Քաղաքականություն

Ինչ է տեղի ունենալու Փաշինյանի թուրքական այցից հետո

Ինչ է տեղի ունենալու Փաշինյանի թուրքական այցից հետո

Փաշինյանն արդեն քարոզչական մակարդակով է հայ հասարակությանը համոզում, որ թուրքական հպատակությունն ընդունելը լավագույն լուծումն է, դրան այլընտրանք չկա, իսկ հակադրվողները վերացվելու են: Ֆեյսբուքում վերջերս «Առաջ մղելը» անունով մի էջ է հայտնվել, որը բացահայտ թրքահպատակության քարոզ է անում, եւ Փաշինյանի՝ Թուրքիա այցից առաջ այս էջը գրում է. «Չվերահսկվող հասարակական ինստիտուտների եւ ազդեցիկ գործիչների վերացումն անհրաժեշտ է՝ խաղաղության համաձայնագրի հաջող ընթացքը շարունակելու համար։ Անթույլատրելի են ապակայունացման կոչերը`  հարեւան երկիր կարեւոր պետական այցի նախօրեին մեր հուսալի գործընկերոջ հետ համաձայնագիր կնքելու համար։ Ավելին՝ անհրաժեշտ է հիշեցնել, որ վերջերս կալանավորված գործարարը գտնվում է միջազգային հետախուզման մեջ՝ Բաքվի պահանջով, կապված Ադրբեջանի տարածք ապօրինի մատակարարումների հետ»։

Չվերահսկվող ասելով՝ նկատի ունեն իշխանության կողմից չվերահսկվելը, ինչը նշանակում է, որ այս էջի հեղինակն իշխանությունն է, գուցե՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը, որը քարոզչական գործունեությունից բացի որեւէ այլ բանով զբաղված չէ, չվերահսկվող ինստիտուտը Հայ առաքելական եկեղեցին է, ազդեցիկ գործիչը` Սամվել Կարապետյանը: Այս էջը, որը հովանավորվող է` հսկայական գումարներ են վճարվում, որ իրենց քարոզը հասցվի յուրաքանչյուր օգտատիրոջ, ասում է, որ նրանք ենթակա են վերացման: Ուրիշ դեպքում սոցիալական ցանցը կարգելափակեր նման հոդվածը՝ այն համարելով ատելություն եւ թշնամանք հրահրող, բայց ոչ այն դեպքում, երբ այդ թշնամությունը եւ ատելությունն ուղղորդվում են իշխանությունների կողմից, քանի որ արեւմտյան սոցիալական ցանցերը եւս անվերապահորեն աջակցում են Հայաստանի իշխանություն կոչվողներին եւ նրանց կողմից իրականացվող թուրքահպատակեցմանը` թշնամի եւ ցեղասպան Թուրքիան ներկայացվում է որպես հուսալի գործընկեր: 

Քանի որ ազդեցիկ գործիչ Սամվել Կարապետյանը կալանավորված է, Թուրքիայից վերադառնալուց հետո Փաշինյանի հաջորդ քայլը լինելու է Հայ առաքելական եկեղեցին զավթելը, վերացնելը: Առաջին քայլով նա իրականություն է դարձնելու իր կողմից արդեն հայտարարված «նոր կաթողիկոս» ընտրելու հանձնաժողովի ստեղծումը, որի միջոցով էլ ինչ-որ մեկին հռչակելու է Ամենայն հայոց կաթողիկոս: Մեծ հավանականությամբ՝ դա կարող է լինել հենց Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, ինչի մասին տարբեր գործիչներ արդեն հայտարարել են: Մինչեւ Մաշալյանին Հայաստան բերելը, իսկ նա չի կարող չկատարել թուրքական իշխանությունների կարգադրությունը, քանի որ համարվում է թուրքական պաշտոնյա, Փաշինյանը Հայաստանում կարող է անգամ կալանավորել Ամենայն հայոց կաթողիկոսին եւ մի քանի բարձրաստիճան հոգեւորականների՝ նրանց մեղադրելով իշխանազավթման կամ նման փորձ անելու մեջ: Սա մի մեղադրանք է, որը Փաշինյանն օգտագործում է իր քաղաքական (եւ ոչ միայն) հակառակորդներին բանտ նետելու եւ լռեցնելու համար, ինչպես դա արեց գործարար Սամվել Կարապետյանի դեպքում: Եթե դա հնարավոր եղավ հայտնի գործարարի դեպքում, ի՞նչն է նրան խանգարելու նույնն անել Ամենայն հայոց կաթողիկոսի եւ մի քանի հոգեւորականների հետ: Կաթողիկոսին եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներից ոմանց կալանավորելուց հետո «նոր կաթողիկոսին» կբերեն եւ կնստեցնեն Էջմիածնում՝ ոստիկանական մեծաթիվ ուժերի հսկողության տակ, այնպես, ինչպես ինքն է նստում հարյուրավոր ոստիկաններով շրջապատված կառավարության շենքում:

