Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցի տնօրենը երեկ դարձել էր հայկական համացանցային տիրույթի գլխավոր «հերոսուհին»: Նա հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի հավատարիմ «զինվորն» է ու պատրաստ է Փաշինյանի կոչով մասնակցել Վեհարանի դեմ գրոհին: Նույնիսկ «լայվ» էր մտել ու պարզաբանել իր տեսակետը` ավելի հաստատելով նախորդ ասածները, որ Փաշինյանի անդավաճան «զինվորն» է դեռեւս 2008-ից: «Ընդդիմադիր ֆեյքերը նշել էին, որ ես ուսուցիչ եմ, եւ մանկավարժը նման բան է գրում։ Նախ՝ ես որեւէ անհարգալից բան չեմ գրել, ես վերահաստատել եմ իմ սկզբունքային մոտեցումներն այս հարցում եւ աջակցությունս ՀՀ վարչապետին եւ ինչու եմ աջակցում, եւ ինչում է կայանում իմ սկզբունքային լինելը։ Ես գտնում եմ, որ, որպես մանկավարժ՝ ես պարտավոր եմ ունենալ դիրքորոշում, որպես մանկավարժ, որպես մտավորական՝ ես պարտավոր եմ պայքարել մի բանի դեմ, որը կարող է արատավոր հետեւանքներ ունենալ նոր սերնդի դաստիարակության գործում։ Ո՞վ պետք է լինի հոգեւորական, ինչպիսի՞ն պիտի լինի հայ հոգեւորականը, էլ չեմ խոսում կաթողիկոսական աթոռը, գահը զբաղեցնող անձի բարոյական, հոգեբանական, առաքինի կերպարի մասին։ Գիտեք, ես 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո, մի օր առավոտյան աշխատանքից դուրս եկա եւ գնացի առավոտյան ժամերգության։ Ժամերգությունը վարում էր Կճոյանը, եւ երբ որ մտա ներս, ու բեմից հնչում էր անեծք ընդդիմադիրների վերաբերյալ, մասնավորապես՝ այդ ժամանակ արդեն փախուստի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, ես հասկացա, որ այլեւս Եկեղեցին վերածվել է քաղաքական, սուտ, կեղծ բարոյական մի կառույցի, որտեղ մարդիկ անիծում են։ Ես դրանից հետո կորցրել եմ հավատս, երկար ժամանակ եկեղեցի չէի գնում։ Չէի գնում, որովհետեւ սասանվել էր իմ հավատը, ես Աստծուն փնտրում էի իմ ներսում, իմ տանը եւ ինքս ինձ հետ անընդհատ կռիվ էի տալիս։ Անցան տարիներ, ես այդ ցավը, այդ ողբերգությունը երբեք չեմ մոռացել»,- հայտարարել է դպրոցի տնօրենը` չգիտակցելով, որ հաստատում է իր քաղաքականացված լինելը, ինչն արգելված է կրթական հաստատությունների պարագայում:
Կոջոյանի անվան դպրոցում նախկինում ուսանած մի աշակերտի ծնողը մեզ մանրամասներ պատմեց Ռուզաննա Երեմյանի մասին: Ասում էր, որ նա ժամանակին փոխտնօրեն է դարձել, ապա շահել այն ժամանակվա տնօրենի` Գոհար Սանոյանի վստահությունը, հետո վերջինիս «տակը փորելով» զբաղեցրել տնօրենի պաշտոնը: Սանոյանը թոշակի է գնացել եւ անգամ ուսուցչի ժամեր չի պահել` այնքան վիրավորված է եղել Երեմյանի պահվածքից: «Նա տեսակով ռաբիզ է՝ իր խոսույթով, մակարդակով: Այնպիսի դիրք էր հաստատել դպրոցում, որ տղա աշակերտները նրան դիմում էին Դոն Ռուզանով: Քոչարյանի ժամանակ մոլի քոչարյանական էր, Նիկոլի ժամանակ՝ մոլի նիկոլական, սա է իր տեսակը»:
Պատմությունը շարունակում է «Մանախ» մականունով Արթուր Այվազյանը. «Պատերազմից հետո՝ 2021 թվականին, երբ հրաման էին տվել չկրակելու, ու մեր տղերքին եկան՝ դիրքերից գերեվարեցին, տարան, ես այդ կադրերը տեսա, մտնում եմ եթեր ու աշխարհի հայհոյանքները տալիս Նիկոլին, որ հանձնում է նորից: Ես կալանավորվում եմ, 26 օր բանտում եմ լինում, խափանման միջոցը փոխվում է, ես դուրս եմ գալիս: Նախաքննության ընթացքում այդ Երեմյանին չեմ տեսել, չգիտեմ ով է, չեմ էլ ճանաչում, այդ գործով տուժող էլ չկար: Դատաքննության ընթացքում գալիս է դատարան, տեսեք, պայմանականորեն ինքն ապրում է Մասիվում, բայց քրեական գործը հարուցված է եղել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որտեղ ես գրանցված եմ: Այս տիկինը եթերիս հաջորդ առավոտը ցուցմունք է տալիս, որ ինքն իր թոռան հետ գիշերը ժամը 1-ին Յութուբ է նայել, հայհոյանքները լսել են, խոր ցնցում, եսիմինչեր է ապրել ու որոշել է առավոտյան գնալ՝ ցուցմունք տալ: Իմ բնակության տեղն էլ գիտի, գնում է Մալաթիա-Սեբաստիայի քննիչի մոտ՝ ինքը խոր ապրումներ է ունեցել, տրեվոգա է ապրել եւ այլն, եւ այլն: Փաստաբանը հարց տվեց, ասեց՝ բա որ այդպես հուզվել եք, ինչո՞ւ տեսանյութն ուղղակի չեք անջատել, ասեց՝ դե, հետաքրքիր էր՝ ինչեր է ասում: Իսկ երբ փաստաբանս հարցրեց՝ իսկ երբ ձեր վարչապետն ասում էր՝ «շինելու եմ սաղիդ», դրանից ցնցում չե՞ք ապրել, ինչո՞ւ դրա հետ կապված հաղորդում չեք տվել։ Ռուզաննա Երեմյանը բացեց բացատրական բառարանն ու ասեց, որ դա նշանակում է սարքել: Հետո իմանում ենք, որ նախաքննության ընթացքում ցուցմունք տալուց հետո նշանակվել է Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն»,- ասաց Այվազյանը:
Մանախի խոսքերը հաստատեց նրա պաշտպանը` Արա Զաքարյանը, որը կարդաց Ռուզաննա Երեմյանի տված ցուցմունքը դատարանում. «2021 թվականի հունիսի 2-ի դրությամբ, ինչպես ինքն է ներկայացրել դատարանին, Ռուզաննա Երեմյանը հանդիսացել է «Միասին կարող ենք» ՀԿ նախագահ»:
Ստացվում է, որ Երեմյանը հաղորդում ներկայացնելուց առաջ եղել է Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի փոխտնօրենը, իսկ այդ նախաքննության ընթացքում նշանակվել է տնօրեն: Թե ինչու՝ ենթադրությունները թողնում ենք ձեզ, հարգելի ընթերցող: Միայն մեկ նկատառում եմ ուզում անել, որ կրթահամալիրի պաշտոնական էջում Նիկոլ Փաշինյանին ամեն կերպ «աջակցող» տիկնոջ կենսագրությունում բոլոր զբաղեցրած պաշտոնները ներկայացված են հստակ ամսաթվերով եւ թվականներով, իսկ Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի փոխտնօրեն եւ տնօրեն նշանակվելու ամսաթվերը, ինչ-ինչ պատճառներով, բացակայում են` գուցե ինչ-որ խոսակցություններից խուսափելու համար:
Ի դեպ, այս կնոջ գործունեությունը միայն սրանով չի սահմանափակվում, չնայած այն հանգամանքին, որ նա կրթական հաստատություն է ղեկավարում, այն էլ` արվեստի թեքում ունեցող։ Նրա ֆեյսբուքյան էջն ավելի շատ ՔՊ-ի քարոզչական հարթակ է հիշեցնում, որտեղ նա կիսվում է ՔՊ-ին վերաբերող հրապարակումներով եւ իր անվերապահ աջակցությունն է հայտնում Փաշինյանին ու նրա կայացրած որոշումներին: Երեմյանը նաեւ արցախցիների ու ընդդիմադիրների հասցեին ունի հրապարակումներ: Հիմնավոր կասկած ունեմ, որ տիկնոջը հուշում են՝ ինչն ինչպես գրել, որպեսզի նրա դեմ դատական հայց չկարողանան ներկայացնել կամ էլ ներկայացնելու դեպքում պարզապես ձախողվեն: Դե իսկ որ արցախահայությունն էլ տիկնոջ թիրախում է, դրանում կարող եք համոզվել նրա էջի հրապարակումներին ծանոթանալով։