Անցյալ տարվա մայիսին ընտրված Հռոմի Լեւոն 14-րդ պապը, որը ծնունդով ամերիկացի է, սակայն եկեղեցական իր առաքելության մի ստվար մասն անցկացրել է Լատինական Ամերիկայում, դարձել է ԱՄՆ նախագահի քննադատությունների նոր թիրախը։ Նկատենք, որ Լեւոն 14-րդը պապ է ընտրվել կարդինալների կոնկլավի կողմից հենց այն պատճառով, որ մոտ է կանգնած կարիքավորներին եւ զարգացող երկրներին, գիտի նրանց խնդիրները։ Բացի այդ, համարվում էր հանգուցյալ Ֆրանցիսկոս պապի բարենորոգումների գաղափարակիցը եւ այդ առումով հեռու էր պահպանողական այն կաթոլիկներից, ինչպիսին է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Իսկ պահպանողական կաթոլիկները, ինչպես գիտենք, աջակցում են Թրամփին։ Նման իրավիճակում, ինչպես նկատում է ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մակարկինը, Սրբազան քահանայապետի եւ Դոնալդ Թրամփի միջեւ կոնֆլիկտը միայն ժամանակի հարց էր։
Առաջին բախումը տեղի ունեցավ հունվարին, երբ Լեւոն 14-րդն իր ելույթում դատապարտեց դիվանագիտական երկխոսությունն «ուժի դիվանագիտությամբ» փոխարինելու քաղաքականությունը եւ հայտարարեց, որ պատերազմը կրկին դառնում է նորաոճ, իսկ պատերազմելու ձգտումը տարածվում է։ Երկրներն էլ, ըստ Պապի, օգտագործում են իրենց հզորությունը՝ աշխարհում տիրապետություն հաստատելու համար։ Պենտագոնը դա ընդունեց որպես Թրամփի վարչակազմին ուղղված քննադատություն։ Հայտնվեցին հաղորդումներ, որ այդ ժամանակ Վատիկանում Սբ Աթոռի նվիրակ կարդինալ Քրիստոֆ Պյերը հրավիրվել էր Պենտագոն, որտեղ զինվորական պաշտոնյաները, ներառյալ պաշտպանության կամ պատերազմի փոխնախարար Էլբրիջ Քոլբին, «դառնահամ դասախոսություն» էին կարդացել նրա համար (The Free Press)։ Հանդիպման մասնակիցներից մեկը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ունի այնքան ռազմական հզորություն, որ աշխարհում կարող է անել այն, ինչ ուզենա, եւ խորհուրդ է տրվում Կաթոլիկ եկեղեցուն՝ կանգնել Միացյալ Նահանգների կողքին։ Մեկ այլ ամերիկացի պաշտոնյա էլ այնքան հեռուն էր գնացել, որ հիշել էր Կաթոլիկ եկեղեցու պատմության մռայլ շրջաններից մեկը՝ Ավինյոնյան գերությունը՝ 1309-77 թթ․, երբ Սբ քահանայապետները գտնվում էին ֆրանսիական թագի լիակատար հսկողության ներքո։ Ասում են, որ կարդինալ Պյերը լուռ լսել է դասախոսությունը, իսկ հետո Վատիկանը որոշեց մեղմել իրավիճակը։ Սբ Աթոռի խոսնակ Մաթեո Բրունին հայտարարեց, որ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած նկարագրությունները չեն համապատասխանում իրականությանը։
Հաջորդ բախումը եղավ այս ապրիլին։ Իրանական էսկալացիայի ժամանակ Լեւոն 14-րդը հավատացյալներին կոչ է արել աղոթել, որ խաղաղություն հաստատվի, զենքերը լռեն, եւ լսելի լինի ժողովուրդների ձայնը։ Նա մերձավորարեւելյան վերջին էսկալացիան որակեց որպես մարդկության սկանդալ։ Այս քննադատությունը դժվար թե դուր գար Թրամփին, սակայն հանրային արձագանք չեղավ։ Իրավիճակը փոխվեց, երբ ԱՄՆ պատերազմի նախարար Հեգսեթը խնդրեց ամերիկացիներին՝ աղոթել նրանց համար, ովքեր կռվում են Իրանում։ Ի պատասխան՝ Պապը հայտարարեց․ «Մենք հակված ենք մեզ զորավոր կարծել, երբ տիրապետում ենք, հաղթանակած ենք, երբ ոչնչացնում ենք մեզնմաններին, հակված ենք մեզ մեծ կարծել, երբ մեզնից վախենում են։ Մինչդեռ, ճշմարիտ Մարդ եւ ճշմարիտ Աստված Քրիստոսն առաջարկում է մեզ ինքնազոհության, ծառայության եւ սիրո օրինակ»։ Մի քանի օր անց Թրամփը քննադատեց Լեւոն 14-րդին՝ կոչ անելով դադարեցնել ձախ-արմատականներին հաճոյանալը եւ կենտրոնանալ այն բանի վրա, որ լինի մեծ Պապ, ոչ թե քաղաքական գործիչ։ Ու հիշեցրեց, որ Լեւոն 14-րդը չէր լինի Պապ, եթե ինքը Սպիտակ տանը չլիներ։ Նա մեղադրեց Կաթոլիկ եկեղեցու հովվապետին, որ նա նորմալ է համարում այն, որ Իրանը միջուկային զենք ունի ու դատապարտում է Վենեսուելայի վրա ամերիկյան հարձակումը։ Թրամփն ասաց, որ չի ուզում մի այնպիսի Հռոմի պապ, որը քննադատում է ԱՄՆ նախագահին։ Լեւոն 14-րդը պատասխանեց զուսպ՝ հայտարարելով, որ ոմանք Ավետարանն օգտագործում են ոչ իր նշանակությամբ, եւ հայտարարեց, որ այսուհետ ավելի բարձր է խոսելու ընդդեմ պատերազմի, հանուն խաղաղության, երկխոսության եւ պետությունների միջեւ բազմակողմ հարաբերությունների։ Պապը նաեւ ասաց, որ մտադրություն չունի բանավիճելու Թրամփի հետ, սակայն ինչ-որ մեկը պետք է կանգնի ու ասի, որ ավելի լավ լուծում կա, քան այսքան մարդկանց զոհվելը։ Վատիկանը վերջին հարյուրամյակում ցանկացած պատերազմի հավանություն չի տալիս, եւ Լեւոն 14-րդն էլ այդ կուրսի հետեւորդն է։
Սակայն Թրամփի համար ցանկացած քննադատություն ընդունելի չէ։ Նրա համար ամերիկյան ներքին եւ արտաքին քաղաքականությունն ԱՄՆ թշնամիների դեմ մղվող «Սրբազան պատերազմի» բաղադրիչներ են։ Միացյալ Նահանգները կարող է ճնշել Վատիկանին՝ սպառնալով, որ կկրճատի ֆինանսական հատկացումները եւ թույլ չի տա, որ ամերիկացի բարերարները հանգանակություններ կատարեն։ Չնայած այդ բարերարները հիացած չեն Թրամփով։ Ի վերջո, Թրամփը 2029-ի հունվարին, այսպես թե այնպես, հեռանալու է, իսկ Հռոմի հովվապետը շարունակելու է իր առաքելությունն իրականացնել նաեւ ԱՄՆ հաջորդ նախագահի օրոք։