Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Խաբարովսկի 1971 թվականին ծնված բնակչի, որին կասկածում են պետական դավաճանության մեջ։ Հատուկ ծառայության տվյալներով՝ տղամարդը համագործակցել է Նոր Զելանդիայի անվտանգության և հետախուզության ծառայության հետ։
Ինչպես հայտնել են ԱԱԾ-ում, ձերբակալվածը սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել Նոր Զելանդիայի հետախուզության ներկայացուցիչների հետ, իսկ Նոր Զելանդիան Five Eyes («Հինգ աչք») հետախուզական դաշինքի մաս է կազմում։ Դաշինքի մյուս անդամներն են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան։
Քննության տվյալներով՝ տղամարդը, գործելով օտարերկրյա հատուկ ծառայության առաջադրանքով և օգտագործելով արտասահմանյան փոստային ծառայություններ ու մեսենջերներ, գումարի դիմաց փոխանցել է տեղեկություններ, որոնք կարող էին օգտագործվել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ։
Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով։ Դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը։