Հասարակություն

«Հրապարակ». Ղազախստանի Продкорпорация-ն ասում է․ «Գնորդը նախընտրել է 4-րդ կարգի ցորեն»

«Հրապարակ». Ղազախստանի Продкорпорация-ն ասում է․ «Գնորդը նախընտրել է 4-րդ կարգի ցորեն»

Ղազախական ցորենի մասին շարքի այս վերջին հոդվածը կարող էր գրվել նաեւ անցյալ շաբաթ, քանի որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից իմ գրությանը, որով խնդրել էի պատասխանել «Ղազախական ցորենի առաքման ակունքում կանգնած է Իլհամ Ալիե՞ւը» հոդվածի հրապարակային հարցադրումներին, դեռ անցյալ շաբաթ պատասխանել էին (գրությունն էլ,  պատասխանն էլ կայքում հրապարակում ենք)։ Ուղարկել էին մեկ-երկու լուրի հղում՝ նախկինում տարածված։ Նորությունը մի տեսանյութ էր, որտեղ, ենթադրաբար, ՍԱՏՄ-ի ղեկավարը հայտարարում է, թե Ղազախստանից ուղարկված 4-րդ կարգի, կերարտադրության համար նախատեսված ցորենը պարենային մթերք է։ Այդ տեսանյութն էլ մնացյալ հիմքերի հետ կներկայացնենք դատախազություն։ Սակայն անցյալ շաբաթ ՔՊ-ից տարածված՝ եպիսկոպոսների ստորագրությամբ տեքստերը եւ ուղեկցող բեմականացումներն այնպես զբաղեցրին լրատվադաշտը, որ ճիշտ էր սպասել, մինչեւ հերթական տեղեկատվական փոթորիկը մարի։ 

Ինչու 4-րդ կարգի ցորենը կարող էր դառնալ ֆուրաժ, բայց ոչ 3-րդ կարգ

Այն բանից հետո, երբ Ղազախստանից հայտարարեցին, թե Հայաստան են ուղարկել 4-րդ կարգի ցորեն, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն էլ հարկադրված եղավ խոստովանել, որ, այո, Հայաստան է ներմուծվել անասնակեր, մի քանի օր անց իբրեւ թե փորձաքննություն անցկացրած Սննդամթերքի անվտանգության ՊԾ-ն (պետական ծառայությունը), որ հիմա կոչվում է ՏՄ (տեսչական մարմին), հայտարարեց, թե Ղազախստանից ուղարկված 4-րդ կարգի ցորենը Հայաստանում լաբորատոր փորձաքննության ենթարկելիս դարձել է 3-րդ կարգ։ Սա անմեղսունակ հայտարարություն էր, եթե ոչ՝ կեղծարարության առերեւույթ հանցագործություն։ 

Ինչո՞ւ. որովհետեւ գոյություն ունեն բնության եւ կենսաբանության օրենքներ։ Մեջբերում եմ  Société Générale de Surveillance (SGS)-ի ղազախստանյան կառույցի (SGS Kazakhstan LTD) լաբորատորիայի ղեկավար՝ կենսաբանական գիտությունների դոկտոր Օ. Վ. Ֆուրսովի մեկնաբանությունը, թե ինչ աստիճան է վատթարանում ցածրակարգ ցորենի որակը շաբաթներ տեւող տրանսպորտային փոխադրման արդյունքում, այն էլ՝ տաք եղանակին․

«Բարձր ալֆա-ամիլազային ակտիվությամբ հացահատիկի (անկման թիվը 200 վրկ-ից ցածր) տեղափոխման ընթացքում միշտ արձանագրվում է որակի վատթարացում։ Այդ ցուցանիշը դինամիկ բնույթ ունի։ Անգամ երբ տեղափոխվող հացահատիկի մեջ չկան ծլման տեսանելի նշաններ, ընդամենը հասկի մեջ խթանված է ալֆա-ամիլազի սինթեզումը, միեւնույն է, տեղափոխումը, մանավանդ՝ տաք եղանակին, հանգեցնում է սինթեզի պրոցեսի հետագա ծավալման, նույնիսկ երբ հացահատիկի խոնավությունը միայն 14% է։ Համապատասխանաբար, մինչեւ հացահատիկը տեղ է հասնում, անկման թիվն էլ ավելի է նվազում։ Միայն հացահատիկի մեծածավալ չորացումը (մինչեւ 12%-13%) կարող է թույլ տալ խուսափել տեղափոխման այդ բացասական ազդեցությունից»։

Այնպես որ, հոկտեմբեր-նոյեմբերին, 15-16 C ջերմաստիճանի պայմաններում շաբաթներ շարունակ փոխադրման ճանապարհին գտնված, հասկի մեջ ծլարձակած, հետեւաբար միկո եւ ալֆա տոքսիններով վարակի ենթակա ցորենը կենսաբանության օրենքներով կարող էր լիովին որակազրկվել եւ դառնալ ֆուրաժ, բայց երբեք չէր կարող որակի բարելավում արձանագրել եւ դառնալ 3-րդ կարգ։ Իսկ որպեսզի հասկացվի, թե ներմուծված 4-րդ կարգի ցորենն ինչ որակական հատկանիշներ ունի, որքանով է վտանգավոր կամ անվտանգ, ինչ հետեւանքներ կարող է առաջացնել, եթե հայտնվի մարդկային սննդի կամ կենդանական կերի մեջ, հարկավոր է իմանալ այն տվյալները, որ միջազգային ստանդարտի փորձաքննությունը կտար։ 

