7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների մի ստվար հատված տարբեր պատճառներով այլեւս ներկայացված չէ խորհրդարանում։ «Հրապարակը» ԱԺ չանցած պատգամավորներից հետաքրքրվեց՝ ով ինչով է զբաղվելու։
Հունիսի 20-ի ընտրություններում չընդգրկված Նաիրա Զոհրաբյան․ «Բնականաբար, ես շարունակելու եմ զբաղվել քաղաքականությամբ, քաղաքականությամբ զբաղվելու համար պարտադիր չէ, որ անպայման ունենաս պատգամավորական մանդատ։ Ես գրանցել եմ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը, որի կանոնադրությունը լայն հնարավորություն է տալիս՝ ստեղծելու մեդիա հոլդինգ։ Առաջիկայում ես շատ ավելի մանրամասն այդ ամենի մասին կխոսեմ իմ համակիրների հետ միասին։ Լինելու եմ քաղաքական առաջնագծում»։
ԱԺ անցողիկ շեմը չհաղթահարած, այլեւս արտախորհրդարանական քաղաքական ուժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյան․ «Ես քաղաքական վերլուծաբան եմ, ոնց արել եմ, այնպես էլ շարունակելու եմ զբաղվել վերլուծություններով։ Ինձ մոտ տենց էական բան չի փոխվել»։ Հարցրինք․ ինչ-որ տեղում՝ պետական կամ մասնավոր, աշխատելո՞ւ է։ «Չգիտեմ, չգիտեմ, դեռ ես եմ ու իմ մասնագիտությունը»։ Այնուամենայնիվ, համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական կոնսուլտացիաներ սկսած ԲՀԿ խմբակցության քարտուղարին առաջարկվել է փոխնախարարի պաշտոն։ Արման Աբովյանը մեր այս հարցին ի պատասխան ասաց․ «Ես հերքում եմ, ես ոչ մի բանից տեղյակ չեմ, ու դա անգամ ինձ մոտ ժպիտ է առաջացնում»։
Մյուս ԲՀԿ-ականների մասով գրեթե ամեն ինչ պարզ է․ Միքայել Մելքումյանը շարունակելու է ամբիոնի վարիչի աշխատանքը Տնտեսագիտական համալսարանում, Գեւորգ Պետրոսյանը՝ ԵՊՀ-ում, մյուսներն էլ աղքատ մարդիկ չեն՝ կվերադառնան իրենց բիզնեսներին։ Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի մասին մամուլում գրվել էր, թե նրանց պետական համակարգում աշխատանք է առաջարկվելու։ Վերջիններս չնայած չարձագանքեցին մեր զանգերին, սակայն մեզ հաջողվեց պարզել մի ուշագրավ մանրամասն․ երեկ «Կենտրոն» ՀԸ են այցելել Իվետա Տոնոյանն ու Շաքե Իսայանը, ծանոթացել ինչ-որ փաստաթղթերի։ Այստեղ եզրակացրել են, որ հնարավոր է պատգամավորներն աշխատանքի անցնեն «Կենտրոն»-ում, լուրեր կան, որ TV-ում կրճատումներ են լինելու։ «Կենտրոնի» տնօրեն Սերգեյ Ադումյանը հերքեց, որ իրենց մոտ կրճատումներ են։ «Ոչ»,- պատասխանեց ու հարցին էլ, թե ինչու էին այցելել ԲՀԿ-ական պատգամավորները, ասաց․ «Ումից եք տեղյակ, իրենից էլ հարցրեք, ես՝ որ տեղյակ չեմ»։ Մենք պարզեցինք, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է՝ իր քաղաքական թիմը պետք է շարունակի ակտիվությունը, չկտրի կապը հասարակության հետ եւ լիարժեք օգտագործի TV-ն ու դրա հնարավորությունները՝ բոլորը հաղորդումներ են վարելու, եթերում են լինելու։
Վահե Էնֆիաջյանի մասին էլ օդում կախված լուրեր կան, թե պաշտոն կստանա, քանի որ մոտ է ԱԺ ապագա նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Պարոն Էնֆիաջյանը մեր զանգերին նույնպես չպատասխանեց։ Ակներեւ է, որ ԲՀԿ-ականները խուսափում են որոշ հարցերի պատասխանելուց՝ գուցե դեռ ամեն ինչ շատ ստույգ եւ ճշգրտված չէ։
Ներկա եւ նախկին իմքայլականներից կամ ՔՊ-ականներից ոմանք արդեն իսկ հայտարարել են, թե որտեղ եւ ինչով են զբաղվելու, մյուսները՝ ոչ, եւ հարցն էլ նրանց կարծես դուր չի գալիս։ ԻՔ-ական Համազասպ Դանիելյանը, որն անհայտ պատճառներով չընդգրկվեց ՔՊ ցուցակում, ասաց․ «Որեւէ հանրային բան այս պահին չեմ զբաղեցնում, հետեւաբար, չունեմ որեւէ պարտավորություն՝ Ձեզ տեղեկացնելու»։
Նախկին իմքայլական պատգամավոր, խմբակցությունը հայտնի պատճառներով լքած Գոռ Գեւորգյանն աաց․ «Ես, ճիշտն ասած, էդ հարցերին չեմ էլ ուզում անդրադառնալ»։ Հարցրինք՝ մնալո՞ւ է քաղաքականության մեջ։ Ասաց, որ այդ հարցին ավելի ուշ կպատասխանի։
ԻՔ-ից մոտ 8 ամիս առաջ հեռացած անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը վերադառնում է հոգեբանության ոլորտ, նաեւ չի բացառում, որ կստեղծի սեփական կուսակցությունը։
ԻՔ-ից Միքայել Զոլյանը վերադառնում է ԵՊՀ՝ դասախոսական աշխատանքին, որով զբաղվում էր մինչեւ 2018 թվականը։
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն էլ հիշեցրեց՝ պաուզա է վերցրել, հիմա չի խոսում, չի մեկնաբանում։ Բայց նկատեց, որ արտախորհրդարանական կուսակցության ղեկավար է։ Նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ ասաց, որ դեռ չի որոշել։ Հիշեցնենք, որ նա Երեւանի քաղաքապետարանից է ԱԺ մուտք գործել, ավելի վաղ լրագրությամբ է զբաղվել, բայց ասաց, որ լրագրությամբ այլեւս չի զբաղվելու։ Իսկ հնարավո՞ր է՝ ինչ-որ աշխատանք է առաջարկվել, ի վերջո՝ ԼՀԿ ղեկավարն էլ է քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ինձ չի առաջարկվել»,- ասաց Անի Սամսոնյանը։