Հուլիսի 2–ին, Հայաստան ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խորհուրդ է տվել Փաշինյանին , թե ինչպես խուսափել էներգետիկ ճգնաժամից՝ եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումները կամ բարձրացնի դրա գինը։ Նա ընդգծել է՝ Եվրոպան այդ ոլորտում մեծ փորձ ունի։ Հայաստանը պետք է հետևի Ուկրաինայի օրինակին։ Այստեղ հարցը տեխնիկականից վերածվում է քաղաքականի ու մարդկայինի։ Ուկրաինան դարձել է դիմադրության խորհրդանիշ, բայց պատերազմի, ավերման, էներգետիկ կոլապսի և երկարատև ցավի իրական պատկեր։ Դա ոչ թե մեկնաբանություն է, այլ փաստ։ Եվ հենց այդ փաստի կողքին է հնչում առաջարկը՝ հետևել Ուկրաինային։
Բայց այստեղ մի պարզ հարց կա․ եթե այդ ճանապարհը տեսանելի է որպես եվրոպական մեծ փորձ, ապա նույնքան տեսանելի չէ՞ դրա գինը, դառը հետևանքները։ Տեսանելի՞ չէ Ուկրաինա դառնալուց խուսափելու ճանապարհը։ Եթե հնարավոր է քայլեր անել, որպեսզի երկիրը չհայտնվի Ուկրաինայի վիճակում, ինչու՞ այդ այլընտրանքը չի դառնում առաջնային խոսակցության թեմա։ Դա Եվրոպայի շահերո՞վ չի։ Կամ ո՞ւմ անունից է որոշվում, որ «օրինակ» ասվածը պարտադիր պետք է լինի դիմակայության ամենածանր տարբերակը, այլ ոչ թե դրանից խուսափելու տարբերակը։ Հայաստանը փոքր պետություն է՝ բարդ անվտանգային միջավայրում։ Հենց այդ պատճառով էլ հարցը դառնում է ավելի կոշտ․ փոքր պետության համար ռազմավարությունը պետք է լինի ոչ միայն դիմանալը, այլ ՝ չհասնել այն կետին, որտեղ դիմանալը դառնում է միակ տարբերակը։
Պատկերացրեք իրավիճակ, երբ մարդը կանգնած է վտանգավոր կրակի եզրին, և նրան առաջարկում են ոչ թե հեռանալ կրակից, այլ սովորել՝ ինչպես ավելի լավ դիմանալ այրմանը։ Այդտեղ արդեն խնդիրը «ինչպես»-ը չէ, այլ՝ «ինչու հայտնվել կրակի մեջ» հարցը։
Եվ վերջում մնում է ամենապարզ, բայց ամենաբարդ հարցը․ եթե հնարավոր է քայլ անել, որ Հայաստանը չընկնի Ուկրաինայի վիճակի մեջ, ապա ինչու այդ քայլը չի դառնում քաղաքականության առանցք։ Իրական ընտրությունը ոչ թե տարբեր ճանապարհների մեջ է, այլ՝ ժամանակին ճիշտ քայլ անել-չանելու մեջ։ Հայաստանը ճիշտ ժամանակ չի ընտրել։ Նա շարժվում է այլ երկրների ժամացույցով, որը մեր երկրի պետության հետ համահունչ չէ։