Առաջին եւ կարեւորագույն տվյալը՝ որքան է եղել ծլած ցորենի պարունակությունը ներմուծված ղազախական ցորենի խմբաքանակում։ Նախորդ հոդվածներում գրել ենք՝ ալրաղաց գնացող ցորենի քանակում ծլած ցորենի թույլատրելի սահմանային չափը 3%-ն է։ Մինչդեռ Ղազախստանում աճած ցորենը երաշտ-հորդառատ անձրեւներ հերթագայության արդյունքում միջինը 15-16% ծլած ցորենի պարունակություն է ունենում։ Լինում են դեպքեր՝ ծլած ցորենի ցուցանիշը հասնում է 85%-ի։ Որքա՞ն է Հայաստան եկած ղազախական ցորենի քանակությունում ծլած ցորենի պարունակությունը՝ ՍԱՏՄ-ից չեն պատասխանել, ինչը սպառիչ կերպով խոսուն փաստ է։ 

Երկրորդը․ հարցրել էինք՝ ի՞նչ ստանդարտի համապատասխանող լաբորատորիայում, սարքավորումներով եւ մասնագետների կողմից է իրենց փորձաքննությունը կատարվել՝ դիցուք, ISO 17025, ISO 9001, թե՞մեկ այլ, Ղազախստանից ներմուծված ցորենը ո՞ր մեթոդով են փորձաքննության ենթարկել՝ ELISA (Enzyme-Linked Immnumosorbent Assay), LC-MS/MS, թե՞ այլ։ Դարձյալ քար լռություն։ Դեռ հարց է՝ իրենք միջազգային ստանդարտներին որքանով են ծանոթ կամ նման փորձաքննություն ի զորո՞ւ են անցկացնել։  

Վերջինը՝ ՍԱՊԾ (ՏՄ)-ին կոչ էինք արել հրապարակել փորձաքննության կոնկրետ պարամետրեր՝ aflatoxin B1, deoxynivalenol (DON), fumonisin, ochratoxin, zearalenone (ZEN), trichothecene (T-2 toxin) տոքսինների պարունակությունը ցորենի նմուշառված խմբաքանակում։ Դարձյալ քար լռություն, որեւէ պատասխան չի տրվել։ Գուցե ոչ բոլոր, բայց մի երկու տոքսինի պարունակություն իրենք կարողանային ստուգել եւ եթե դրանց արդյունքներն էլ չեն հրապարակում, յուրաքանչյուրը կարող է պատկերացնել, թե որքան աննպաստ տվյալներ են ստացել։ 

Արդյունքում, ՍԱՏՄ-ն ներ­մուծ­ված ղազախական ցորենի լոբորատոր փորձաքննության ամեն թվային տվյալ փակի տակ պահած (եթե, իհարկե, առհասարակ պատշաճ փորձաքննություն անցկացրել են եւ տվյալների տիրապետում են), երեւի «ազնիվ խոսքով» են հավակնում հավատացնել, թե ներմուծված ցորենն անվտանգ է։ Հաստատ, հավատացող գտնվեց։ 

Ղազախստանը կմատակարարի 3-րդ, 4-րդ կարգերի եւ ֆուրաժային ցորեն   

Սակայն մինչ Հայաստանի իշխանությունները ղազախական ցորենի առնչությամբ իրենց հորինած ստերի սարդոստայնում այնպես են խճճվել, որ անմեղսունակության սահմանը հատած՝ չեն գիտակցում, թե ինչ են խոսում, Աստանայից ցորենի մատակարար Продкорпорация-ն նոր սկանդալային բացահայտումներ արեց․«Հայկական շուկա հացահատիկի առաջին մատակարարման համար Продкорпорация-ն առաջարկել է տարբեր որակի ցորեն, այդ թվում՝ բարձր սպիտակուցային hi-pro՝ 27-28% գլյուտենի պարունակությամբ, սակայն հաճախորդը նախընտրել է 4-րդ կարգի ցորենը»։

Այնուհետ մեջբերում են ոմն Արտակ Շատվորյանի, որպես 2025-ի հոկտեմբերին Продкорпорация-ի հետ պայմանագիր կնքած եւ Հայաստան ղազախական ցորեն ներմուծած «Բաղրամյան» ՍՊԸ-ի ղեկավարի, որը դիֆերամբներ է երգում ներմուծված 4-րդ կարգի ցորենի մասին․ «Սկզբում մենք հացահատիկը գնել էինք կերարտադրության նպատակով, սակայն լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց տվեցին ղազախական 4-րդ կարգի ցորենի բարձր որակը։ Հացահատիկի ներմուծված խմբաքանակի գրեթե բոլոր ցուցանիշները՝ ծավալային քաշը, սպիտակուցը, անկման թիվը, զգալիորեն գերազանցում են պայմանագրային պահանջները, եւ ցորենը նաեւ պիտանի է ալյուրի արտադրության համար․․․»։

Այժմ  «Բաղրամյան» ՍՊԸ-ի, այլ կերպ ասած՝ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում գտնվող Բաղրամյանի ալրաղացի տնօրենն այլ անձ է՝ Վլադիմիր Գասպարյան։ Արտակ Շատվորյան անուն-ազգանվամբ անձի «Բաղրամյան» ՍՊԸ-ում չեն ճանաչում։ Ես խոսել եմ երեք տարբեր անձանց հետ, նրանցից ոչ ոք Արտակ Շատվորյան չմտաբերեց։ Դատելով ՀՀ ընտրողների ռեգիստրից՝ Հայաստանում միայն մեկ անձ կա՝ նման անուն-ազգանվամբ, Երեւանում։ Արդյո՞ք այդ անձն իսկապես բանակցել է ղազախական Продкорпорация-ի հետ՝ ցորեն ներմուծելու շուրջ, եւ ի՞նչ լիազորությամբ է դա արել, ինչո՞ւ է որոշել կերարտադրության ցորեն ներմուծել, ինչո՞ւ են ՀՀ իշխանություններն իրականությունը կեղծել, ի սկզբանե անասնակերը որպես սննդային ցորեն ներկայացրել, եւ միայն մամուլի հետաքննության ու Продкорпорация-ի խոստովանությունների շնորհիվ է բացահայտվել իրականությունը՝ թող դատախազությունում պարզեն։  

Իսկ դատախազությունն արժե, որ խնդրով զբաղվի եւ հանգամանքները պարզի նաեւ հանուն ապագայի, քանի որ, ինչպես Աստանայից են հայտնել․ «Հարկ է նշել, որ չնայած 4-րդ կարգի ցորեն մատակարարելու համաձայնագրին, Продкорпорация-ն հայ գործընկերներին մատակարարել է բարելավված բնութագրիչներով հացահատիկ։ Այսպես․ ցորենի որակը եւ հացաթխման պիտանելիությունը բնութագրող անկման թիվը կազմել է 235-334 վայրկյան, ծավալային քաշը (натура, test weight)՝ 775 գր/լ, սպիտակուցի պարունակությունը՝ 12.8%, սնձանը՝ 20%, ինչը վկայում է հացահատիկի լավ որակի եւ այն հացաթխման նպատակներով օգտագործելու հնարավորության մասին։ Բացի այդ, Продкорпорация-ն հնարավորություն ունի մատակարարել տարբեր որակի հացահատիկ, այդ թվում՝ 3-րդ եւ 4-րդ կարգերի կոշտ եւ փափուկ ցորեն, ինչպես նաեւ՝ ցածրակարգ հացահատիկ՝ կախված հաճախորդի կարիքներից»։

Այսինքն, Ղազախստանից խոստովանում են, որ կերարտադրության համար նախատեսված 4-րդ կարգի ցորենի բնութագրիչներն արհեստականորեն բարելավվել են (քիմիական հավելումներից բացի, դրանց բարելավման այլ միջոց կա՞) եւ ուղարկվել Հայաստան։ Հայաստանում էլ, ինչպես տեսանք, արհեստականորեն փոփոխված ցուցանիշները չեն տարբերել եւ հայտարարել են, թե ներմուծված անասնակերն այնպիսի բարձր որակ ունի, որ կարող է սննդարդյունաբերության մեջ օգտագործվել։ Եվ այսպիսի ցորեն Ղազախստանից դեռ գալու է՝ 3-րդ կարգի, 4-րդ կարգի եւ ֆուրաժ։ Այստեղ ոչինչ չի մնում անել, քան հանրային առողջությանը սպառնացող հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն։ Առաջիկա օրերին կներկայացնենք եւ հաղորդման տեքստն էլ կհրապարակենք։ 

 Հետգրություն

Ես սովորություն չունեմ սոցցանցային գրառումներ կարդալու, առավել եւս՝ անդրադառնալու։ Բայց ասացին, որ ՍԱՏՄ մի աշխատակից իմ գրության վերաբերյալ գրառում է արել, ուշադրությունս գրավեց անուն-ազգանունը՝ Անուշ Հարությունյան։ Դա ինձ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ կապված ինչ-որ բան հիշեցրեց։ Հավելյալ ճշտեցի՝ չէի սխալվել։ Անուշ Հարությունյանն անձ է, որը ներգրավվածություն է ունեցել 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մեջ․ նա է եղել հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի համար անցագիր իջեցնողը։ Ապշել կարելի է, թե պետության դեմ երբեւէ գործված մեծագույն հանցագործության նման դերակատարն ինչպես է պետական համակարգում աշխատում առհասարակ եւ դեռ պետական մարմինների հետ շփվելու թեմայով դասեր տալիս։  Զուր չէ ասված ՝ O tempo, o mores (Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր)... Մնում է,  որ  Նաիրի Հունանյանը պետության թեմատիկայով դասախոսի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image