Երեկ համացանցում տարածվել էր Վեհափառ Հայրապետին ուղղված մի գրություն, որի ներքո դրված է ինը եպիսկոպոսի եւ արքեպիսկոպոսի իրական, գուցե՝ կեղծված ստորագրություն։ Կեղծարարությունը Փաշինյանի վարչակազմի այցեքարտն է, այնպես որ, եթե վերջնահաշվում պարզվի, որ գրությունը կազմվել է ոչ թե եկեղեցու սպասավորների կողմից, այլ՝ Փաշինյանի կանտորայում, ոչ ոք առանձնապես չի զարմանա։ Կամ՝ եթե պարզվի, որ մի տեքստի հետ են հոգեւորականները ծանոթացել, ստորագրել, հետո իրենց ստորագրություններն այլ տեքստի ներքո են հայտնվել, նույնպես ոչ ոք չի զարմանա։
Սակայն եթե համարենք, որ ստորագրություններն իրական են, ապա ճիշտ կլինի, որ եպիսկոպոսները, Արարատյան թեմի առաջնորդից սկսած, ետ կանչեն իրենց ստորագրությունները։ Այստեղ խնդիրն ամենեւին Արշակ արք․ Խաչատրյանը չէ։ Խնդիրը Փաշինյանի կողքին հայտնվելու, նրա անբարո հակաեկեղեցական ու հակաքրիստոնյա արշավին ակամա ծառայելու վտանգն ու նվաստացումն է։
Արշակ արքեպիսկոպոսը եթե անգամ աստվածաշնչյան մի կերպար լիներ, 20-25 տարի՝ մի ամբողջ սերնդի կյանք, անփոփոխ գտնվելով դիվանապետի պաշտոնում, այդ անշարժությամբ իր դեմ խմորումներ կառաջացներ։ Արշակ արքեպիսկոպոսը կարող է դատապարտելի ոչինչ էլ արած չլինել, բայց երկարամյա անփոփոխ պաշտոնավարումը շատերին հոգնեցրած լինի, եւ նույնիսկ ենթագիտակցորեն ոմանք կառչեն ներկայացած առիթից՝ նրան հեռացնելու։ Էլ չասած, որ Արշակ Սրբազանը կարող է ոմանց կարիերային հավակնություններին խոչընդոտած լինել, այլոց հետ անձնական հակասություններ ունենալ․․․ Ամեն պարագայում պարզ է, որ սովորական ճահճացած մարդկային միջավայրի շարժառիթներ են Արշակ արքեպիսկոպոսի դեմ արշավի հիմքում, այդտեղ ո՛չ կրոնական, ո՛չ հոգեւոր ոչինչ լինել չի կարող։ Եթե իրոք տարածված, ամենայն հավանականությամբ, fake տեսանյութերի հայտնվելը լիներ եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների մտահոգության առարկան ու պատճառը, ապա ի՞նչն էր խոչընդոտում՝ այդ տեսանյութերը եկեղեցու կողմից ուղարկել արտերկիր՝ նույնիսկ ոչ թե մեկ, այլ մի քանի անկախ ծառայություններ՝ փորձաքննության։
Մինչդեռ, դատելով տարածված տեքստից, Վեհափառի տնօրինությամբ կազմված ինչ-որ հանձնախումբ համացանցում Արշակ Սրբազանի վերաբերյալ տարածված տեսանյութերը, որոնց եթե ոչ առաջին, ապա գոնե գլխավոր տարածողը եղել է փաշինյանական civic.am-ը, ուղարկել են փորձաքննության Փաշինյանի կրնկի տակ գտնվող Քննչական կոմիտեում։ Այն Փաշինյանի, որը մայիսից ի վեր ամենալկտի բառապաշարով, ամենահետին փողոցայինի վարքով առավոտից երեկո չարախոսում եւ հայհոյում է թե՛ Արշակ Սրբազանին, թե՛ հոգեւորականներին, թե՛ Հայաստանյայց առաքելական եկեղեցուն։ Փաշինյանի կամակատար Քննչական կոմիտեին առնչված որեւէ փորձաքննության արդյունքը կարո՞ղ է Փաշինյանի ասածները դակելուց զատ այլ բան լինել։ Մանավանդ որ, ինչպես այդ գործով փաստաբան Բաբայանն է փաստում, ՀՀ Քննչական կոմիտեն ոչ մի փորձաքննություն չի էլ իրականացրել։
Իսկ ներկա պահին Փաշինյանը փորձում է իր էությանը համահունչ՝ եկեղեցու հանդեպ իր պառակտչական գործունեությունն ընդլայնել ու խորացնել։ Եվ այն բանից հետո, ինչ հայտարարել է եւ անում է Փաշինյանը, բոլոր այն եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները, ովքեր ստորագրել էին Արշակ սրբազանի դեմ գրության ներքո, որով հավակնում էին նաեւ Վեհափառի վրա ստվեր նետել, ակնհայտ է, որ անմեղ բան չեն արել։ Եթե նրանք չեն հասել Հիսուսի, եկեղեցու եւ հայության հանդեպ դավաճանություն գործելու մեղքին, ապա Փաշինյանի՝ այսօրվա արգահատելի միջամտությունից հետո արժե հրապարակավ հայտարարեն, որ ետ են կանչում իրենց ստորագրությունները եւ դադարեցնում են որեւէ գործողություն այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը գտնվում է իշխանության ղեկին։
Մի քանի ամսից Փաշինյանը, հուսանք, այլեւս չի լինի իշխանությունում։ Հետեւաբար, մի քանի ամիս կարելի է դիմանալ, Արշակ Սրբազանի քառորդդարյա պաշտոնավարումից ծագած դժգոհություն-խռովությունը զսպել եւ եկեղեցու ներսում որեւէ մեկի դեմ որեւէ քայլ չկատարել։ Իսկ Փաշինյանի՝ իշխանությունից հեռանալուց հետո, ի սեր Աստծո, արդեն հոգեւորականների եւ եկեղեցու ներքին գործն է՝ ում դեմ ինչ կձեռնարկեն, ինչ կքննեն, ում կհեռացնեն պաշտոնից եւ ինչ արդյունքի կհասնեն։ Այսօր, սակայն, Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ ամենանողկալի, ստոր, դավադիր ու սրբապիղծ արշավն է ընթանում՝ երբեւէ պատմության մեջ եղած։ Հետեւաբար, քանի դեռ թշնամին կանգուն է եւ արշավում է, եկեղեցում չպետք է լինեն ներքին ընդդիմություն, պառակտում կամ խլրտում։
ՀԳ․ Փաշինյանի հետ եպիսկոպոսների հանդիպման կադրերը տհաճ էին, սակայն գրության եւ ստորագրությունների առումով ոչինչ չհստակեցրին։