մեր պայքարը նաեւ հաջորդ տարվա համար է, մեր կոլեգաների համար է, որոնց չի կարելի ծաղրուծանակի ենթարկել նման հարցաշարերով։ Օրինակ, այսպիսի հարց կար հարցաշարում՝ ի՞նչ է դաստիարակում հավասարակշռության վարժությունը։ Պատասխանի մեջ նշվում է 2 տարբերակ՝ համարձակություն է դաստիարակում եւ ստորին վերջույթների մկանների զարգացում։ Դրանք սովորաբար տարբեր բնույթի են լինում, եւ ես կարող եմ հավասարակշռության վարժություն ասել, որը զարգացնում է ստորին վերջույթների մկանները, եւ համարձակության ոչ մի նշույլ չկա։ Ես երբ այս հարցադրումն ուղղեցի ԳԹԿ-ին, ինձ պատասխանեցին, որ մարզագերանի վրա քայլելը դաստիարակում է համարձակություն, բայց իրենց տված հարցում «մարզագերան» ձեւակերպումը չկա, ուղղակի կա հավասարակշռության վարժություն։ Հիմա նաեւ մեկ ոտքի վրա կանգնելն էլ է հավասարակշռության վարժություն, ուղիղ գծի վրա քայլելն էլ է հավասարակշռության վարժություն, որտեղ չկա համարձակության նշույլ, այլ ուղղակի ստորին վերջույթների մկանների զարգացման հաշվին մարդը կարողանում է հավասարակշռությունը պահպանել։
Դպրոցներ կան, որտեղ գույքային խնդիր կա, եւ մարզագերան չկա, ու դրա հետ կապված՝ անգիր իմացություն կարող է ունենալ միայն մարմնամարզիկը, իսկ մյուս մարզաձեւերի ներկայացուցիչները, օրինակ՝ ծանրամարտիկը կամ ֆիզկուլտուրայի այլ ուսուցիչներ, որոնք չունեն գույք, այդ մարդիկ չեն կարող միանգամից մտաբերել, որ խոսքը մարզագերանի մասին է, երբ հատկապես հարցում նշված չէ դրա մասին»,- ասում է ուսուցիչն ու բերում մեկ այլ օրինակ, այս անգամ՝ այծիկ նժույգների մասին, որոնց հետ կապված՝ նման հարց է եղել․ դա գետնին ամրացվո՞ւմ է, թե՞ ոչ։
«Հին մասնագետները, որոնք վաղուց են աշխատում, հստակ գիտեն, որ դա կապվում է, որովհետեւ ժամանակին հատակի վրա եղել է ամրացման կեռիկ, որն ամրացվում էր այդ այծիկներին, բայց ներկայիս դահլիճներում չկա ամրացման ոչ մի բան, ի դեպ, վերջին գույքն էլ, որ ստացել ենք նախարարությունից, նույնիսկ նժույգի տակ էլ չկա ամրացման կետ, այսինքն՝ նոր աշխատողը, որն ունի այդ գույքը, եւ չկա կապելու ոչ մի հարմարանք, կարող է եւ չիմանալ դրա մասին»,- ասում է զրուցակիցս ու նկատում, որ հարցերն այնպես ձեւակերպված պետք է լինեն, որ տարընթերցումների տեղիք չտան, եւ միանգամից պարզ լինի, թե հարցն ինչի մասին է․ «Մինչդեռ այդ բոլոր հարցերի ձեւակերպումներն արված են այնպես, որ շատ մասնագետների թյուրիմացության մեջ գցեն եւ ապակողմնորոշեն»։
Որպես տեխնիկական բնույթի խնդիր՝ Ս․ Սարգսյանը մատնանշում է նաեւ այն հանգամանքը, որ ոչ մի առարկայի ուսուցիչ այլ առարկայի մասնագետների հետ քննություն չի տվել․ «Բայց մենք ատեստավորվել ենք շախմատիստների հետ, ինչը լրիվ խախտում է իրենց կողմից»։ Այն, որ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետը մեզ հետ զրույցում նշել էր, որ ինքը եղել է մի քանի քննակենտրոններում եւ շախմատի ուսուցիչների կողմից ոչ մի աղմուկ էլ չի նկատել, զրուցակիցս նկատում է․ «Դուք՝ որպես նախկին աշակերտ, ուսանող, ի՞նչ եք կարծում՝ այն տեղամասում, որտեղ վերադասից ինչ-որ մարդիկ են գալիս՝ նայելու քննության ընթացքը, ամեն ինչ իդեալականին մոտիկ է, չէ՞, ստացվում, բայց, բնականաբար, չեք կարող ասել, չէ՞, որ բոլոր տեղերում է այդպես եղել»։