Հոկտեմբերի 5-ին Մարսելում ֆրանսահայ 73 կազմակերպություններ միացան՝ հիմնելով «Հայաստան-Ֆրանսիա ազգային համախմբում» միավորումը։ Նախաձեռնությունը սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանինն է, որը վաղուց էր ուզում նման միավոր ստեղծել: Այն լինելու է Նիկոլ Փաշինյանի հենարանը ֆրանսահայ համայնքում: Կազմակերպության ստեղծման մասին «կոմյունիկե» է հրապարակվել, որտեղ ակնհայտ են վերջինիս բնորոշ խոսույթի տարրերը: Գրված է, որ «Համախմբումը» ողջունում է Հայաստանի ջանքերը՝ «ուղղված արդար եւ կայուն խաղաղության հաստատմանը»։ «Համախմբումն աջակցում է Հայաստանի Հանրապետության ջանքերին՝ ժողովրդավարական կառավարման եւ իրավունքի գերակայության շրջանակներում»։ Սա, ըստ էության, Ֆրանսահայ կազմակերպությունների միության` CCAF-ի դեմ է ստեղծվել, որի անդամները քննադատում են Փաշինյանին եւ չեն ընդունում Զարեհ Սինանյանին:
Մասնակից կազմակերպությունների անունները գլխավոր հայտարարության մեջ չեն նշվում: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահող Արա Թորանյանը, իր գլխավորած Nouvelles d'Arménie ամսագրում վերլուծելով «Համախմբման» անդամների հրապարակված խմբակային լուսանկարը, այս առիթով գրում է. «Պատկերված են նախկին խորհրդամետ շարժման հիմնական կողմնակիցները, ինչպես նաեւ՝ Դանիել Քուրքջյանի Ֆրանկո-հայկական խորհրդի առաջնորդները, որը 2020 թվականի վերջին իրեն դիրքավորել էր որպես CCAF-ի այլընտրանք, Սամսոն Օզարարատի «Նայս» շարժումը, որն ավանդաբար քարոզում էր թուրքական պետության հետ մերձեցման ցանկությունը, եւ մի շարք «փոքր» անկախ միություններ կամ «Ջաֆիստական» խմբին ավելի կամ պակաս համակրողներ: Առաջին հայացքից, հետեւաբար, սփյուռքի գերագույն հանձնակատարի համար տոնելու առիթ կլիներ: Չորս տարի շարունակ նա անընդհատ աշխատում էր Ֆրանսիայի հայ համայնքը մասնատելու ուղղությամբ՝ այն ավելի լավ համաձայնեցնելու համար Երեւանի հետ: Գործողությունը, կարծես, արդյունք է տվել»:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը վստահ է, որ այս կառույցը ստեղծվել է CCAF-ի դեմ: «Այո, մեր դեմ էր։ Այս նոր շարժման նախաձեռնողները Նիկոլի կողմից քաջալերված են, որ մեզ փորձեն դեգրադացնել»,- ասում է նա։ Հարցին, թե ինչու են նոր միավորման անդամ կազմակերպություններն այդքան շատ, պատասխանում է. «Դրանք՝ բոլորը, փոքր կազմակերպություններ են։ Միայն ղեկավարներն են նիկոլական։ Մեծ կազմակերպությունները հետաքրքրված չեն: Մեծ կազմակերպությունները նրանց չեն միացել, դրանք AGBU-ն է՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, ՀՕՄ-ը` Հայ օգնության միությունը, UMAF-ը՝ Ֆրանսիայի հայ բժիշկների միությունը, ՀՅԴ-ն, Ֆրանսիայի Հայ ավետարանական եկեղեցիների միությունը: Զարմանալի է, որ այդ փոքր կազմակերպությունները համաձայն են, որ ցեղասպանությունը վերանայվի, որ «Զանգեզուրի միջանցք» լինի, որ գերիներին հետ չհանձնեն»:
Մեր ռեպլիկին Մուրադ Փափազյանն արձագանքեց. «Այս 73 կազմակերպությունները շատ փոքրիկ կազմակերպություններ են եւ ընդհանրապես քաղաքական բնույթ չունեն: Նրանք չեն, որ համաձայնեն Փաշինյանի հետ: Փաշինյանի հետ համաձայն են դրանց մի քանի ղեկավարները՝ Ռենե Զաքոյան, Պասկալ Շամասյան` նրանք են, որ մանիպուլացնում են այս բոլոր կազմակերպությունները եւ ուղղակի աշխատում են Նիկոլ Փաշինյանի օգտին եւ մեր դեմ»: Այս նոր միավորի հետ է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: