Դոստոեւսկին ասում էր. «Եթե Աստված չկա, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է»: Դոստոեւսկու ասածն այն էր, որ Աստծո գոյությունն այն ներքին հոգեբանական բարոյական արգելքն է, որը մարդուն թույլ չի տալիս ամեն տեսակ խելահեղություններ եւ հիմարություններ գործել: Նիկոլ Փաշինյանը փորձում է ՔՊ-ականներին եւ իր համախոհներին համոզել, որ Աստված չկա, ինչը կվերացնի նրանց մոտ առկա հոգեբանական-բարոյական արգելքը, ինչը նրանց թույլ չի տալիս ամբողջովին միանալ Փաշինյանի խելահեղ ու խելապակաս, հակազգային եւ դավաճանական նախաձեռնություններին: Փաշինյանը ՔՊ-ականներին ուզում է համոզել, որ իրենց գոյությունն ավարտվում է այս երկրային կյանքով, քանի որ ո՛չ երկնային կյանք կա, ո՛չ էլ՝ Աստված, որը կարդալու է յուրաքանչյուրի արդար դատաստանը: Քանի որ իրենց գոյությունը սահմանափակվում է երկրային կյանքով, երկրային կյանքում էլ իրենց «Աստվածն» ինքն է, իրենք պետք է հնազանդորեն ենթարկվեն իրեն ու իր հրահանգներին եւ վախենան միայն իր դատաստանից:
Հիշում եմ` խորհրդային տարիներին տարբեր գյուղերում կիսաքանդ եկեղեցիներ կային, որոնց մասին գյուղացիները տարբեր պատմություններ էին պատմում: Պատմում էին, թե ինչպես է կոլտնտեսության նախագահը հանձնարարել տրակտորիստին՝ քանդել գյուղի եկեղեցին, թե ինչպես է տրակտորիստը մի քանի անգամ փորձ արել քանդել եկեղեցին, ու տրակտորն անընդհատ վթարվել է, մի դեպքում տրակտորիստն է մահացել, մյուս դեպքում ընտանիքի անդամի հետ է դժբախտ դեպք պատահել: Մի խոսքով, Եկեղեցու եւ հավատքի դեմ ոտնձգություն կատարողի արդար դատաստանը չի ուշացել, ու մյուս գյուղերում որոշել են, որ շառից-փորձանքից հեռու մնալու համար ավելի նպատակահարմար է ոչ թե ավիրել եկեղեցիները, այլ դրանք օգտագործել տնտեսական նպատակներով, ավելի հաճախ` որպես պահեստ: Բայց մարդիկ շարունակել են այցելել եկեղեցի` եկեղեցին շարունակել է ծառայել որպես Աստծո տուն, թեկուզեւ՝ կիսագաղտնի, կիսաթաքուն: Կոմունիստներն էլ իրենց իշխանության առաջին տարիներին փորձում էին հասարակությանը համոզել, որ Աստված չկա, իրենց գաղափարախոսության հիմքում աթեիզմն էր`աստվածամերժությունը, բայց հետո հասկացան, որ հնարավոր չէ մերժել կամ հերքել անհերքելին, ի վերջո, տեղի տվեցին, աթեիզմն էլ երկրորդ պլան մղվեց:
Վեհարանի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ արշավ նախապատրաստող Փաշինյանը նույնպես ուզում է դրանով ցույց տալ, թե, տեսեք` Աստված չկա: Նրան թվում է, որ եթե ինքն անարգել մտնի Վեհարան, կալանավորի հոգեւորականներին ու Ամենայն հայոց կաթողիկոսին, դրանով կապացուցի, որ Աստված չկա: Կասի` տեսեք, եթե Աստված լիներ, հիմա իմ արածների համար առաջինը ես պետք է արժանանայի աստվածային պատժի: Իր ասուլիսի ժամանակ նույնիսկ դա սարքեց ծաղրի առարկա, ասում էր, որ ոտքը ցավում էր, դիմեց բժշկի, հետազոտեցին` ցավի ոչ մի պատճառ չգտան, դրանից ենթադրում է, որ իրեն չոռ է կպել: Փաշինյանը հեգնում եւ ծաղրում է ոչ միայն Եկեղեցուն, թե, տեսեք՝ դուք որեւէ կապ չունեք Աստծո հետ, այլեւ փորձում է դրանով հերքել Աստծո գոյությունը: Դրանով ոգեւորում է իր կողմնակիցներին, նաեւ ոստիկանության բարձրաստիճան սպայակազմին եւ շարքային ոստիկաններին, որոնց պետք է գրոհի տանի Եկեղեցու դեմ. տեսեք` եթե ես այսքան չարիք եմ գործում Եկեղեցու դեմ, ամեն օր վիրավորում եւ անվանարկում եմ Ամենայն հայոց կաթողիկոսին եւ սրբազաններին, ու ինձ հետ ոչինչ չի պատահում, դուք ի՞նչ ունեք մտածելու, դուք էլ կարող եք հետեւել իմ օրինակին ու հանգիստ մասնակցել հարձակմանը՝ չմտահոգվելով, թե ինչ հետեւանք դա կարող է ունենալ:
Փաշինյանը չի էլ մտածում, որ այն, ինչ հետո պետք է ենթադրաբար տեղի ունենա` իր չարագործություններին ի պատասխան, արդեն իսկ տեղի է ունեցել: Ամենավտանգավորն այն չէ, որ ցավում է ոտքդ կամ ձեռքդ, կամ մարմնի որեւէ այլ տեղ: Ամենավտանգավորն այն է, որ մարդը կորցրել է բանականությունը, կորցրել է բարոյական եւ մարդկային նկարագիրը, իրականության զգացողությունը: Սա գուցե ամենամեծ աստվածային պատիժն է, որ կարող է տեղի ունենալ մարդու հետ: Հայկական ժողովրդական ասացվածքն ասում է. երբ Աստված ուզում է ինչ-որ մեկին պատժել, նախ առնում է նրա խելքը: Իմաստն այն է, որ անխելք մարդուն իմաստ չկա հավելյալ պատժել, նրա ցանկացած քայլ պատիժ է լինելու իր համար: Հիմա Փաշինյանի դեպքում է. նա կորցրել է կյանքում ապրելու ցանկացած իմաստ, լինելով բացարձակ դժբախտ ու դժգույն մի էակ, նրա ամբողջ կյանքի իմաստը դարձել է վարչապետի աթոռին մնալը, այդ պաշտոնն օգտագործելը՝ ինչ-որ չարագործություններ կատարելու համար: Իսկ ի՞նչ պակաս աստվածային պատիժ է դա: Կասեք, որ այդ պատժից տուժում է մի ամբողջ երկիր, մի ամբողջ հասարակություն: Բայց չէ՞ որ մի ամբողջ հասարակություն էլ է մեղք գործել` դրա նմանին իր գլխին առաջնորդ կարգելով: Չնայած շատերն ապաշխարել են իրենց գործած մեղքի համար, բայց մեղքերի թողություն ստանալու համար գուցե դեռ բավարար չէ: