Հասարակություն

Չարենցավանի ոստիկանները երեք օր է` չեն կարողանում գտնել վտանգավոր հանցագործին

Չարենցավանի ոստիկանները երեք օր է` չեն կարողանում գտնել վտանգավոր հանցագործին

Օգոստոսի 27-ին տեղեկություն տարածվեց, որ դաժան սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքի Արզական գյուղում։ Գիշերը ժամը 3 անց կեսից 4-ի սահմաններում Արզական գյուղի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ` Զորիկ Մ.-ն պարանոցը կտրելու միջոցով սպանել է իր 35-ամյա կնոջը, որը երկու անչափահաս երեխաների մայր էր, ապա մտել է հարևանի տուն և դանակահարել է 57-ամյա Ավետիք Ա.-ին և նրա 53-ամյա կնոջը։ Դրանից հետո հանցագործը դիմել է փախուստի, ու մինչ օրս ոստիկանները չեն կարողանում հայտնաբերել նրան։ Այս պատմությունը ցնցել է ինչպես ամբողջ գյուղը, այնպես էլ ողջ Չարենցավան համայնքը։ Թե ինչու է 46-ամյա տղամարդը գնացել նման քայլի, ոչ ոք ստույգ պատճառը չի կարողանում նշել։ Ոստիկանությունից դեռ դեռ հստակ վարկած չունեն։ Գյուղում տարածված խոսակցություններն ընդամենը ենթադրությունների մակարդակում են, որ կնոջ սպանությունը գուցե կատարվել է խանդի հողի վրա, սակայն դրա վերաբերյալ որևէ փաստական հիմք, որևէ առողջ տրամաբանություն դեռևս չի ներկայացվել։ Հատկապես որ անհասկանալի են դրանից հետո հարևանի տուն ներխուժելն ու հարևանի վրա հարձակվելու շարժառիթները։ Ավետիք Մ.-ն այս պահին բազմաթիվ կտրած-ծակած վերքերով գտնվում է Չարենցավանի հիվանդանոցում, մենք տեղեկացանք, որ նրա վիճակը կայուն է՝ կյանքին վտանգ չի սպառնում։ Իսկ տիկնոջ միայն թևն է վնասվել, երբ փորձել է պաշտպանել ամուսնուն պատուհանից իրենց ննջասենյակ ներխուժած մոլագարի հարվածներից:

Ի դեպ, մեզ ասացին, որ դանակահարված Ավետիք Մ.-ն բարիդրացիական հարաբերություններ է ունեցել դանակահարողի հետ, ուստի անհասկանալի է, թե ինչու է Զորիկ Մ․-ն գնացել նման քայլի։ Մենք հետաքրքրվեցինք և իմացան, որ Զորիկ Մ.-ն և նրա ընտանիքի անդամները Արզական գյուղում մշտապես կոնֆլիկտի մեջ են եղել գյուղի մեկ այլ ընտանիքի հետ։ Ընտանիքում հինգ եղբայր են, որոնցից ոմանք, այդ թվում՝ հենց Զորիկը, այս տարիներին պարբերաբար հայտնվել են ծեծկռտուքների, կրակոցների, քրեական պատմությունների մեջ, հասցրել են նաև դատապարտվել։ Ասացին՝ թմրանյութերի հետ ևս սեր են ունեցել։

 

Դեպքից անցել էր երեք օր, երբ այսօր կեսօրին տեղեկություն տարածվեց, որ Զորիկ Մ.-ն հերթական սպանությունն է գործել, այս անգամ ՝ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում։ Infoport.am-ը գրել է, որ «Գյուղում կնոջն ու հարևաններին դանակահարած Կոտայքի մարզի բնակիչ՝ 46-ամյա Զորիկ Մ-ն այս գիշեր Բալահովիտ գյուղում՝ իր աշխատանքի վայրում դանակահարել է աշխատակիցներին։ Կայքի ունեցած նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ, 3 վիրավոր»։

 

Սա արդեն ավելի խորացրեց կասկածները, թե ինչի համար է Զորիկ Մ.-ն գնացել այդ քայլին։ Այս պահին շրջանառվող վարկածն արդեն ոչ թե խանդն է կամ որևէ անձնական հաշիվ ինչ-որ մեկի հետ, այլ հանցագործի՝ հոգեկան անհավասարակշիռ վիճակը կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ գտնվելը։ Այլ բացատրություն այս պահին չեն կարողանում գտնել։ Կամ գուցե իսկապես հատուկ է ընտրում իր զոհերին` նրանց նկատմամբ ունենալով կոնկրետ վերաբերմունք:

 

Այս օրերին և, հատկապես, Բալահովիտում կատարած նոր սպանությունից հետո, ինչպես Արզական գյուղում, այնպես էլ Չարենցավան քաղաքում անհանգիստ ու տագնապած վիճակ է։ Մեզ հայտնեցին, որ նախ ոստկանությունն է բնակիչներին հորդորել՝ տների դռները փակ պահել, զգուշանալ, բնակիչներն էլ իրենց հերթին են միջոցներ ձեռնարկել՝ զինվելով ինչով կարող են, որ պաշտպանեն իրենց ու իրենց ընտանիքի անդամներին հանցագործի հավանական հարձակումից։

 

Մենք փորձեցինք Չարենցավանի ոստիկանությունից ճշտել, թե ինչո՞ւ չի հաջողվում հայտնաբերել վտանգավոր հանցագործին, ի՞նչ քայլեր են ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ, հատկապես, որ նա, ինչպես հասկացանք, Կոտայքի մարզում է և անհասկանալի է՝ որն է զարգացած մեթոդիկայի ու տեխնոլոգիաների այս դարում կոնկրետ մարզում գտնվող հանցագործին հայտնաբերելու բարդությունը։

 

Նշենք, որ ոստիկանության Չարենցավանի բաժինը տևական ժամանակ է պետ չունի, այս պահին Սանթուր Դուրգարյանն է իրականացնում բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։ Առհասարակ, Չարենցավանի վրա, կարելի է ասել, բաժնի պետ «չի գալիս»՝ այստեղ շաբաթը մեկ ոստիկանապետ են փոխում, ու գրեթե ամեն փոփոխությունից հետո, օրվա պետի բախտից` մի  խոշոր դեպք տեղի է ունենում քաղաքում՝ կրակը գցելով թե՛ բաժնի պետին, թե՛ աշխատակիցներին։ Սանթուր Դուրգարյանը, որը բաժնի մյուս աշխատակիցների հետ միասին երկու օր է՝ զօր ու գիշեր հանցագործի փնտրտուքների մեջ է (դեռևս՝ ապարդյուն), սկզբից չցանկացավ խոսել, ապա հայտնեց, որ այս պահին աշխատանքի մեջ է, ղեկին է՝ մի վայրից մեկ այլ վայր է գնում։ Երբ հարցրինք՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկում հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ, ասաց․ «Օպերատիվ քայլեր են ձեռնարկում իրեն հայտնաբերելու ուղղությամբ, որոշ բաները նախաքննությունից ելնելով՝ չեմ կարող էս պահին ասել։ Հիմա, էս պահին օպերատիվ աշխատանքի մեջ եմ»։ Եւ խորհուրդ տվեց մնացած հարցերով դիմել լրատվական բաժին, որի աշխատակիցներն անհասանելի էին։ Ոստիկանության լրատվական բաժինը այսօր անգամ հաղորդագրություն չէր տարածել Բալահովիտում տեղի ունեցած սպանության դեպքով։

Սանթուր Դուրգարյանին հարցրինք նաև՝ ճի՞շտ է, որ Բալահովիտում Զորիկ Մ.-ն չորս հոգու է դանակահարել, որոնցից մեկը սպանվել է, Դուրգարյանն ասաց. «Ոչ, չորս հոգի չեն, երկու հոգի են, մեկը սպանվել է»։ Փորձեցինք նաև հետաքրքրվել, թե ունե՞ն նախնական վարկած՝ ո՞րն է տվյալ անձի կողմից կատարվող այս սպանությունների շարժառիթը, սակայն կապն ընդհատվեց։

Դանակահարված անձինք բոլորն էլ, ասացին, որ հանցագործի հետ Բալահովիտում նույն արտադրամասում էին աշխատում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image