Հասարակություն

«Հրապարակ»․ Եթե 100 ակտից 20-ն է բողոքարկվել, չի նշանակում՝ մնացած 80-ն անթերի են

«Հրապարակ»․ Եթե 100 ակտից 20-ն է բողոքարկվել, չի նշանակում՝ մնացած 80-ն անթերի են

Պարեկային ծառայության ներդրումը Հայաստանում ոստիկանության բարեփոխումների քայլերից հայտարարվեց։ Համակարգը ձեւավորվեց որպես արագ արձագանքող, տեխնիկապես հագեցած եւ կոռուպցիոն ռիսկերից հնարավորինս զերծ ծառայություն, որը պետք է ոչ միայն վերահսկեր, այլեւ՝ օգներ, կանխեր, բացատրեր ու բացահայտեր։ Չեմ ուզում սեւացնել ամեն ինչ` իմ տեսածով ու հասկացածով պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանները կարեւոր դեր են խաղում հասարակական կյանքում։ Կարգազանցությունը նվազել է։ Երեկ ընկերներիցս մեկը բողոքեց, որ փողոցը սխալ տեղով հատելու համար 10 հազար դրամ տուգանք են գրել։ Տհաճ է, բայց թող կարգազանց հետիոտների թիվը նվազի։ Կարգազանց վարորդների թիվն է նվազում։ Գողությունների նվազման մասին պաշտոնական հաղորդագրություններ կան։ Մի խոսքով՝ անզեն աչքով տեսանելի է, որ պարեկային ծառայությունը որոշ չափով կատարում է իր դերը։ Բայց… Հենց այդ «բայց»-ն է ստիպում գրել այս հոդվածը։

Երբ քանակը սկսում է հաղթել որակին

Վերջին ամիսներին շրջանառվում են խոսակցություններ, որ որոշ մարզերում պարեկների գրած ակտերի քանակը դիտվում է որպես նրանց աշխատանքի արդյունավետության չափանիշ։ Պաշտոնապես «պլանի» գոյությունը չեն հաստատում, սակայն հանրային ընկալումն արդեն կա։ Իսկ իրավապահ համակարգում ընկալումը երբեմն ավելի ուժեղ է, քան պաշտոնական պարզաբանումը։ Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մի գրառում էր արել Վանաձորում տեղի ունեցած դեպքի առնչությամբ. ամրագոտի չկապելու համար ակտ էր կազմվել, թեեւ վարորդը փաստացի ամրակապված է եղել։ Ըստ ներկայացվածի՝ պարեկը նույնիսկ ասել է․ «Ես ամրագոտի գրեմ, դու բողոքիր»։ Եթե նման արտահայտություն հնչել է, ապա խնդիրը մեկ ակտը չէ, այլ՝ վերաբերմունքը։ Վանաձորի պարեկային ծառայության աղբյուրներից շրջանառվող տեղեկություններով՝ ամրագոտու խախտման ակտերի դեմ բողոքների թիվը մեծ է։ Եթե պայմանականորեն 100 ակտից բողոքարկվում է միայն 20-ը, ապա 80-ը մնում է ուժի մեջ։ Իսկ եթե այդ 80-ի մեջ կան սխալնե՞ր: Այդ դեպքում մենք արդեն գործ ունենք ոչ թե կարգապահության բարձրացման, այլ քաղաքացիների համբերության հաշվին «արդյունք» գրանցելու հետ։ 

«Ձեռքի հետ՝ նաեւ պարեկ»

Մեր հասարակության մեջ կա մտածելակերպ, որ ամեն հայ մարդ կարող է աշխատել ցանկացած տեղ։ Այսինքն՝ «ձեռքի հետ» ամեն գործ կարելի է անել։ Անեկդոտ էլ կա` հո ծառայողական մեքենայից վայր չի՞ ընկնելու։ Այս մտածելակերպը վտանգավոր է հատկապես այն համակարգերում, որտեղ յուրաքանչյուր ստորագրություն իրավական հետեւանք ունի։ Պատահաբար ծանոթացա վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված մի արձանագրության։ Երեւան-Իջեւան Մ-4 ճանապարհին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի կրտսեր պարեկային ոստիկան Ռաֆիկ Սողոմոնյանն արձանագրություն է կազմել Իջեւան քաղաքի բնակիչ Համլետ Նալբանդյանի նկատմամբ՝ վարորդական վկայականը տանը մոռանալու համար։ Թվում է՝ սովորական դեպք է։ Բայց արձանագրության մեջ նշված է, որ Համլետ Նալբանդյանը բնակվում է… Շիրակի մարզի Իջեւան քաղաքում։ Գրչի մի հարվածով Տավուշը դարձել է Շիրակ։ Սա կարող է մանրուք թվալ, բայց վարչական ակտն իրավական փաստաթուղթ է։ Այն կարող է բողոքարկվել, դառնալ դատական վարույթի առարկա, կրել իրավական հետեւանքներ։ Եթե փաստաթղթում նույնիսկ բնակության վայրն է սխալ գրվել, ապա ի՞նչ վստահությամբ պետք է քաղաքացին ընդունի այդ ակտի իրավաչափ լինելը։ Խնդիրը մեկ պարեկի սխալը չէ։ Խնդիրը վերահսկողության մեխանիզմն է։ Ո՞վ է ստուգում ակտերը։ Կա՞ ներքին վերահսկողություն։ Թե՞ կարեւորն այն է, որ ակտը գրվել է, թիվը լրացվել է, բյուջեն հարստացել է։

Ինչո՞ւ մարդիկ հաճախ չեն բողոքարկում

Ինձ հաճախ ասում են՝ «եթե սխալ է, թող բողոքարկեն»։ Թերեւս ճիշտ են։ Բայց իրականում քաղաքացին հաշվարկ է անում` բողոքարկման գործընթացը ժամանակ է պահանջում, պետք է գրել դիմում, գնալ, սպասել, հետեւել ընթացքին։ Շատերը մտածում են՝ «10 հազար դրամ է, վճարեմ, ժամանակս չվատնեմ»։ Եթե 100 ակտից միայն 20-ն է բողոքարկվում, դա չի նշանակում, որ մնացած 80-ն անթերի է։ Դա կարող է նշանակել, որ պարզապես 80 մարդ հոգնել է պայքարելուց։ Իսկ լուռ բողոքողն ամենավտանգավոր շերտն է։ Այն չի արտահայտվում բարձրաձայն, բայց բողոքը կուտակվում է։ 
Օրենսդրությամբ պարեկային ծառայությունը կանխարգելիչ, կարգավորող օղակ է։ Այն ստեղծվել է, որպեսզի օգնի, բացատրի, կարգավորի։ Բայց եթե քաղաքացին սկսում է պարեկին համարել «տուգանքի գործիք», ապա այդտեղ բարեփոխում չկա։ Պարեկի հեղինակության հիմքում ոչ թե խստությունն է, այլ՝ արդարությունը։ Եթե մարդը վստահ է, որ իրեն կանգնեցրել են անվտանգության համար, նա կընկալի նույնիսկ տուգանքը։ Բայց եթե կասկած կա, որ իրեն կանգնեցրել են «պլան կատարելու» համար, ապա նույնիսկ օրինական ակտը կընկալվի որպես անարդարություն։

Ինչ անել

Խնդիրը լուծելի է, եթե կա կամք։ Անհրաժեշտ են իրավական պատրաստվածության պարբերական վերապատրաստումներ, վարչական ակտերի ներքին որակի վերահսկողություն, բողոքարկման պարզեցված եւ արագ ընթացակարգ, հրապարակային վիճակագրություն՝ քանի ակտ է կազմվել, քանիսն է բողոքարկվել, քանիսն է բեկանվել, եւ ամենակարեւորը՝ բացատրել, մինչեւ տուգանելը։ Քաղաքացին պետք է զգա, որ ինքը գործընկեր է, ոչ թե վիճակագրական միավոր ու «տուգանքի մատերիալ»։ Ես չեմ գրում այս հոդվածը՝ պարեկային ծառայությունը վարկաբեկելու համար։ Գրում եմ, որովհետեւ ուզում եմ, որ այն հաջողի։ Այն ընթացքի մեջ գտնվող բարեփոխում է, բայց եթե չնկատենք բացերը, չխոսենք սխալների մասին, չարձագանքենք վստահության «ճեղքերը», ապա ամենալավ գաղափարն էլ կարող է խաթարվել։ Բարեփոխումը նոր մեքենաներով, նոր համազգեստով  չի ավարտվում։ Այն սկսվում է վստահությունից։ Իսկ վստահությունը կառուցվում է ճշգրտությամբ, արդարությամբ եւ հարգանքով։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image