Հասարակություն

Համաներման սպասում կա եւ պահանջ. ինչ սպասել իշխանությունից 

Համաներման սպասում կա եւ պահանջ. ինչ սպասել իշխանությունից 

Հայաստանում դատապարտյալների նկատմամբ վերջին համաներումը տեղի է ունեցել 2018 թվականին՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի պաշտոնավարման ժամանակ։ Առիթը Երեւանի հիմնադրման 2800-ամյակն ու Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակն էր, թեեւ մարդիկ շատ լավ գիտակցում էին, որ նոր իշխանությունն այս բացառիկ քայլին է գնում ի նշանավորումն 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության, նոր իշխանության մարդասիրական իմիջի բարձրացման նպատակով: Այն ժամանակ մոտ 550 մարդ համաներումով ազատ արձակվեց։ 

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, հայտարարելով առաջիկա համաներման մասին, նշում էր, որ կալանավայրերում գերբեռնվածության խնդիր չկա, եւ ունենք դատապարտված եւ կալանավորված անձանց ամենացածր ցուցանիշը (1870 դատապարտյալ եւ 1101 կալանավորված անձ)։ Այսօր կալանավայրերում պահվող անձանց թիվը կրկին աճել է։ Անցյալ տարվա դեկտեմբերի տվյալներով, հայաստանյան բանտերում, ընդհանուր առմամբ, 2 հազար 618 անձ էր պահվում, որից 1341-ը՝ կալանավոր, 1277-ը՝ դատապարտյալ։ Հասկանալի է, որ վերջին 4 ամսում թվերն ավելի շատ են աճել։ Յուրաքանչյուր կալանավորի վրա պետությունն ամսական, ըստ արդարադատության նախարարության տվյալների, ծախսում է մոտ 850 դոլար (մոտ 350 հազար դրամ)։ Կարծես, ճիշտ ժամանակն է նոր համաներում հայտարարելու։ 

Դատապարտյալների եւ կալանավորված անձանց շրջանում լուրեր են տարածվում, թե իշխանությունը նոր համաներում է նախապատրաստում։ Արդարադատության նախարարության խոսնակին հարցրինք` ճի՞շտ է, որ առաջիկայում համաներում է լինելու, գուցե նման նախագի՞ծ է նախապատրաստվում։ Նախարարության խոսնակը պատասխանեց․ «Ոչ։ Նման նախագիծ չկա»։ Չնայած համաներման մասին լուրերը չեն հաստատվում, ինչպեսեւ իշխանափոխությունից անմիջապես հետո, սակայն օդում համաներման սպասում կա եւ պահանջ։ Հայաստանում տարբեր տարիների իրականացված համաներման ժամանակագրությունը վկայում է, որ նախկին իշխանությունների օրոք դրանք բավականին հաճախ էին կիրառվում։ 

Առաջին համաներումը Հայաստանում հայտարարվել է 1995թ․, ապա՝ 1997-ին, հետո՝ 1998 թվականին, 2001 թվականին՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ, 2006-ին, ապա՝ 3 տարի անց՝ 2009 թվականին, 2011-ին՝ ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ: 785 անձի նկատմամբ կիրառվեց այդ ակտը։ Եվս 2 տարի անց` 2013-2014 թվականներին, մոտ 900 մարդ համաներումով ազատվեց բերդերից, 1212 անձ ազատվեց պատժի հետագա կրումից, իսկ 148 անձի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը համաներման ակտով սահմանված համապատասխան չափով կրճատվեց: Համաներումների մեջ ամենաերկար միջակայքը եղել է 4 տարի։ Այսօր արդեն վերջին համաներումից անցել է 7 տարի, իսկ իշխանությունն առայժմ միայն լցնում է բերդերը։ 

«Ես, ընդհանրապես, կողմ եմ, որ ժամանակ առ ժամանակ պետությունը համաներում հայտարարի, ոչ բոլոր հոդվածներով՝ իհարկե, եւ ոչ բոլորի համար, եւ որ ծայրահեղություն դա չդառնա, այսինքն, որ հանցագործություն կատարելուց առաջ անձը հաստատ վստահ լինի, որ, միեւնույն է, շուտով համաներում է լինելու, եւ ինքը համաներում կստանա։ Ինչ վերաբերում է կալանավայրերի գերբեռնմանը, ես այն կարծիքին չեմ, որ համաներման հարցը որոշելուց կալանավայրերի, ՔԿՀ-ների գերբեռնված լինելը պետք է դիտարկվի որպես գործոն։ Գերբեռնված են` թող նոր կալանավայրեր կառուցեն։ Գործոններ շատ կան, հիմնականում՝ մարդասիրական բնույթի»,- ասում է փաստաբան Հայկ Ալումյանը։ Դժվար չէ՞ մարդասիրություն սպասել այս իշխանությունից։ «Գուցե մարդիկ մտածում են` ինչքան հնարավոր է, չկիրառենք, որ հետո մեր դատվելու ժամանակը գա, շատ ժամանակ անցած կլինի, ու ստիպված կլինեն կիրառել»,- կատակում է Ալումյանը։ 

Ըստ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի, համաներման հույս հիմա պետք է որ քիչ լինի, քանի որ հակառակն է կատարվում։ «Որքան ավելի մոտենում են ընտրությունները, այնքան ավելի շատ մարդկանց են փորձելու փակել, այնքան ավելի շատ մարդկանց վերաբերյալ տխմար հոդվածներով քրեական գործեր են հարուցելու»,- ասում է նա։ Նինա Կարապետյանցը համաներման կողմնակիցներից չէ։ Նա կարծում է, որ համաներումը շտկում է արդարադատության համակարգի թերությունները։ «Եթե արդարադատության համակարգն առողջ է եւ ողջամիտ, եթե այն աշխատում է` համաներման կարիք չի լինում։ Բայց մեր արդարադատության համակարգն այնքան այլանդակ է ու այլասերված, որ անգամ համաներմանը վստահություն չկա։ Այս իշխանությունն իրականացրել է ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ համաներումը, երբ տուժողների կարծիքը հարցնելով էին որոշում` համաներում կիրառել, թե ոչ։ Եթե հիմա համաներում հայտարարվի, այն այնքան ընտրողաբար ու խտրական է իրականացվելու, որ չեղածի հաշիվ է։ Օրինակ, համաներում կիրառելիս նախապատվությունը թմրանյութ տարածողներին կտան, իսկ քաղաքական հոդվածներով դատապարտվածներին չեն ազատի»,- ասում է Նինա Կարապետյանցը։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image