Քաղաքականություն

Անդրադառնամ օդում կախված հարցերին. Արթուր Վանեցյան

Անդրադառնամ օդում կախված հարցերին. Արթուր Վանեցյան

Հարցազրույց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ

- Պարոն Վանեցյան, չնայած շատերն են խոսում այն մասին, որ եկեղեցու ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ Նիկոլ Փաշինյանի հարձակումը կարմիր գծերի հատում է, այնուամենայնիվ ոչ եկեղեցին, ոչ էլ նրա պաշտպանները հստակ չեն ասում, թե ինչու՞ հանրությունը չպետք է խոսի եկեղեցում առկա խնդիրների մասին ու, անհրաժեշտության դեպքում, դրանք հաղթահարելուն ուղղված քայլեր ձեռնարկի։ Դուք նույնպես Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեցիք, որ այդ խնդիրները քննարկելի չեն ու վերջ։ Ինչու՞։

- Այո, ես նույնպես, ելնելով իրավական, բարոյական, կրոնական, քաղաքավարական և այլ նկատառումներից, փորձել եմ խուսափել հանրային տիրույթում Վեհափառ Հայրապետին և բարձրաստիճան հոգևորականներին վերաբերող անձնական հարցերի քննարկումից։ Բայց քանի որ օդում կախված հարցեր են մնացել, փորձեմ կարճ անդրադառնալ դրանց։ Նախ և առաջ, Նիկոլի կողմից օրակարգ բերված հարցերը քննարկելի չեն կրոնական տեսանկյունից։ Եկեղեցին ունի իր ընթացակարգերը, որոնք նախատեսում են տարբեր մակարդակներում տարբեր բնույթի հարցերի քննարկում, իսկ համազգային հարցերի վերաբերյալ` Ազգային-Եկեղեցական Ժողովում քննարկումներ և որոշում։
Չի կարելի նման քննարկումներ ծավալել նաև անձնական կյանքի պաշտպանվածության վերաբերյալ Սահմանադրության 34-րդ հոդվածի պահանջով, որում նշվում  է, որ «յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք»: Տարբեր միջոցներով ինչպես եկեղեցականի, այնպես և որևէ անձի վերաբերյալ ենթադրյալ տեղեկությունների հավաքումը, ոչ քրեական բնույթ կրող գործողությունների հանրայնացումը և հրապարակային քննարկումը խախտում է Սահմանադրական վերոնշյալ կարգը։ Իսկ Պետության ղեկավարի՝ Եկեղեցու կյանքին միջամտությունը, այն էլ ղեկավար փոխելու բացահայտ կոչով և Կաթողիկոսի ընտրության մեջ իշխանության ազդեցության լծակի ստեղծման մասին հայտարարությամբ, խախտում է եկեղեցու և պետության անջատ լինելու Սահմանադրական սկզբունքը և օրենքը։
Հայ Եկեղեցու դեմ այս «քննարկման»  նախաձեռնողներն արդեն իսկ նման որևէ իրավունք չունեն ո՛չ իրավական, ո՛չ էլ, առավել ևս, բարոյական առումներով: Այդ մարդիկ Արցախը կորցրած, տարածքային զիջումների գնացած, մեր ժողովրդի և պետության դեմ թշնամական օրակարգերով կառավարվող իշխանության պաշտոնյաներ են: Ավելին, պաշտոնատար անձի հանրային խոսքը չի կարող լինել գռեհիկ ու անպատասխանատու, ինչպիսին Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցներինն է։ 

- Բայց Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները հայտարարում են, որ իրենք խնդիրը բարձրացնում են որպես եկեղեցու հետևորդ, եկեղեցու զավակ…

- Շարունակեմ միտքս։ Հարցը չի կարող քննարկվել նաև հասարակական նկատառումով, քանի որ Նիկոլը չի կարող հանդես գալ Հայ Առաքելական Եկեղեցու «սրտացավ» հետևորդի դիրքերից։ Նա անգամ չի մասնակցում Սուրբ Զատկի Պատարագին, իսկ Սուրբ Ծննդյան օրերին հանրային կերպով երշիկով ձվածեղ է պատրաստում։ Փաստացի այդ մարդը որևէ առնչություն չունի եկեղեցու հետ, չկա եկեղեցում, և միայն շահարկում  է այս հարցը իր քաղաքական նպատակներով։
Այդ հարցերը քննարկելի չեն նաև քաղաքական պատճառներով։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու բարձրաստիճան եկեղեցեկաններին, այլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է թիրախավորում։ Նպատակը մեկն է՝ հագուրդ տալով թշնամի հարևանի պատվերներին, հարվածել հանրության շրջանում մեծ հեղինակություն վայելող այդ կառույցին՝ որպես վերջնարդյունք ունենալով ավելի պառակտված և հետևաբար՝ իշխանությունների կողմից ավելի հեշտ կառավարվող ժողովուրդ։ Մտնելով այդ հարցի քննարկումների մեջ՝ մենք միայն նպաստելու ենք Նիկոլի ազգակործան հերթական օրակարգի առաջխաղացմանը։

- Այսինքն Դուք ուղիղ քաղաքական պատվե՞ր եք տեսնում Փաշինյանի մոտեցումներում։

- Ես դեռ միայն խոսում եմ այն մասին, թե ինչու՞ չի կարելի հանրային տիրույթում քննարկել եկեղեցու և եկեղեցականների մասին Փաշինյանի առաջ բերած օրակարգերը։ Շարունակեմ։ Նրա հարցադրումները չպիտի քննարկվեն, քանի որ Նիկոլի հակաեկեղեցական հայտարարություններն ու ջղաձիգ պոռթկումները վրդովվեցնում և վիրավորում են հազարավոր մարդկանց կրոնական և բարոյական զգացմունքները։ Թիրախավորելով եկեղեցուն՝ իշխանական թիմը թիրախավորում է եկեղեցու զավակներին, փորձում ներքաշել նրանց անպտուղ, վիրավորական և վարկաբեկիչ քննարկումների մեջ, նոր բաժանարար գծեր անցկացնել՝ մարդկանց դարձնելով կեղտոտ հորինվածքի մաս և զոհ։

Այս հարցը քննարկելի չէ, որովհետև նաև կան հարցեր, որոնց միակ նպատակը արժեքների, սրբությունների վիրավորանքն է ու հայհոյանքը, իսկ հայհոյանքին պատասխանում են կամ ներողամտությամբ` եթե հայհոյողը զղջում է, կամ էլ բռունցքով, որ ստիպի հայհոյողին զղջալ։
Ի վերջո, կան հարցեր, որոնք պարզապես քննարկելի չեն։ Ինչպես, օրինակ, քննարկելի չէ մարդու հավատքն առ Աստված։ Մարդը հավատում է և վերջ։ Ի՞նչը քննարկես։ Եվ ինչու՞։

Արեգ Մարգարյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image