Քաղաքականություն

Ոչ, նման բան չկա. ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ Բաքու մեկնելու մասին

Ոչ, նման բան չկա. ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ Բաքու մեկնելու մասին

Այսօր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամի իր ալիքում գրել էր, որ Մոսկվայում ԱԱԾ տնօրենն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից և ադրբեջանական կողմի հետ՝ նիկոլական իշխանության մի շարք այլ կասկածելի շփումներից հետո, հունվարի 11-ին նախապատրաստվող Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ, Արմեն Աբազյանին, խիստ գաղտնիության մթնոլորտում, ուղարկում են Բաքու: «Նրա առջև խնդիր է դրված՝ ձևակերպել և գրավոր արձանագրել բոլոր այն խայտառակ զիջումներն ու կորուստները, որոնք արդեն արվել են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, ինչպես նաև պարտավորություններ ստանձնել հաջորդների վերաբերյալ»,-գրել էր Մինասյանը:

Լուրը առավոտից շրջանառվում է համացանցում, իսկ ԱԱԾ-ից որևէ արձագանք չկա: Մենք կապ հաստատեցինք ԱԱԾ մամուլի պատասխանատու Արթուր Գևորգյանի հետ, որ նրանից որևէ մեկնաբանություն ստանանք այս թեմայով, սակայն նա մեզ խորհուրդ տվեղ կապ հաստատել ԱԱԾ մամուլի կենտրոնի հետ: Զանգեցինք նաև ԱԱԾ կայքում նշված մամուլի կենտրոնի հեռախոսահամարով, որը մեզ առաջարկում էր Արթուր Գևորգյանը: Սակայն մեր զանգերին պատասխանող չեղավ: Ի վերջո, քանի որ ԱԱԾ մամուլի պատասխանատուներից հնարավոր չեղավ որևէ մեկնաբանություն ստանալ, ստիպված զանգահարեցինք ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ: Վերջինս, ի զարմանս մեզ, պատասխանեց զանգին և տվեց մեկնանաբություն` արդյոք ճի՞շտ են լուրերը, որ ինքը մեկնելու է Բաքու:

-Պարոն Աբազյան, առավոտից լուրեր են շրջում, որ Դուք մեկնելու եք Բաքու: ԱԱԾ-ից չեն մեկնաբանում, Դուք ի՞նչ կարող եք ասել:

-Ոչ, ոչ, նման բան չկա:

-Այսինքն` Բաքու չե՞ք մեկնելու:

-Ոչ, ոչ:

-Դուք Մոսկվա էլ էիք մեկնել, այնտեղ ի՞նչ արդյունք տվեցին Ձեր հանդիպումները:

-Հա, Մոսկվա համատեղ եռակողմ հանդիպում ենք ունեցել, որի հետ կապված հետագա համագործակցություն պետք է լինի: Բայց որևԷ կոնկրետ պայմանավորվածություն չունենք:

-Այսինքն` միանշանակ հերքում եք, որ Բաքվում Ձեր պաշտոնակցի հետ հանդիպում չե՞ք ունենալու:

-Միանշանակ:

Այլ հարցերի պարոն Աբազյանը չպատասխանեց:

Հ.Գ. Նկատենք, որ երեկ երեկոյան ժամը 9-ի կողմերը Երևան-Սևան մայրուղում Երևանից դուրս ուղղությամբ ընթանալիս նկատեցինք ԱԱԾ տնօրենին սպասարկող ավտոմեքենաները. առկայծող փարոսիկները միացրած` մեծ արագությամբ սլացան մեր կողքով: Թե ուր էր մեկնում ԱԱԾ տնօրենը, կարելի է միայն կռահել: Հավանաբար Ծաղկաձոր, որտեղ այդ պահին գտնվում էր Նիկոլ Փաշինյանը. ականատեսները երեկ երեկոյան լուսանկար էին տեղադրել Ծաղկաձորի «Յասաման» ռեստորանի մոտից՝ հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է այդտեղ, իսկ նրա անվտանգության աշխատակիցները փակել էին ամբողջ փողոցը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image