Հասարակություն

Վարկածները շատ են՝ ընտրեք ինքներդ

Վարկածները շատ են՝ ընտրեք ինքներդ

Վերջին երկու օրերի ընթացքում մենք տեսնում ենք Հայաստանի թավշյա իշխանությունների կողմից մի աննորմալ և բովանդակությամբ խղճուկ աշխարհաքաղաքական «ճոճանակ»` Արևմուտք VS Արևելք բովանդակությամբ։ 
Դատեք ինքներդ։ 

Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի տեղեկատվական դաշտի հիմնական թեմաներն էին` ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեն և ռուսների ուղղությամբ կատաղի տեղեկատվական հարձակումների գեներացումը։ Անշուշտ, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեման ստահոդ ապուշություն էր, ինչը այնուամենայնիվ, չխանգարեց Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին (օրինակ՝ ԱԺ նախագահին, իշխող կուսակցության պատգամավորներին, պաշտոնյաներին և այլն) լուրջ դեմքով տեղեկատվական դաշտ նետել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության  հեռանկարների մասին հեքիաթները։

Եվրո - կրկեսի հետ զուգահեռ Հայաստանի իշխանությունները նորից սկսեցեին բացահայտ ռուսատյաց օրակարգ գեներացնել՝ տարածելով, իբր «ռուսները մեզնից խլել են Ղարաբաղը և հետո այն վերադարձրել են Ադրբեջանին>։
Իհարկե, հակառուսականության  նոր փուլը չէր կարող աննկատ մնալ․.. և հանկարծ վերջին օրերի ընթացքում մենք տեսանք փաշինյանական  քաղաքականության կտրուկ շրջադարձ 180 աստիճանով արևմտամետ, ռուսատյաց քայլերից դեպի ակնհայտ ռուսամետ կեցվածքի դրսևորումներ։

Այսպես, Նիկոլ Փաշինյանը «չեղարկեց» ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի գաղափարը։ 
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն անակնկալ այցով հայտնվեց ռուսական Բելգորոդում, որն, ըստ էության, պատերազմական գոտի է և ծաղկեպսակ դրեց հատուկ ռազմական գործողությունների մասնակիցներին նվիրված հուշակոթողին և մի շարք հայտարարություններ արեց Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների առաջնահերթության մասին:

Այնուհետև հայտնի դարձավ, որ հուլիսի սկզբին պաշտոնական այցով ՌԴ Վոլոգդայի մարզ է մեկնում իշխանամետ պատգամավորների պատկառելի մի խումբ՝ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ։

Մի խոսքով, երկու օրվա ընթացքում հայկական իշխանությունը դրական մեսիջներ է հղում  ռուսական կողմին իր լոյալությունը ցույց տալու համար։ 

Եւ հարց է առաջանում․ ինչո՞ւ թավշյա իշխանությունները անսպասելի լցվեցին ռուսների հանդեպ "սիրով":
Վարկածները շատ են, թվարկենք մի քանիսը․
1․ Փորձագիտական շրջանակներում քննարկվում է, որ փաշինյանական իշխանությունը հասկացել է, որ իր հակառուսական կեցվածքով հատել է որոշ կարմիր գծեր և որոշել է բալանսավորել իրավիճակը։
2․ հայաստանյան իշխանությունը եվրոպամետ «կրկեսից» հետո (Հայաստանի խորհրդարանում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով լսումներ) բացասական արձագանք ստացավ ԵՄ-ից և հասկացավ, որ իր արևմտամետ "խաղերը" Եվրոպայում ոչ մեկին չեն հետաքրքրում։
3․ Այն բանից հետո երբ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ հայերը պետք է որոշեն՝ կամ ԵԱՏՄ, կամ՝ ԵՄ, իսկ ԵԱՏՄ-ն փող է, բյուջե, աշխատավարձ, թոշակ և մնացած տնտեսական բարիքներ, ապա հայկական իշխանությունը որոշեց մի քիչ (!) նահանջ անել արևմտամետ կեցվածքից։ 
4․ Կամ սա եվրոամերիկացիների հանդեպ թավշյա շանտաժ է, որ եթե մեզ չընդունեք "արևմտյան ընտանիք", ապա մենք կգնանք ռուսների մոտ։
5․ «Ջղայն» զանգ Մոսկվայից:
Ինչպես տեսնում եք, շատ տարբերակներ կան, ընտրեք ինքներդ:
Ավելին, կարծում եմ, որ վերը նշված բոլոր վարկածները կարող են միաժամանակ լինել:

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image