Երբ Ամենայն հայոց կաթողիկոսը կալանավորված լինի, սփյուռքում գործող Հայ առաքելական եկեղեցու որոշ թեմեր կհայտարարեն, որ ճանաչում են նոր կաթողիկոսի օրինականությունը եւ նրան ճանաչում են որպես հայկական եկեղեցու նոր առաջնորդ: Արեւմտյան երկրներում գործող ՀԱԵ թեմերը գտնվում են այդ երկրների իշխանությունների եւ հատուկ ծառայությունների հսկողության եւ ազդեցության տակ, եւ նրանց ճնշման տակ որոշ թեմերի առաջնորդներ կարող են հայտարարել, որ դա Հայաստանի պետության եւ ժողովրդի ընտրությունն է, եւ իրենք չեն կարող դեմ գնալ Հայոց պետականությանը եւ նման ընդհանուր ու տափակ հիմնավորումներով կփորձեն արդարացնել իրենց դավաճանությունը: 

ՀԱԵ որոշ թեմեր, անշուշտ, չեն ընդունի այս ապօրինությունը եւ կհայտարարեն, որ չեն ճանաչում Փաշինյանի նշանակած «կաթողիկոսի» լիազորությունները եւ շարունակում են Ամենայն հայոց կաթողիկոս ճանաչել Գարեգին Բ-ին: Այդպիսի դիրքորոշում կունենա նաեւ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը: Այսպիսով Հայ առաքելական եկեղեցին փաստացի կմասնատվի, կլինի երկու կաթողիկոս` նրանց կողմնակիցներ եւ հակառակորդներ, բայց դա եւս Փաշինյանի ծրագրերի մեջ է, ի վերջո՝ նրա ուզածը Հայ առաքելական եկեղեցու մասնատումն ու թուլացումն է, իսկ դրան հասնելու լավագույն լուծումը ներեկեղեցական հակամարտություն հրահրելն է, բախումներ կազմակերպելը, մարդկանց իրար դեմ հանելը եւ թշնամացնելը: Ամենայն հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն բավական տարիք ունի եւ բանտային պայմաններին կարող է երկար չդիմանալ, դրանում իր զգալի ներդրումը կունենա Նիկոլ Փաշինյանը: Իսկ երբ Հայ առաքելական եկեղեցին զրկված լինի օրինական կաթողիկոսից, եկեղեցու ներսում քաոսն ու անիշխանությունը կարող են հասցնել իր համար երանելի մի վիճակի․ ՀԱԵ-ն, որպես միասնական կառույց, կդադարի գոյություն ունենալ կամ, ինչպես ինքն է գրում իր բացած սոցիալական էջում, կվերացվի:

ՀԳ. Ըստ լավատեղյակ աղբյուրի, այժմ Ամենայն հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն ունի դիվանագիտական անձնագիր, որտեղ նրա անունը հենց այդպես էլ գրված է՝ Գարեգին Բ: Այդպիսի դիվանագիտական անձնագրեր ամբողջ աշխարհում ունեն բացառիկ մարդիկ` այնպես, ինչպես Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Հռոմի պապը կամ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլը: Փաշինյանը, որ արդեն տեւական ժամանակ է՝ Ամենայն հայոց կաթողիկոսին դիմում է Կտրիճ Ներսիսյան անուն-ազգանունով, մտադիր է նրանից խլել դիվանագիտական անձնագիրը եւ տալ շարքային քաղաքացու անձնագիր, որտեղ գրված կլինեն նրա ավազանի անուն-ազգանունը` Կտրիճ Ներսիսյան, դրանով ցույց տալով, որ նա այլեւս կապ չունի եկեղեցու հետ եւ աշխարհական է:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image